Ապրել ու գոհանալ մեզ նետված օրվա հացո՞վ, թե՞ պայքարել ոգու սովի դեմ. Քո ձայնը

artur sargsyan

Երեկվանից կուսակցություններն ու ընտրություններին մասնակցող քաղաքական գործիչները ցավակցություններ են հայտնում Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ: Սոցցանցերը հեղեղված են նրա նկարով, մեջբերում են Արթուրի խոսքերից, տարածում նրա նկարներն ու նամակները:

Անգամ Էդուարդ Շարմազանովն է ցավակցում, Հովիկ Աբրահամյանը, Կարեն Կարապետյանը: Զարմանալի չի լինի, եթե անգամ Ս. Սարգսյանն էլ հայտարարություն տարածի: Նախընտրական փուլ է, բացառված չէ նաեւ, որ Ս. Սարգսյանն էլ ցավակցի,  եթե վստահ լինի, որ իր այդ հայտարարությունը ժողովրդական լայն զանգվածների կրքերի բորբոքման առիթ չի դառնա:

Հիմա մնում է  պատասխանել այն հարցին, թե Հաց բերողին ո՞վ սպանեց եւ ինչո՞ւ: Ի՞նչ էր արել նա, ընդամենը որոշել էր հաց հասցնել սոված մարդկանց, կերակրել հայերի…

Մենք բոլորս մեր անտարբերությամբ, մեր ճղճիմ առօրյա հոգսերով, իշխանական բազարներով, կուսակցական կեղծ բարեփոխիչ ծրագրերով, «անվտանգությամբ ու առաջընթացով» եւ վերջապես սեւ շուկայում վաճառքի հանված 5-25 հազար դրամանոց ընտրագլուխներով սպանեցինք Հաց բերողին:

Եվ հիմա պատարագից հետո ձեր «Տեր ողորմյա»-ն այլեւս ավելորդ է: Կարեւորը հոգին է, իսկ նրա հոգին թեթեւ է, մենք պիտի մերը մաքրենք, թեթեւացնենք:  Նա հեռացավ՝ միայնակ հաղթելով, իսկ մենք այդպես էլ պարտված մնացինք, մենք կքած ենք կանգնած:

ՄԱՐԴԸ եկավ ապրեց, հաղթեց, իր կյանքով ու ապրածով դաս տվեց մեզ, շառաչուն ապտակ հասցրեց ու հեռացավ՝ հպարտորեն: Հեռացավ՝ ապացուցելով, որ կարող է մարդ ապրել նաեւ առանց իր գաղափարները վաճառելու, վերջապես կարող է եւ չապրել, բայց մնալ ՄԱՐԴ: Հաց բերողը 4 բուհի դիպլոմ ունի, բժիշկ է,  իրավագետ, ուներ սիրած մասնագիտություն, աշխատանք… բայց իր մեծ առաքելությունը համարեց դաս տալ բոլորիս. դաս տալ սեփական կյանքով, սեփական մահով:

Նա միգուցե սխալ ժամանակ էր ծնվել, ապրեց սխալ մարդկանց կողքին սխալ հասարակությունում: Այնքան սխալ, որ նույնիսկ երբ որոշեց հաց հասցնել Սասնա ծռերին, շատերս կասկածեցինք, թե նա ոչ թե սովորական ազնիվ հայի մի տեսակ էր, այլ ԱԱԾ-ի գործակալ…

Եվ երբ նա 25 օր շարունակ հրաժարվում էր հացից, մենք շատերս կասկածում էինք, թե նա գիտակցաբար է ընտրել մահվան ճանապարհը:

Բայց նա ընտրեց այդ ճանապարհը, հերթը մերն է, մենք ենք որոշում՝ ապրել ու գոհանալ մեզ նետված օրվա հացո՞վ, թե՞ պայքարել ոգու սովի դեմ:

Քրիստինա Մկրտչյան

Նկարազարդումը՝ Medialab.am

Դիտվել է՝