Կարեն Կարապետյանը կամ գրավոր հաղորդում է ներկայացնելու, կամ ներողություն է խնդրելու

karen karapetyan

Ապրիլյան պատերազմից հետո որոշ զինծառայողների հարազատներ պատմում էին, որ զինտեխնիկան առաջնագիծ տեղափոխել չեն կարողացել, քանի որ վառելիք չի եղել: Պատմում էին անգամ, որ տանկերն առանց մարտկոցների են եղել, դիզվառելիքի փոխարեն ջրով է եղել լցված եւ այլն:

Այս ամենը հերքում էին պաշտոնական շրջանակներում, համարում «պատի տակի խոսակցություն»:

Օրերս նման մի հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ԱԺ-ում: Վերջինս Նիկոլ Փաշինյանի հարցին պատասխանելով՝ տողատակերում հայտարարեց, թե ապրիլյան պատերազմի ժամանակ զինտեխնիկայի վառելիքին այլ նյութ  էին խառնել:

Եթե նման հայտարարությամբ հանդես է գալիս երկրի վարչապետը, նշանակում է ոչ մի հիմք չունենք չհավատալու կամ դրանք համարելու «պատի տակի խոսակցություններ»:

Այսօր ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր նաեւ այս հարցին՝ փաստացիորեն հերքելով վարչապետին:

«Եթե մենք վստահ չլինեինք մատակարարվող վառելիքի որակի վրա, իհարկե, տեխնիկան չէինք աշխատացնի»,- հայտարարել է Վիգեն Սարգսյանը:

ՀՀ նախկին ՊՆ Սեյրան Օհանյանը եւս հանդես է եկել վարչապետի պնդումը հերքող հայտարարությամբ՝ ասելով, որ մտավախություն չունի ինքը, եթե անգամ իրավապահ մարմինները որոշեն հետաքննություն անցկացնել:

ՀՀ քննչական կոմիտեի խորհրդական Սոնա Տռուզյանից հետաքրքրվեցինք, թե նման տեղեկության ՀՀ քննչական կոմիտեն տիրապետո՞ւմ է, եղե՞լ են նման փաստեր եւ տեղեկություններ, դիզվառելիքի ու կերոսինի խառնելու դեպքեր եղե՞լ են ապրիլյան պատերազմի ժամանակ, թե՞ ոչ: Ի պատասխան մեր հարցմանը Սոնա Տռուզյանը պատասխանեց.

«ՀՀ քննչական կոմիտեն նման նյութեր, հաղորդում չի ստացել։ Այլ քննչական մարմիններում նման նյութերի առկայության կամ բացակայության մասին տեղեկություն հայտնել չեմ կարող»:

Մեր այն հարցին, թե, այնուամենայնիվ, Կ. Կարապետյանը շատ կարեւոր տեղեկություն է հաղորդել, արդյոք այդ հայտարարությունը հաղորդում չէ հանցագործության մասին, ՀՀ ՔԿ խորհրդականը պատասխանեց, որ Քննչական կոմիտեն կսկսի զբաղվել հարցով միայն գրավոր հաղորդում, նյութեր ստանալու դեպքում:

Հիմա հարց է առաջանում՝ ո՞վ կդիմի իրավապահ մարմիններին գրավոր, որպեսզի բացահայտվի ապրիլին տեղի ունեցածը: Հասկանալի է, որ Կարեն Կարապետյանից լավ ոչ ոք չի կարող այդ բանն անել, հատկապես, որ տեղեկությունը հենց նրա միջոցով է դուրս սպրդել:

Կարեն Կարապետյանը պետք է կարողանա գտնվել այդքան ազնիվ ու համարձակ նաեւ այդ քայլին դիմելու համար: Ի վերջո, դա իսկապես կարող է շատ բան փոխել, օրինակ, այդ քայլով նա իսկապես կարող է սփյուռքին հավատացնել իր ազնիվ նպատակների մասին:

Այլապես վարչապետի խոսակցությունը եւս կդասվի անարժանահավատ հայտարարությունների շարքին: Բայց քանի որ նա բարձրաստիճան պաշտոնյա է, պարզապես նրան վայել չէ հանդես գալ կիսաճշմարտանման հայտարարություններով:

Այս դեպքում Կարեն Կարապետյանն առնվազն պետք է կարողանա մեկնաբանել իր՝ ԱԺ-ում արած հայտարարությունը եւ կամ ներողություն խնդրել՝ ապատեղեկատվություն տարածելու համար:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝