Անդադար կրակում եք, մեր տոնը փչացնում եք, որ ի՞նչ անեք

serj

Երկու օր շարունակ երկրի ղեկավարությունը տոնական ջերմ տրամադրությունների մեջ էր, եռատոն էր նշում: Ս. Սարգսյանն ավանդույթի համաձայն մեկնեց Արցախ, դարձյալ ելույթ ունեցավ, դարձյալ հայտարարեց, որ մայիսի 8-ն անմահ հերոսների և բոլորի տոնն է:

Առաջին տիկին Ռիտա Սարգսյանն աշխուժորեն երգեց ու պարեց վետերան պապիկների հետ:

Երկրի ամբողջ քաղաքական վերնախավն անվրդով տոնական թմբիրի մեջ էր, խմում էր ազգ-բանակի կենացը, ճառեր ասում, մինչդեռ ազգ–բանակը շարունակում էր զոհեր տալ:

Ինչո՞ւ և ինչպե՞ս անհետացան ժամկետային երեք զինծառայողները

Ժամկետային երեք զինծառայողների անհետացման մասին պաշտոնական տեղեկատվությունը տարածեցին մայիսի 8-ի երեկոյան, երբ այդ օրվա տոնական միջոցառումներն արդեն ավարտված էին:

Բայց պարզվեց, որ տղաները շատ ավելի վաղ էին անհետացել: Քննչական կոմիտեն տարածեց տեղեկատվություն, համաձայն որի մայիսի 8-ի առավոտյան ահազանգ է ստացվել, որ ժամկետային երեք զինծառայողները չեն մասնակցել առավոտյան տողանին:

Իսկ ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին նաև, որ տղաներն անհետացել են դեռ մայիսի 7-ի երեկոյան:

Հիմա հետաքրքիր է, ամբողջ գիշերվա բացակայությունն աննկատ է անցել եռատոնի նախապատրաստական աշխատանքներով տարված լինելո՞ւ, թե՞ տոնը «հարամ» չանելու կամ «չփչացնելու» տրամաբանությունից ելնելով:

Մի բան պարզ է, որ երեք հոգու՝ զորամասը լքելու փաստը չէր կարող աննկատ մնալ:

Ըստ քննչականի հաղորդագրության՝ տղաներին տեսել են մեքենայի մեջ, իսկ մեքենան նկատվել է զորամասից դուրս՝ Մատաղիս-Տոնաշեն ավտոճանապարհի սկզբնամասում՝ դեպի Տոնաշեն երթևեկելիս:

Տղաները չեն մասնակցել ամսի 8-ի առավոտյան տողանին, բայց այդ մասին չհաղորդվեց, մինչև մայիսի 8-ի տոնական մասն ավարտվեց:

Ինչո՞ւ համար են նրանք լքել զորամասը, ի՞նչ նպատակով, տղաներն ինչ-որ հանձնարարականո՞վ են հայտնվել Տոնաշեն տանող ճանապարհին: Եթե այո, ապա հանձնարարողն ինչո՞ւ էր լռում: Եթե տղաներն ինքնակամ էին հեռացել, ապա ո՞ւր, ինչո՞ւ…

Սրանք հարցեր են, որոնք պատասխաններ են պահանջում: Բոլոր դեպքերում, փաստը մեկն է. եռատոնի օրը երեք ընտանիքների համար սգո օր դարձավ՝ այս տարի և հետո էլ:

Զոհ՝ դարձյալ ծառայակցի զենքից արձակված կրակոցից

Երեք զինծառայողների մահվան լուրը դեռ չէինք մարսել, և դեռ չէին գտել նույնիսկ նրանցից մեկի մարմինը, երբ նոր զոհի մասին տեղեկություն տարածվեց: Նախ տեղեկացրին, որ հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Մեսրոպյանը, ով էլ զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Ավելի ուշ նրան սպանելու կասկածանքով ձերբակալվեց ծառայակիցը:

Բանակում ներանձնային հաշիվներ մաքրելն ու իրար վրա կրակելը հին ու վատ սովորություն է, ինչի դեմ, սակայն, «ազգ-բանակ» հայեցակարգի հիմնադիրներն ու իրականացնողները բավարար պայքարի ծրագիր չունեն ու չեն ներկայացնում:

Հիմա էլ Ադրբեջանը

Այսօր միանգամից երկու տեղեկություն. ադրբեջանցիները կրակել են լրատվամիջոցի մեքենայի ուղղությամբ, վիրավորել օպերատորին:

Եվ ապա Ադրբեջանը, բացի հրադադարի ռեժիմի խախտման սովորական դարձած դեպքերից, այս անգամ մայիսի 10-ին Թափկարակոյունլու-Թալիշ ուղղությամբ կատարել է զրահատեխնիկայի (շուրջ 10 տանկ) տեղաշարժ:

Այսքանից հետո երկրի քաղաքական ղեկավարությունը դեռ տոնական թմբիրի մեջ է: Ոչ մի հայտարարություն, զգոնության ոչ մի նշան: Հատկանշական է, որ երեք զինծառայողների անհետացումից հետո նույնիսկ արցախցի որևէ պաշտոնյա ժամանակ չունեցավ գնալ այն տեղանքը, որտեղ անհետացել, ապա խեղդված դուրս են բերվել տղաները: Ամեն դեպքում նման որևէ հրապարակում չեղավ:

Ադրբեջանի սադրանքներն ու ամենօրյա սահմանային խախտումներն արդեն ցավալիորեն սովորական են դարձել բոլորիս համար, բայց որ Ադրբեջանը տանկերն է հետ ու առաջ անում, անգամ այս մասին պաշտոնական ոչ մի հայտարարություն, գոնե միջազգայիններին իրազեկելու մասով, չեղավ: Կարելի է ենթադրել, որ դեռ օրը տոն է, դեռ տրամադրությունը «փչացնելու հավես» ու տրամադրություն չկա: Դեռ շարունակելու են զարգացնել «ազգ-բանակ» գաղափարը, մենք շարունակելու ենք ֆինանսավորել, պետք եղած ժամանակ սնունդ ու հագուստ էլ հասցնել, իսկ իրենք շարունակելու են ազգին վերադարձնել սպանված, վիրավորված զավակներ:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝