Պարտված նախագահի ուժը կամ քարոզչություն դիրքերում

serj sargsyan

Ս. Սարգսյանը քարոզարշավին մասնակցելու գայթակղությանը մինչեւ վերջ չդիմացավ: Նա Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 20-րդ օրը հայտնվեց քարոզչական բեմահարթականին՝ Արցախում:

Ինչպես հայտնի է, այս անգամ ՀՀԿ-ն ընտրել էր «քարոզչություն առանց Ս. Սարգսյանի»  մոդելը: Ս. Սարգսյանը ոչ միայն  ՀՀԿ համամասնական ցուցակում չկար, այլ առհասարակ բացակա էր քարոզարշավին: Սակայն այսօր նա իր լռությունը խախտեց՝ փաստացի հայտարարելով, որ ոչ միայն ինքը ներկա է ՀՀԿ-ում, այլ ընդգծեց՝ ՀՀԿ-ն իր ղեկավարած քաղաքական ուժն է եւ առաջիկա ընտրություններն են որոշելու, թե ինքը որտեղ է լինելու 2018 թ.-ից հետո:

Խոսելով զինվորականների, զինծառայողների ու նրանց հարազատների առջեւ՝ Ս. Սարգսյանը հայտարարեց.

«Ոչ ոք չգիտի, թե յուրաքանչյուրի մահն ինչպես եմ վերապրել։ Ես` գերագույն գլխավոր հրամանատարս, յուրաքանչյուր հերոսի հետ վերապրել եմ իր ողջ կյանքը և առավոտյան սառը հայացքով հակահարվածի նոր հրաման եմ տվել»:

Մարդ, ով ապրիլյան պատերազմի օրերին հայտարարում էր, որ մեր բանակը կռվում է 80-ական թթ-ի զենքերով, հիմա արդեն հայտարարում է, թե ծանր է տարել 80-ականների զենքերով մեր հողը պաշտպանած եւ միայն իրենց արյամբ հայրենիքը փրկած տղաների մահը:

Ս. Սարգսյանն այսօրվա իր խոսքում անդրադարձել է «անպետք, անմշակ եւ ռազմավարական նշանակություն չունեցող» 800 հա հողակտորին՝ արդարանալով, որ ինքն այնքան ուժեղ է  գտնվել, որ «կանգնելու» հրաման է տվել.

«Անշուշտ, գիտեինք, որ դեռ մեկ-երկու բլուր հետ չենք վերցրել։ Ներքին քաղաքական դաշտից վախեցող կամ պոպուլիստ մեկը էլի մի 100 զոհի գնով հետ կբերեր այդ հողակտորը, որ հետո հերոս խաղար ամբիոններում։ Միայն ուժեղը կարող էր կանգնելու հրաման տալ, խնայել կյանքեր ու իր վրա վերցնելով ապագա դատարկ պոպուլիզմի հարվածները՝ քաջ գիտակցելով ինչքան տարածք է մինչ այդ լուռ վերցրել և ինչքան կվերցնի հաջորդ անգամ»:

Եւ վերջապես Ս. Սարգսյանը գալով ամենակարեւոր հարցին, թե ինչ է անելու 2018թ.-ից հետո հայտարարում է.

«Ես իմ կյանքի ընթացքում իրոք երբեք չեմ պլանավորել, թե հաջորդ հանգրվանին որտեղ եմ լինելու։ Միշտ հայտնվել եմ այնտեղ, որտեղ մեր անվտանգությանն ավելի պիտանի եմ եղել։ Ես հիմա չգիտեմ՝ ինչ քաղաքական կառուցվածք կլինի 2018թ.-ին, բայց եթե իմ գլխավորած քաղաքական ուժը հաղթի գալիք ընտրություններում, ապա այդ պահի դասավորությունից ելնելով ինչ-որ կարգավիճակում իմ դերը կունենամ մեր ժողովրդի անվտանգության ապահովման հարցում»:

Մինչ այդ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից էլ առաջ Ս. Սարգսյանն հայտարարել էր, որ ինքը հեռանում է քաղաքականությունից, ավելի ուշ արտասահմանյան լրատվամիջոցներից մեկին տված իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ կմնա քաղաքականությունում, եթե իր ղեկավարած ՀՀԿ-ն հաղթի ընտրություններում: Այսօր եւս մեկ անգամ Ս. Սարգսյանը վերահաստատում  է, որ ինքը չի հեռանում, ավելին մնում է որպես հայ ժողովրդի անվտանգության երաշխավոր:

Սարգսյանն ակնարկում է, որ ապրիլի 2-ի ընտրությունները կարեւոր են, որովհետեւ ընտրում ենք, թե ում հրամանատարության ներքո են տղաներն ավարտելու իրենց ծառայությունը, ովքեր են պաշտպանելու մեր մանուկների անհոգ ուսման իրավունքն ու մեր մեծերի մայրամուտը։

«Հասկանու՞մ ենք արդյոք մենք սա, թե՞ ոչ, բայց քվեատուփին մոտենալիս ուղղակի պարտավոր ենք հասկանալ»:

Այսպիսով, Ս. Սարգսյանի այսօրվա  ուղերձներ էին:  Նախ վերահաստատում է, որ ինքը ամենեւին էլ մտադիր չէ հեռանալ քաղաքականությունից, եւ ապա՝ ինքը մնում է, բայց չի մնում որպես շարքային պաշտոնյա, այլ ստանձնում է երկրի անվտանգության երաշխավորի պարտականությունները: Եւ վերջում պատերազմում պարտված նախագահը հայտարարում է, որ ուժի նշան է տարածքներ հանձնելն ու «կանգնել» հրամանը արձակելը:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝