Ինչո՞ւ հենց Յուրի Խաչատուրովը

10408031_1000714983294577_1014153292091260831_n (1)

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, այնուհետև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը 2017 թվականի մայիսի 2-ից կստանձնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը փոխանցվում է ՀԱՊԿ անդամ երկրներին ռոտացիոն կարգով և դեռ մեկ տարի առաջ պետք է փոխանցվեր Հայաստանի ներկայացուցչին, սակայն տարբեր առիթներով դա տեղի չէր ունենում:

2016թ.-ի հոկտեմբերին պաշտոնական Երևանը պետք է ներկայացներ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի իր թեկնածուին:

Սակայն նախ Երևան իր այցը չեղարկեց Ղազախստանի նախագահը, և ապա Ս. Սարգսյանը հայտարարեց, թե այդ հարցը ՀԱՊԿ-ի երկրների ղեկավարները որոշելու են դեկտեմբերին Ռուսաստանում:

Դեկտեմբեր ամսին էլ անսպասելի որոշում կայացվեց, որ երկարաձգվում է Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունները մեկ տարի ժամանակով:

Հիմա ևս մեկ անսպասելի որոշում կայացվեց: Դեռ այդ մեկ տարին չլրացած ՀԱՊԿ նոր քարտուղար է դառնում Հայաստանի ներկայացուցիչը, այն էլ Յուրի Խաչատուրովը:

Երկու պատճառ կար ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում հայկական կողմի ներկայացուցչի ուշ նշանակման համար

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը, վերլուծելով իրողությունը, գտնում է, որ իրականում երկու այլ պատճառ կար ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում հայկական կողմի ներկայացուցչի նշանակումը ձգձգելու համար.

«Մեկն այն, որ Ադրբեջանը դեմ էր դրան: Ճիշտ է՝ ինքը հարց որոշող չէ, բայց գիտենք Ադրբեջանի ազդեցությունը ռուսական շրջանակների և այդ կառույցի վրա:

Երկրորդ պատճառն այն է, որ այն թեկնածուն, որի մասին հայկական շրջանակները խոսում էին, Սեյրան Օհանյանի մասին է խոսքը, ինքն այդ ցանկությունը չունեցավ այդ պաշտոնին գնալու:

Ինչո՞ւ հիմա որոշեցին նշանակել ՀԱՊԿ քարտուղար, կարծում եմ, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ բավականին երկար ժամանակ անորոշ ժամանակ էր, ինչը լավ չէր: Երկրորդը՝ պայմանավորված միջազգային հարաբերություններով. Սիրիայում ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների լարումը, ԱՄՆ որոշ քայլերը հեռավոր Արևելքում, դա ստիպեց արագացնել, որ ՀԱՊԿ-ն ունենա գլխավոր քարտուղար»:

Ինչո՞ւ սկանդալային Յուրի Խաչատուրովը

Յուրի Խաչատուրովն այն զինվորականներից է, որի մասին շատ է գրել մամուլը: Խաչատուրովի, նաև որդու մասին հարցազրույցները, տեղեկությունները շատ են: Վերջինը կապված էր ապրիլյան պատերազմի հետ: Ըստ հրապարակումների՝ պատերազմի մասին լուրը Խաչատուրովին հայտնել էին, երբ ինքը բիլիարդ խաղալիս է եղել և անուշադրության է մատնել տեղեկությունը:

Իհարկե, այս տեղեկությունները պաշտոնական չեն, բայց պաշտոնական մակարդակով էլ չեն հերքվել: Ի վերջո, որպես շտաբի պետ Յուրի Խաչատուրովն իրեն չի արդարացրել: Նրան պատերազմից հետո հեռացրին այդ պաշտոնից:

Ինչո՞ւ պաշտոնական Երևանը, այնուամենայնիվ, կանգ առավ հենց նրա թեկնածության վրա:

«Կարող եմ ասել, որ մասնագիտական կարողություններ չի պահանջվում նրանից ՀԱՊԿ քարտուղար աշխատելու համար: Բորդյուժան ինքը այդպիսին չէր: Հիմնականում համակարգողի, կոորդինատորի դեր է խաղալու: Խաչատուրովը, ճիշտ է, հայկական բանակում էր ծառայում վերջին 25 տարին, բայց ձևավորվել է որպես սովետական մարդ, ռուսական շահերն առաջ մղող անձնավորություն: Ռուսների համար շատ ընդունելի մարդ էր, հարմար մարդ էր: Թեև ինքը նաև խոցելի մարդ է, իր վրա տարբեր-տարբեր խոցելի կետեր կան: Հավանաբար այդ պատճառով կանգ են առել նրա թեկնածության վրա»,- կարծում է Արա Պապյանը:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝