Կարեն Կարապետյանին տարեք, Աշոտյանին ու Շարմազանովին բերեք

karen karapetyan

Վարչապետ Կարեն Կարապետյանը կտրուկ փոխել է ոչ միայն հագուստի ոճը, այլև հռետորաբանությունը: Սպիտակ վերնաշապիկով ու մոխրագույն ժիլետով լայն ժպտացող Կարեն Կարապետյանին փոխարինել է կարմիր բաճկոնով, անեկդոտ պատմող, գյուղացիների հետ մտերմիկ զրույցների բռնվող Կարեն Կարապետյանը:

Արագածոտնի մարզում գյուղացիներին լսելուց հետո Կարեն Կարապետյանը հանկարծակի բարձր բղավեց. «Վա՜յ, մամա ջան, արա դուք ինչ տիպ եք…»։

Հետո, դիմելով գյուղացիներին, շարունակեց. «Մեր ծրագիրը չե՞ք կարդացել։ Տելեվիզոր նայո՞ւմ եք։ Ինձ տեսե՞լ եք: Ես 5 տարվա ծրագրի մասին 3 ամիս է՝ զռռում եմ։ Նենց չի, որ ինձ տեսած լինեք, այդ ծրագիրը լսած չլինեք։ Լսել եք, չէ՞։ Բա որ առավոտ զարթնում, կոֆե եք խմում, թրաշվում եք կամ չեք թրաշվում, մտքներովդ չի անցել, չէ՞, մի հատ գնանք ծրագիրը նայենք, այս մարդն այսքան զռռում է»։

Վարչապետի այս անմիջական զրույցից հետո մի քանի պարզ հարցեր են առաջանում: Հինգ տարվա ծրագրի մասին (այսինքն՝ խոսքը ՀՀԿ նախընտրական ծրագրի մասին է) ինչո՞ւ է Կարեն Կարապետյանն, իր խոսքերով ասած, 3 ամիս «զռռում». չէ՞ որ նախընտրական քարոզչության ժամանակաշրջանը երեք ամիս չէ: Կարեն Կարապետյանն այստեղ վրիպել է՝ հայտարարելով, որ իր վարչապետության օրվանից մինչև հիմա փաստորեն ՀՀԿ քարոզչությամբ է զբաղված: Սա ինչպե՞ս հասկանանք, այսինքն՝ նրան հրավիրել են քարոզելու՞, թե երկիրը ճգնաժամից հանելու:

Ու վարչապետն անկեղծորեն զարմանում է, թե այդ ինչպես է, որ կոֆե խմում են, թրաշվում են, բայց ՀՀԿ ծրագիրը, որի մասին ինքն այդքան խոսել է, չեն կարդացել:

Իսկ հետաքրքիր է, կկարդա՞ր Կարեն Կարապետյանը ՀՀԿ ծրագիրը, եթե ինքը չլիներ այդ ծրագրի հիմնական ներկայացնողը: Կամ, օրինակ, Կարեն Կարապետյանը ծանո՞թ է ՀՀԿ-ի, ասենք, 2007, 2008, 2012, 2013թթ.-ի ծրագրերին: Չէ՞ որ իրենից առաջ էլ այդքան, կարապետյանական սլենգով ասած, «զռռացողներ» են եղել:

Բնականաբար, Կարեն Կարապետյանը ՀՀԿ նախկին ծրագրերին ծանոթ չէ, այլապես նրա մոտ չէր առաջանա բնական հարցը, թե քաղաքացիներին ինչու չի հետաքրքրում ՀՀԿ ծրագիրը:

Պատասխանը թերևս մեկն է. այն քաղաքական ուժը, որին անդամակցում է նաև Կարեն Կարապետյանը, այնպես է գործել, որ ՀՀ քաղաքացիներին այլևս պարզապես չեն հետաքրքրում ծրագրերը, հետաքրքրում է միայն օրվա փողն ու հացի հոգսը:

ՀՀԿ-ն այնպես է գործել անցած տարիների ընթացքում, որ պարզապես Հանրապետական կուսակցության մասին հիշեցնող անձանց փորձում է հիմա թաքցնել ժողովրդից: Նույն Սերժ Սարգսյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը և բոլոր նրանք, ովքեր ՀՀ ակտիվ քաղաքական թիմն էին, հիմա հետին պլանում են գործում, ժողովրդից թաքուն, փոխարենն ընտրվել են մարդիկ, ովքեր պարզապես ոչ մի էական կապ չեն ունեցել ՀՀԿ քաղաքական կուրսի հետ:

Եվ վերջապես ՀՀԿ-ն անցած տարիների ընթացքում այնպես է աշխատել, որ հիմա ստիպված է հույսը դնել «շուլուխ» անող վարչապետի վրա, ապահովել արտաքին շղարշ, որ ժողովուրդը մոռանա Ս. Սարգսյանին, բայց ընտրություն կատարի նրա ղեկավարած քաղաքական ուժի օգտին:

Իհարկե, քաղաքականությունից հեռու, հացի ու գյուղի հոգսի տակ կքած ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ թերևս կուլ կտան այդ խայծը, բայց ժողովրդի՝ քաղաքականապես ակտիվ հատվածին արդեն Կարեն Կարապետյանի «էքսպերիմենտները» զայրացնում են: Այնպես որ, տարեք Կարեն Կարապետյանին, բերեք Աշոտյանին, Շարմազանովին, թեկուզ Ս. Սարգսյանին… բայց Կարեն Կարապետյանին տարեք… խնդրում ենք…

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝