«Դպրոցում վիճում ենք, թե ո՞վ է մեր դասարանի Հաց բերողը»

image

«Մա՛մ, ես հենց գնում եմ փողոցի ծայրամասում գտնվող մեր խանութը, որ հաց գնեմ, նայում եմ հացին ու Արթուր Սարգսյանին եմ հիշում: Գիտե՞ս, մամ, մեր հաց վաճառողը նման է Հաց բերողին»,-ասում է 11-ամյա որդիս եւ անփույթ թերթում մաթեմատիկայի գրքի թերթերը:

«Բա՜, ես էլ մեր տան Հաց բերողն եմ… նախորդ օրը նաեւ տատիկենց տան Հաց բերողն էի…»:

Որդուս էլ չեմ լսում, իսկ նա շարունակում է մենախոսել:

Մտածում եմ՝ մեզ թվում էր Արթուրին հուղարկավորելով՝ կորցնելու ենք նրան, հեռանալու ենք նրանից: Բայց Արթուրն ինքն իրեն կերտեց որպես դասագրքային կերպար՝ մարդ, ով մարմնավորում է բարությունը, մարդասիրությունը եւ արիությունը:

Իսկապես, ինչպես չէի նկատել, որ ամեն անգամ, երբ խանութում, ցուցափեղկում, տանը՝ հացամանի մեջ, ծերունու ձեռքի ճմրթված տոպրակի անկյունում, ծիտիկների համար տանիքներին փշրված հացը տեսնելիս ես էլ ակամա  նրան եմ հիշում եւ հոգուս խորքում օրհնում Արթուրին:

Ամեն անգամ հաց տեսնելիս նրան ենք հիշելու: Փնտրելու ենք Արթուրի տեսակը, նմանվելու ենք Արթուրին, փորձելու ենք արթուրանման, արթուրապես լինել, արթուրավարի ապրել:

Մեր յուրաքանչյուրի մեջ մի քիչ, մի փոքր Արթուր է ապրում՝ լի համառությամբ, մարդասիրությամբ, բարությամբ ու քաջությամբ: Եւ չնայած կյանքի ու կենցաղային բազմաթիվ հարցերը մեզ շեղում են, թելադրում ապրել օրվա օրակարգերով, հրամայականով, այնուամենայնիվ, ժամանակ առ ժամանակ մեր մեջ արթնանում է թաքնված Արթուրը…

Հաց բերողը կմնա ու կապրի մեզ հետ, մեր մեջ: Բոլոր նրանք, ովքեր իրենց հոգու խորքում մի փոքր Արթուր Սարգսյանի տեսակից ունեն, արդեն իսկ իրենց խղճի դուռը բացել ու այնտեղ են տեղավորել նրան: Մարդ, որին ոչ ոք ոչ մի ժամանակ չի կարող մոռանալ: Արթուրի սխրանքի անունը հենց Հաց էր, եւ չենք կարող ապրել առանց նրա:

Հետո սթափվում եմ էլի տղայիս հարցից.

«Մամ, ա՛յ մամ, դպրոցում վիճում ենք, թե ո՞վ է մեր դասարանի Հաց բերողը: Բոլորն ասում են՝ ե՛ս, ե՛ս, ե՛ս… Լսո՞ւմ ես, ա՛յ մամ, հիմա ո՞վ է մեր դասարանի Հաց բերողը»:

Ես պատասխանում եմ. «Նա, ով ամենաուժեղն է ու ամենախղճովը,  ով երբեք չի ստում ու միշտ իր խոսքի տերն է…»:

Այսօր «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հոգեհանգստի արարողությունն էր:

Քրիստինա Մկրտչյան

Նկարազարդումը՝ Medialab.am

Դիտվել է՝