Բաց նամակ Սերժ Սարգսյանին

Serj

ՀՀ, ք. Գյումրի, Խրիմյան Հայրիկ 40, բն 22

բնակիչ Լիլիթ Աղեկյանից

2017 թվականի հոկտեմբերի 7-ին բաց նամակով դիմել էի ՀՀ Ոստիկանության պետին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահին և ՀՀ դատախազին՝ հայրիկիս գերեզմանի պարսպի դիտավորյալ վնասման փաստի առթիվ հարուցված քրեական գործի առնչությամբ: Նշել էի, որ 49 օրվա ընթացքում հարուցված և կասեցված քրեական գործի քննությունը չի ընթացել լիարժեք, օբյեկտիվ և համակողմանի: Նամակից հետո անցել է ավելի քան 3 ամիս, և ես՝ որպես տուժող, տեղեկացված չեմ գործի հետագա ընթացքից, ձեռնարկված միջոցառումներից և հանցագործին/ներին գտնելուն ուղղված աշխատանքներից:

Ինձ անհայտ է, թե ինչու նշյալ քրեական գործը կասեցվեց 49-օրյա ժամկետում՝ հապշտապ, առանց պատշաճ քննության: Փաստացի, ոչ նախաքննական, ոչ հետաքննական մարմինները, ոչ էլ դատախազությունը գործնական միջոցառումներ չեն ձեռնարկում: Այդ մարմինները մատնված են վճարվող անգործության:

Պարոն Սարգսյան.

Ինձ համար անհասկանալի և անբացատրելի է, երբ ոստիկանը, որին հանձնարարված է գործի վարույթը, արդարանում էր. «Դե, գերեզմանոցներում կամերա չկա, որ կարողանանք բռնել»: Այսինքն, ստացվում է՝ իրավապահ համակարգում աշխատում են մարդիկ, որոնք գաղափար չունեն օպերատիվ-հետախուզական աշխատանքից, արհեստավարժ չեն և մտածում են, որ մարդիկ տհաս են: Գործի ընթացքի վերաբերյալ իմ հետևողական, պարբերական հարցումներին ի պատասխան այդ նույն ոստիկանն ինձ ասում էր. «Պետիս (նկատի ունի՝ իր անմիջական ղեկավարին) հարցրեք»: Դե, պետն էլ հատուկ մշակված, տրաֆարետային պատասխաններ էր տալիս:

Գործը վարող քննիչն էլ, իր հերթին, ինձ ասում էր. «Բա էլ ի՞նչ անենք, էլ ո՞ւմ հարցաքննենք, դու ասա»: 49 օրվա ընթացքում նա հարցաքննել է միայն 2 անձի, նրանց, ում վերաբերյալ ես իմ ենթադրությունն էի հայտնել՝ գումարած գերեզմանատան վարիչին և ինձ: Զարմանալի է՝ ինչո՞ւ էր քննիչն այդքան մեղմորեն քողարկում իմ կողմից կասկածելի համարված անձանց: Եթե քննիչն իմ հարցին, թե՝ «տեղյա՞կ եք, օրինակ, գերեզմանոցներում ինչո՞ւ են թալանվում նաև պսակների փայտե հիմքերը, հակադարձում է. «Մի աղքատ էլ թող տանի վաճառի»,-ապա պարզ է դառնում, թե ինչ որակի իրավաբանի հետ գործ ունենք:

Գործը քննող դատախազն էլ իր հերթին լղոզված, օրենքի կոնկրետ հոդվածը սերտած պատասխան է տալիս՝ չկարողանալով հիմնավորել՝ ինչո՞ւ իմ բողոքից հետո չվերացվեց գործի կասեցումը և ինչո՞ւ պատշաճորեն չի քննվում այն:

Գործի ընթացքի վերաբերյալ ինձ հասանելի տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ իմ հարցմանը ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետը պատասխանել է, որ միջոցառումները «կրում են օպերատիվ բնույթ և հրապարակման ենթակա չեն»: Ստանդարտ, տրաֆարետային հերթական մի պատասխան, որը ենթադրել է տալիս, որ նշված գործի շրջանակներում, իրականում, ոչ մի աշխատանք, ոչ մի միջոցառում չի իրականացվել և չի իրականացվում: Այս պատասխանով փորձ է արվում փակել իմ բերանը և գործը:

Շիրակի մարզի դատախազն էլ, չգիտես ինչու, գտել է, որ ինձ՝ տուժողիս է պետք անընդհատ հարցաքննել, այն դեպքում, երբ իմ ասելիքը ներկայացրել եմ մի քանի անգամ: Թերևս, դժվարությամբ են հասկանում, որ ես եմ տուժողը:

Ոստիկանության մարզային վարչության պետի և մարզի դատախազի՝ ամիսների տարբերությամբ, նույնաբովանդակ երկու պատասխանները կներկայացնեմ սույն նամակին կից:

Պարոն Սարգսյան, երբ Դուք անցյալ տարի հանդիպեցիք ՀՀ դատախազության, քննչական կոմիտեի և ոստիկանության աշխատակիցների հետ, ասացիք, որ այդ կառույցները պետք է աշխատեն համագործակցված, նպաստեն արդարության հաստատմանը, նշեցիք այն միջոցառումները և ուղենիշները, որոնք պետք է նպաստեն հանցագործությունների բացահայտմանը: Սակայն, ակնհայտ է, որ ուսադիրների փայլող աստղերի դահլիճը գործնականում չի փորձում դա իրականացնել: Ես իմ մաշկի վրա եմ զգում, թող ներվի ասելու, «իրար բերան թքած» այդ կառույցների անգործությունը: Նրանցից ոչ մեկը չի ձգտում բացահայտել նշված քրեական գործը՝ հանդես բերելով նախանձելի, ես կասեի՝ հանցավոր համերաշխություն:

Հիշու՞մ եք տարեց այն հայ մարդուն, որը, դրսում հանդիպելով Ձեզ, դժգոհեց դատարաններից: Դուք պատասխանեցիք. «Սահմանադրությունը կփոխենք, լավ կլինի»: Այդ պապիկը հակադարձեց Ձեզ. «Ձեզ փոխեք»: Վստահաբար կարելի է ասել, որ նա միայն Ձեզ նկատի չուներ, այլ իրավական համակարգը ևս, որը, Ձեր բառով ասած, չարիք է դարձել: Փաստորեն, սահմանադրությունն էլ փոխվեց, բայց դրա դրույթները կյանքի կոչողների աշխատանքը մնաց նույնը:

Դիմելով Ձեզ՝ ակնկալում եմ Ձեր միջամտությունը՝ իմ հայրիկի գերեզմանի անարգման փաստով հարուցված քրեական գործի բացահայտման, համապատասխան կառույցների աշխատանքն ակտիվացնելու հարցում:

Եթե որևէ մի պաշտոնյայի հարազատի գերեզմանի հետ նման դեպք տեղի ունենար, արդյո՞ք նույնատիպ ընթացք կստանար քրեական գործը:

27294636_1387146858080584_1079957253_n 27294494_1387146861413917_187339368_n 27045008_1387146864747250_272405800_n

Լիլիթ Աղեկյան

Դիտվել է՝