ՀՀԿ-ն այն վիճակում չէ, որ մի բան էլ թույլ տա Ս. Սարգսյանին մասնակցելու նախընտրական քարոզներին

unnamed-5-1

Վաղը Սերժ Սարգսյանը Գյումրի է այցելում։ Սակայն նա չի հանդիպի գյումրեցիների հետ, ավելին, փակ հանդիպում է նախատեսվում Գյումրու Տեխնոպարկում, որին ներկա չեն կարող գտնվել նաեւ լրագրողները: Ս. Սարգսյանը կհանդիպի ՀՀԿ ռեյտինգային այն թեկնածուների հետ, ովքեր անհրաժեշտ տոկոսներն են ապահովելու ՀՀԿ-ի համար Շիրակի մարզում:

Լրացուցիչ հաղորդվում է, որ Ս. Սարգսյանի այս այցը Գյումրի նախընտրական քարոզչության տրամաբանության մեջ չէ, ուղղակի Սարգսյանը հանձնարարականներ ունի տալու:

Այն, որ Ս. Սարգսյանն իրեն դուրս է դրել նախընտրական քարոզչության աշխատանքներից եւ չի մասնակցում հասարակության հետ ոչ մի հանդիպումների, արդեն նորություն չէ: Որովհետեւ եթե Ս. Սարգսյանը մասնակցի քարոզչությանն, այնքան էլ համոզիչ չեն թվա Կարեն Կարապետյանի «փոխել-փոխվելու» մասին խոստումները: Չէ՞ որ Կարեն Կարապետյանը հասարակությանը խոստանում է՝ կփոխվի իշխանության որակը, ՀՀԿ-ն կփոխվի, կդառնա ավելի լավը, եւ իրենք կփոխեն նաեւ մեր կյանքը: Հանդիպմանը, որին ներկա կլինի նաեւ Ս. Սարգսյանը, հաստատապես այս խոստումն իրատեսական չի թվա: Բացի այդ, Սերժ Սարգսյանը, հանդիպելով ընտրողների հետ, ի՞նչ է ասելու նրանց: Արդեն հինգ անգամ նա բարձրացել է քաղաքական հարթակին եւ խոստումների նույն փաթեթն է շռայլել՝ քաղաքական, տնտեսական կյանքը փոխելու, մարդկանց բարեկեցությունը լավացնելու, արտագաղթը կանխելու եւ անվտանգ ու ապահով ապագա կառուցելու մասին՝ 2007-ին, 2008-ին, 2012-ին, 2013-ին եւ 2015թ.-ի սահմանադրական փոփոխություններից առաջ:

Ս. Սարգսյանն այնպես է գործել անցած 10 տարիների ընթացքում, որ նրա՝ ՀՀԿ քարոզչությանը մասնակցելն ամենաիսկական հակագովազդը կարող է դառնալ ՀՀԿ-ի համար եւ պարտության իրական երաշխիքը: Ուստի սա լավագույն դեպքում, էլ չեն խոսում նաեւ այն մասին, որ նրա՝ հասարակության մեջ գտնվելը կարող է վտանգավոր լինել հենց Ս. Սարգսյանի համար:

Բացի այդ, Ս. Սարգսյանը հատկապես Գյումրիում նախընտրական շրջանում ժողովրդի հետ հանդիպումների ու լրագրողների հետ շփումների մասին շատ վատ հիշողություն ունի: 2013թ.-ի նախագահական ընտրություններից առաջ նա պարզապես անկեղծացավ՝ հայտարարելով ընտրություններում հաղթելու ՀՀԿ-ական պատկերացումների մասին՝ խոստանալով 80-90 տոկոս «խփել»:

Ս. Սարգսյանի խորհրդատուները շատ լավ են հասկանում, որ հատկապես հիմա, երբ ժողովրդական դժգոհությունները շատ մեծ են, Ս. Սարգսյանի կողմից թույլ տրվող ամեն մի վրիպում կարող է ժողովրդական ընդվզման առիթ դառնալ: Ուստի լավագույն տարբերակը բացակա կեցվածքն է, որը որդեգրել է Սերժ Սարգսյանն այսօր:

Եվ վերջապես հենց ինքը՝ Ս. Սարգսյանը, օրերս ԳԱԱ-ում հանդիպման ժամանակ անուղղակի պատասխանեց այն հարցադրումներին, թե ինչու ինքը չի մասնակցում ՀՀԿ քարոզչությանը՝ խոստովանելով, որ ՀՀ-ում ամենաշատն իրեն են քննադատում եւ ամենաշատ սխալներն ինքն է թույլ տվել:

Նա պարզ խոստովանեց՝ ՀՀԿ-ն չունի այնքան քվե, այնքան ձայն, որ մի բան էլ իրեն թույլ տա ՀՀԿ նախագահ Ս. Սարգսյանին թույլատրել մասնակցելու ՀՀԿ քարոզարշավին:

 Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝