Գլխով պաշտպանում են ՀՀԿ-ի անվտանգությունը՝ սեփական առաջընթացն ապահովելու համար

7AAACC2A-4C1A-4EA0-82E5-F207E0636F3F_cx0_cy1_cw0_w1023_r1_s

Նախընտրական հերթական կրակոցները հնչեցին դարձյալ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում: Սա ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի հայրենի գյուղն է, ուր նախընտրական կրքերը բորբոքվել էին դեռ օրեր առաջ: ՕՐՕ դաշինքի անդամների եւ ՀՀԿ-ական գյուղապետի մտերիմների վիճաբանությունն ավարտվել էր նրանով, որ Լեւոն Երանոսյանի եղբայրը՝ ներքին զորքերի ծառայության գնդապետ Լեռնիկ Երանոսյանը, փակ գանգուղեղային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Սա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ ՀՀ փոխոստիկանապետի եղբայր, ոստիկանության գնդապետը փորձել էր զենք գործադրել:

Վիրավորներից մեկի հայրն ուղղակի բացահայտ ցուցմունք տվեց հարցազրույցի տեսքով՝ հայտարարելով, որ Լեռնիկ Երանոսյանն անձամբ է ատրճանակը պահել որդու գլխին եւ սպառնացել սպանել նրան:

Ոստիկանության գնդապետի ապօրինի արարքներն աննկատ մնացին ոստիկանության համար: Իսկ Լեռնիկ Երանոսյանի գանգուղեղային տրավմայից հետո պատասխան գործողությունները կանխատեսելի էին, որ վրեժխնդրությունն անխուսափելի էր, չէին կարող չկանխազգալ նաեւ ոստիկանությունում: Սակայն ոստիկանությունը չկանխեց գործողությունները Ջրառատում, որոնք, ի դեպ, կարող էին ողբերգական ավարտ ունենալ:

Ավելին, տեսանյութ կա, որտեղ նկատելի է, որ ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանն անձամբ է մասնակցում Ջրառատում տեղի ունեցող «ռազբորկային», որի ժամանակ հնչում է կրակոց եւ տեղի է ունենում դանակահարություն:

Այսքանից հետո ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանատու Աշոտ Ահարոնյանը հայտարարում է, որ Լեւոն Երանոսյանն այնտեղ է եղել հնարավոր վտանգը կանխելու, վիճաբանությունը հարթելու նպատակով:

Հասկանալի է, որ ոստիկանությունն ի զորու է դեպքերն ու իրադարձությունների զարգացումն այնպես մատուցել, որ մեղավորի դերում հայտնվեն նախընտրելի մարդիկ: Իսկ ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի՝ դեպքի վայրում գտնվելը մատուցվի ոչ թե վրեժխնդրության ակցիա, այլ պարզապես բախումը կանխելու նպատակ:

Նշանակում է՝ ՀՀ փոխոստիկանապետը չունեցավ այնքան արհեստավարժություն, որ կարողանար խափանել, ինչպես ոստիկանությունից են ասում, բախումը կամ վտանգը: Ուրեմն նշանակում է, որ առնվազն Լ. Երանոսյանին պետք է հեռացնել համակարգից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ թերի կատարելու համար:

Սակայն սա Հայաստանն է, եւ հասկանալի է, որ ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանին միգուցե նաեւ պարգեւատրեն:

Ի վերջո, Երանոսյանները հերթական անգամ ապացուցեցին, որ միշտ պատրաստ են գլխով պաշտպանել իշխանության թիկունքը:

Եվ ամենակարեւորը, ՀՀԿ-ի «անվտանգությունն ու առաջընթացը» հենց այսպիսին է լինում, իսկ անվտանգության երաշխավորները հենց իշխանության թիկունքը գլխով պահող Երանոսյաններն են, որոնք էլ կշարունակեն այս իշխանության օրոք արձանագրել իրենց առաջընթացը:

 Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝