Բաց նամակ ՀՀ վարչապետին՝ պատասխան ստանալու հիմնավոր ակնկալիքով

Anahit-Baxshyan-275x300

Վարչապետը պետք է հարցնի. Արմավիրի մարզպետ պարոն Ղահրամանյան, առյուծի սիրտ ես կերե՞լ, ո՞նց ես համարձակվում ի՛մ կառավարության որոշումները չկատարել.

Այսօր առավոտվանից փնտրում եմ ԿԳՆ կրթության տեսչության կայքը, բայց պարզվեց, որ այն չի գործում, իսկ փնտրում էի,  որպեսզի տեղեկանամ, թե ո՞վ է պետի նորանշանակ պաշտոնակատարը, ի՞նչ կենսագրություն ունի և կրթության ոլորտում կառավարման ի՞նչ փորձ ունի, ինչպե՞ս է ժամանակին նշանակվել այդ տեսչության  տեսուչ, միակ բարեմասնությունը նրա ՀՅԴ անդամ լինե՞լն է:

Ի՞նչ նշանակալի գործունեություն է ծավալել Տեսչությունում, որ հենց ինքն է արժանացել այդ պատվին, իր գործունեության արդյունքում  ի՞նչ փաստեր է արձանագրել դպրոցներում, որի արդյունքում ավելի արդյունավետ է դարձել տնօրենի կառավարումը: Ու ամենակարևորը՝  ուզում էի գտնել այն հիմնավորումը, որով այս նորաթուխ պաշտոնակատարը չեղյալ է հայտարարել Արմավիրի 24 դպրոցներում նախօրոք ծրագրված տեսչական ստուգումները:

Շատ կասկածելի  որոշում է, որից ակնհայտ կոռուպցիայի հովանավորչության տեսակի հոտ է գալիս: Ինչո՞ւ, որովհետև օր չկա, որ Արմավիրի մարզի տարբեր գյուղերի դպրոցներից անձամբ բողոք չստանամ  կաշառակերության, պետական միջոցներն անձնական երեխաներին ու բարեկամներին աշխատավարձի ձևով յուրացնելու, անպատվաբեր դրամահավաքի վերաբերյալ: Միայն նշեմ, որ վերոնշյալ ապօրինությունների  հետ կապված մարզի Ծիածան գյուղի դպրոցի տնօրենի նկատմամբ պետք է որ արդեն քրեական գործ հարուցված լինել, որի մասին տեղյակ է մարզպետն էլ, ԿԳ նախարարն էլ, բայց այս խայտառակ  երևույթի նկատմամբ նրանց վերաբերմունքը շատ «սառնասիրտ» է, որովհետև այդ երևույթներն իրենց համար սովորական են ու տարածված և փակ դռների ետևում քննարկվում Հակակոռուպցիոն հանձնաժողովում, որի նախագահը ՀՀ վարչապետն է:

Երեկ էլ  Հրապարակ թերթում եղավ «Արմավիրի մարզպետը՝ ընդդեմ սփյուռքի փոխնախարարի և նրա քրոջ» այս հոդվածը որի նյութը շրջանառվում է 2016թ. նոյեմբերից, այսինքն այն ժամանակվանից, երբ լրացել է Արմավիրի մարզի Արտաշար գյուղի դպրոցի տնօրենի պաշտոնավարման ժամկետն ու նոր ընտրություն պետք է իրականացվեր:

Ինչպես երևում է նախկին տնօրեն Հասմիկ Սրապիոնյանի պատմածից, այս ընթացքում խախտվել   են Կառավարության 04.03.2010 N319-Ն «Տնօրենի ընտրության կարգ» որոշման հնարավոր բոլոր կետերը, ինչպես նաև իրեն ակնարկել են կաշառքի մասին: Եթե երկրում կրթության կարգին տեսչություն ունենայինք, այն պետք է բացահայտած լիներ այդ խախտումներն ու առաջարկեր մարզպետի հրաժարականը, այնինչ որոշել է չստուգել մարզի դպրոցները:

Այս մարզպետի կամայականություններն ինչպես այս, այնպես էլ այլ դեպքերում, որոնց մասին ես կտեղեկացնեմ այլ իրավասու պետական մարմիններին, չափ ու սահման չունեն, մինչև ե՞րբ և ինչո՞ւ: Ոչ մի իրավասու պաշտոնյա և հատկապես Դուք, պարոն վարչապետ, չեք ասում. «Արմավիրի մարզպետ պարոն Ղահրամանյան, առյուծի սիրտ ես կերե՞լ, ո՞նց ես համարձակվում ի՛մ կառավարության որոշումները չկատարել»: Եվ այս հարցին հետևեր մարզպետին ազատելու վերաբերյալ վարչապետի հրամանն ու Կրթության տեսչության պետի պաշտոնակատարին հանձնարարվեր՝ անմիջապես վերականգնել Արմավիրի մարզի 24 դպրոցներում ստուգում անցկացնելու մասին նախորդ հրամանն ու զեկուցել ՀՀ կառավարության հակակոռուպցիոն հանձնաժողովում:

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու Ելք խմբակցության անդամ

Դիտվել է՝