«Վարպետության դաս» ԱԺ-ում՝ «Ինչպես ծաղրել ժողովրդին» թեմայով

891f0bb5c76db954098dccdd0854febd

Այն, որ հայի հետ «Դուք»-ով խոսելու փոխարեն նրան բացահայտ ծաղրում են ու ծաղրում են հենց հայրենի իշխանավորները, մեզանում, կարծես, սովորական երևույթ է դարձել: Նրանց ցինիկությունը ծնվելիս միանգամից բազմապատկվում է, տարածվում, սփռվում ու սպրդում է այնպիսի արագությամբ, որ մինչև հասարակությունը հասցնում է վերլուծել ու զայրանալ, ցինիկության նոր «չափաբաժին» է շրջանառության մեջ դրվում:

Գնաճի վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովում անցկացված լսումները եկան ապացուցելու, որ մեր կյանքի վերաբերյալ որոշումներ ընդունողներն ու դրանք կյանքի կոչողները լավ յուրացրել են Ջորջ Օրուելի հայտնի վեպի հայտնի արտահայտությունները՝ «Պատերազմը խաղաղությունն է», «Ազատությունը ստրկությունն է», «Տգիտությունն ուժ է»:

Մեր իշխանավորները, օգտագործելով իրենց մտավոր կարողություններին հասանելի բառամթերքը, ճկվում, տքնում ու տանջվում էին ապացուցելու, որ սպառողական ապրանքների գների աճն ամենևին էլ վատ երևույթ չէ, նպաստավոր է տնտեսության զարգացման համար, կարագն էլ թանկացել է, որովհետև մարդկությունը հիմա նոր է հասկացել դրա օգտակարությունը: Մի խոսքով, Օրուելի հակաուտոպիստական վեպի ոճով մեզ բացատրվեց, որ գների բարձրացումը բարիք է, և բարիքը հենց գնաճն է:

Ստախոսությունը՝ քաղաքական թրենդ

ԱԺ-ում անցկացված լսումների ընթացքում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշեց. «Մի քանի հեղինակավոր ինստիտուտների նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կարագն օգտակար է, ձեթի օգտագործումը կանցերոգեն ինչ-որ բնույթ է կրում: Դրա հաշվին ավելացավ կարագի սպառումը»:

Փաստորեն, դուրս է գալիս, որ աշխարհում մինչև 2017 թվականն անգրագիտություն էր տիրում, չգիտեին, որ կարագն օգտակար սննդամթերք է, ու հենց իմացան դրա մասին, գները «թռան վերև»:

Ստացվում է՝ եթե առաջիկայում, ինչպես կանխատեսվում է, կարագի գները Հայաստանում նվազեն, այն վնասակար ապրանք է համարվելո՞ւ համաշխարհային հայտնի կազմակերպությունների կողմից՝ դառնալով սպառողական «պերսոնա նոն գրատա»:

Նախ, դեռևս 2017 թվականի աշնանը մեզանում շրջանառության մեջ դրվեց կարագի թանկացման այլ վարկած, թե աշխարհում պակասել է կաթի արտադրությունը, թանկացել է անասնակերը, ուստի համաշխարհային շուկայում այդ ապրանքի դեֆիցիտ կա:

Հաջորդը. կարծես, ականջալուր լինելով Հայաստանում անցկացվող լսումներին, չեխական կայքերից մեկը հրապարակեց տեղեկատվություն այն մասին, որ Չեխիայում կարագի քառորդ կիլոգրամը 2017 թվականի հոկտեմբերից էժանացել է 10 կրոնով՝ դառնալով 60 կրոն: Իսկ 2018 թվականի հունվարից այն կազմել է 50.8 կրոն:

Փաստորեն, ճիշտ այն ժամանակ, երբ մեզ մոտ նշված ապրանքատեսակի գինը հասավ իր բարձրակետին, այն իրականում սկսել էր նվազել: Իսկ մեզ շարունակում էին «կերակրել» համաշխարհային գնաճային բացասական թրենդով:

ԿԲ նախագահի ելույթը, կարծես, ձեթի՝ որպես ապրանքատեսակի, թաքնված հակագովազդ էր բովանդակում: Ստացվում է՝ տևական ժամանակ մեզ մտածված կերպով «թունավորել են»՝ առաջարկելով կարագի փոխարեն ձեթ սպառել: Իսկ ձեթի ցածր գինը որպես առավելություն ներկայացնող, դրա մասին հպարտորեն խոսող պաշտոնյաներն էլ ուրախանում են տվյալ ապրանքի ցածր գնով: Ի դեպ, կանցերոգեն բառը լատիներենից թարգմանաբար նշանակում է՝ cancer -քաղցկեղածին:

Ստացվում է նաև, որ ԱԺ պատգամավորներից մեկը, ով հեղեղել է շուկան ներկրվող և տեղում արտադրվող ձեթով, զբաղված է ազգին «թունավորելով»:

Պետական մակարդակի ծա՞ղր

Արդարացնելու համար տնտեսությունը կառավարելու անկարողությունը, բարձիթողի վիճակը և պատասխանատուների անպատասխանատու աշխատանքը՝ չինովնիկները դիմում են ստախոսության: Հիտլերին պատկանող՝ «Ստիր ուժգին, և քո այդ ստից ինչ-որ բան կմնա» արտահայտությունը ժամանակին կիրառվել է քարոզչական նպատակներով: Տպավորություն է ստեղծվում, որ մեզանում ստի կուլտիվացիայի՝ արմատավորման հատուկ ձեռնարկություն է ստեղծվել, որի նպատակը ծաղրի «արտադրությունն է»:

Օրինակ, օրերս պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե «որքա՞ն ժամանակ է պետք կառավարությանը գնաճի պատճառները հասկանալու համար, և մինչև կառավարությունը վերլուծություններ անի, սոցիալապես անապահով խավը սովից չի՞ մահանա», ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը մի աշխարհացունց պատասխան էր տվել՝ ասելով. «Էդ դեպքում ես ձեզ ուզում եմ հիշեցնել 2010-2011 թվականները, երբ մենք ունեցանք 7%-ից բարձր գնաճ: Եվ ի՞նչ տեղի ունեցավ այն ժամանակ, ասենք, մահացա՞ն»:

Փաստորեն, ազգը վերածվել է փորձարարական դաշտի: Եթե մեկ անգամ դիմակայել-դիմագրավել է տնտեսական ցնցմանը, ապա իմունիտե՞տ է ձեռք բերել նմանօրինակ երևույթների նկատմամբ:

Անկեղծ ասած, ազգն ամեն ինչին դիմակայելու ունակություն ձեռք բերել է, բայց կառավարությունը, ամենայն հավանականությամբ, ձեռք չի բերել աշխատանքային հմտություններ, արհեստավարժություն, մասնագիտական որակներ՝ կանխատեսելու տնտեսական վտանգները, տարիների ընթացքում չի կարողացել մշակել տնտեսական ֆորսմաժորային իրավիճակները հաղթահարելու ծրագրեր: Ինչպես միշտ, կառավարությունն իր հույսը դրել է ազգի կենսաբանական դիմացկունության, դժվար իրավիճակներից ելքեր որոնելու «հայկական» ունակության վրա:

Իսկ կառավարությունը դեռ պետք է վերլուծի, հասկանա, հավասարակշռի, հանձնաժողովներ կազմի, լսումներ անի, իսկ դու, ազգ իմ փառապանծ, դիմացիր, համբերիր, գոյատևելու աճպարարական, կրեատիվ լուծումներ, քարից հաց, կարագ, պանիր քամելու ձևեր գտիր, որովհետև «ծաղրողների» չինովնիկական նոր դաս ես ծնել:

Չգիտեմ, թե մեր փիլիսոփայական անտարբերությունն ու անշարժությունն էլ ինչ նոր դասեր կստեղծի:

Լիլիթ Աղեկյան

Դիտվել է՝