Ս. Սարգսյանը 2007թ.-ից մոլորեցնում է զինծառայողների ընտանիքներին

14594

Օրերս Սերժ Սարգսյանը, Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցելով ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին նվիրված «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովին, հայտարարեց, որ որոշել են անհապաղ գործուն քայլեր ձեռնարկել զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու համար:

«Ես արդեն հանձնարարել եմ պաշտպանության նախարարին, որպեսզի անհապաղ գործուն քայլեր ձեռնարկի զոհված և առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու համար: Այս խնդիրը վերջնականապես պետք է լուծվի և այս խնդիրը վերջնականապես պետք է լուծվի ամենաուշը մինչև 2019 թվականի ավարտը»,- հայտարարեց Ս. Սարգսյանը՝ հավելելով, որ հանձնարարել է նաև անհապաղ ուսումնասիրել և լուծում տալ սեփականաշնորհման ենթակա՝ պաշտպանության նախարարության այն բնակարանային ֆոնդի օտարմանը, որը զբաղեցնում են սեփական բնակարանի փոխհատուցման իրավունք ձեռք բերած զինծառայողները:

Զինծառայողների բնակարանային խնդիրը վաղուց առաջացած և լուծում պահանջող խնդիրներից է: Հարյուրավոր զինծառայողների ընտանիքներ տարիներ շարունակ հերթացուցակում են և սպասում են բնակարանի իրենց հերթին: Զինծառայողների այդ խնդիրը հիշեցնում է երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած և անօթևան համարվող ընտանիքների բնակարանային խնդիրը:

Ամեն անգամ ընտրություններից առաջ ՀՀԿ-ն իր նախընտրական ցուցակում ներառել է այս երկու հարցերը, բայց երկուսն էլ անլուծելի են:

Հարյուրավոր զինծառայողներ դեռ 2005-2006թթ.-ից սպասում են բնակարանի իրենց հերթին: Ս. Սարգսյանը դեռ ՀՀ պաշտպանության նախարար եղած ժամանակ խոստանում էր հատուկ ուշադրության առանցքում պահել այս խնդիրը, անգամ նախընտրական իր ծրագրերում է Ս. Սարգսյանը ներառել այս խնդրի լուծումը:

Ահավասիկ ՀՀԿ-ի 2007թ.-ի նախընտրական ծրագրում առանձին կետով Ս. Սարգսյանի կուսակցությունը խոստանում էր.

•Ազատամարտիկների և պատերազմի վետերանների, նրանց ընտանիքների կենսապայմանների բարելավման հատուկ ծրագրերի իրագործում:

2222222

2007թ. ՀՀԿ նախընտրական ծրագիր

2012թ.-ին ՀՀԿ-ն կրկնեց այս խոստումը, իսկ 2013թ.-ի նախագահական ընտրությունների ժամանակ ծրագիրն ավելի ծավալուն ընդգրկվեց ՀՀԿ թեկնածու Ս. Սարգսյանի նախընտրական ծրագրում:

2013թ նախագահական ծրագիր

Յուրաքանչյուր ընտանիք պետք է զգա պետության հոգածությունը: Հաշմանդամ անձանց համար պետք է ստեղծվեն առնվազն նվազագույն պայմաններ՝ հասարակության մեջ նրանց ներառումն ապահովելու (ամբողջական դարձնելու) համար: Հատուկ ուշադրություն ենք դարձնելու հաշմանդամների զբաղվածության խնդիրներին: Մի քանի տարում ավարտելու ենք զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային ապահովման խնդրի լուծումը, արագացնելու ենք տեմպերը նաև հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների կարիքների բավարարման ուղղությամբ:

Ս. Սարգսյան

333333

Այնպես որ, կարելի է ասել, որ Ս. Սարգսյանի այս խոստումը զինծառայողների ընտանիքներին, բավականին հին է, պարզապես երբեմն-երբեմն վերհիշում են և փոքր-ինչ տարբերվող ձևակերպումներով ներկայացնում նորովի:

Եվ հատկապես այս օրերին, երբ ՀՀ պաշտպանության նախարարությունն իրականացնում է «Ազգ-բանակ» իր ծրագիրը և փորձում է սպաներով ու զորակոչիկներով ապահովել առաջնագիծը, դարձյալ զինծառայողների բնակարանային թեման դառնում է ակտուալ: Չէ՞ որ այն ևս կարող է շահագրգռել ՀՀ սոցիալապես անապահով քաղաքացիներին՝ գնալ առաջնագիծ, վճարվել, բնակարան ունենալ…

Իսկ ընդհանրապես ՀՀ իշխանությունների հետևողականությունն ու քաղաքականությունը զինծառայողների նկատմամբ ի ցույց է դնում ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին արտոնություններից զրկելու քաղաքականությունը:

Բոլորս ենք հիշում, որ ապրիլյան պատերազմի օրերին խոստումներ եղան զինծառայողներին արտոնություններ տալու մասին: Պայմանն ապրիլի 2-ից 5-ը մարտական գործողություններին մասնակցությունն էր ու զինգրքույկում այդ մասին նշումը: Ավելի ուշ ականատես եղանք, թե ինչպես ՀՀ իշխանությունները «փոշմանեցին» ու սկսեցին հետ հավաքել զինգրքույկներն ու ջնջել պատերազմին մասնակցելու մասին գրությունները:

Զորացրված զինվորները պատմում էին, որ շատերի զինգրքույկներում անգամ չի նշվել ռազմական գործողությունների մասնակցության մասին, իսկ նրանց, ում զինգրքույկներում նշվել է, արդեն զորացրվելու պահին պարզվել է, որ կարմիրով կամ սպիտակով գիծ է քաշված և նշված՝ անվավեր:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝