Ի՞նչ կլիներ, որ «Ռեինկարնացիա»-ի տղերքի հետ թմբուկ զարկեր ոչ թե Կարեն Կարապետյանը, այլ…

capture77

Նախընտրական քարոզարշավը մեկնարկեց: Քաղաքական բոլոր ուժերն ու կուսակցությունները երեկ տվեցին քարոզչության մեկնարկը:

Այս ամենի մեջ թերեւս «ամենատպավորիչը» «փոխվել կամ ինքնափոփոխություն» տենչացող ուժի՝ իշխող Հանրապետականի քարոզչական մեկնարկն էր:

«Փոխվելով երկիրը փոխելու» գաղափարը ՀՀԿ լոզունգն է կամ, կարելի է նաեւ ասել, երկրորդ կարգախոսը:

«Թե կարող ես փոխել ինքդ քեզ, կփոխես աշխարհը նույնպես»,- ՀՀԿ քարոզարշավի տեսահոլովակում ասում է «Ռեինկարնացիան», որն, ի դեպ, արդեն խնդրել է ՀՀԿ քարոզարշավի տեսահոլովակում երգելը չքաղաքականացնել։ Փոխվելու մասին խոսում է Ս. Սարգսյանը, հայտարարում է Կարեն Կարապետյանը:

Սա ինքնին ինքնախոստովանություն է անցած տասը տարիների ՀՀԿ «արդյունավետ» աշխատանքի մասին: Հասկանալի է, որ նախընտրական փուլում ՀՀԿ-ն շատ շռայլ կգտնվեր, որ հակագովազդ աներ ինքն իրեն եւ ասեր՝ աշխատելու ենք այնպես, ինչպես աշխատել ենք, ապրելու ենք այնպես, ինչպես ապրել ենք, թալանելու ենք այնպես, ինչպես թալանել ենք, արտագաղթելու եք այնպես, ինչպես արտագաղթել եք:

Համընդհանուր հուսալքության ու դժոգոհությունների ֆոնին ամենալավ տարբերակը հենց ձեռքերը վերեւ պարզելն է եւ ասելը՝ «մենք լավ բան չենք կերել» – ներո՛ղ, ժողովուրդ:

Հենց սա է ասում Հանրապետականը՝ փոխվել խոստանալով:

Բայց դրանից հետո տապալած ուժը ոչ թե փորձում է հեռանալ, այլ ասում է՝ մենք վատն ենք, բայց մեզ շանս տվեք, մենք գանք փոխվենք, հետո փոխենք երկիրը:

«Փոխվելու եւ փոխելու անհրաժեշտությունը մեզ համար օրվա հրամայական է, ինչի մասին բազմիցս հայտարարել ենք եւ վստահ ենք, որ փոփոխությունները տեսանելի կլինեն»,- հայտարարում է ՀՀԿ-ում դեռ շատ «երիտասարդ» Կարեն Կարապետյանը:

Հիմա որ երաշխիք պահանջենք, Կարեն Կարապետյանը դարձյալ բարկանալու է եւ ասելու է՝ բարա՞թ տամ ձեզ: Բայց ո՞րն է երաշխիքը, որ 10 տարի ինքն իրեն, իր ախորժակը փոխել չկարողացող ուժը հիմա մեկ իրեն է փոխելու, մեկ էլ մեր երկիրը: Եվ ընդհանրապես որտեղի՞ց է Կարեն Կարապետյանի մոտ այդ վստահությունը… «Թե կարող ես փոխել ինքդ քեզ…»:

Բայց եթե չես կարողանում փոխել ինքդ քեզ, ի՞նչ է նշանակում, նշանակում է՝ նորից շարունակելու են թալանե՞լ, նորից շարունակելու ենք լքե՞լ մեր երկիրը, նորից շարունակելու ենք հանդուրժե՞լ ձեզ…

Բայց ինչո՞ւ, ինչի՞ համար: Մի՞թե մեր ճակատագիրն է՝ կրել ձեզ մեր ուսերին ու տանել այնքան, մինչեւ մի օր որոշեք փոխվե՞լ: Իսկ ի՞նչ կլինի, որ փոխվեք բառի առաջին իմաստով, հեռանաք, գնաք ձեր տուն եւ փոխվեք արդեն ձեր տանը՝ ձեզ համար, ձեր խղճի ու հոգու համար, ապաշխարեք, աղոթեք…

Բայց ահա թե փոխվել ցանկացող ուժի ղեկավար Ս. Սարգսյանն ինչ է ասում մեզ.

«Մեր առջեւ կանգնած խնդիրների լուծումները մենք գիտենք՝ առաջընթացը մարմնավորող իր վարչապետով»:

Իսկ ինչո՞ւ ենք մեր առաջընթացը գտնելու հենց վարչապետով եւ ոչ, ասենք, ձեր խորհրդական Գեւորգ Կոստանյանով, պարոն նախագահ: Ու ընդհանրապես ի՞նչ կլիներ, որ «Ռեինկարնացիա»-ի տղերքի հետ թմբուկ զարկեր ոչ թե Կարեն Կարապետյանը, այլ Կոստանյանը կամ, ասենք, Միհրան Պողոսյանը, Արմեն Աշոտյանը կամ էլ հենց Տիգրան Մուկուչյանը:

Կամ ի՞նչ կլիներ, որ Լեւոն Արոնյանի եւ Արթուր Աբրահամի փոխարեն ձեր նախընտրական հոլովակում էլի Շուշան Պետրոսյանն ու Նունե Եսայանը լինեին, նրանք մի տեսակ սազում էին ձեր քարոզարշավներին, կամ, հա՛, գոնե Էդուարդ Շարմազանովն ու Կարեն Ավագյանը լինեին, ի՞նչ կլիներ որ:

Կարո՞ղ ենք արձանագրել, որ այսպիսով փոփոխությունների մեկնարկը տվել եք:

Այո, մնում է, որ Ս. Սարգսյանի ասածի պես մեր երկրի քաղաքացին զգա այդ փոփոխությունների դրական ազդեցությունը:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝