Ինչ ածելիով են սափրվում ՀՀ զինված ուժերում՝ ՊՆ-ն համարում է գաղտնիք

Flickr_-_The_U

Տարիներ շարունակ բանակում որդիներ ունեցող ծնողները դժգոհել են, որ օճառը, ածելին, ատամի մածուկը, գուլպաները, ներքնաշորերն ու այլ ապրանքներ իրենք են ուղարկում եւ վստահ չեն՝ հասնում է արդյոք իրենց զինվորին, թե ոչ:

ԳԱԼԱ-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ ճշտելու համար, թե, օրինակ, 2016թ.-ի ընթացքում որքան գումար է հատկացվել ՀՀ ԶՈՒ կարիքների համար անձնական հիգիենայի պարագաների (ձեռքի եւ տնտեսական օճառ, կոշիկի քսուք, ածելի, զուգարանի թուղթ, ատամի մածուկ), ինչպես նաեւ անկողնային պարագաների, ներքնազգեստի, գուլպաների եւ հագուստեղենի ձեռք բերման նպատակով:

Խնդրել էինք նաեւ առանձին ներկայացնել ապրանքի տեսակը, արտադրող ընկերության անվանումը (որ երկրի արտադրության է), մեկ հատի գինը եւ տարվա կտրվածքով ձեռք բերված քանակը:

ՀՀ ՊՆ-ն պատասխան գրությունում նշել է, որ իրային միջոցների (անկողնային եւ հիգիենայի պարագաներ, ներքնազգեստներ, գուլպաներ, հագուստ) մեկ միավորի գնի եւ քանակի եւ վճարված գումարների վերաբերյալ տեղեկատվությունը չի տրամադրվում՝ հիմք ընդունելով ՀՀ ՊՆ 2015 հուլիսի 9-ի թիվ 9 հրամանով հաստատված «ՊՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնման գերատեսչական» ցանկի պահանջները:

Սակայն միեւնույն ժամանակ տրամադրել են անձնական հիգիենայի պարագաների որոշ տեսակների մասին տվյալներ: Մասնավորաբար ձեռքի եւ տնտեսական օճառի, կոշիկի քսուքի համար 2016թ.-ին ՀՀ ՊՆ-ն վճարել է 91.321.800 դրամ գումար:

Անտրամաբանականն այն է, թե ինչու, ասենք, օճառի եւ կոշիկի քսուքի վերաբերյալ տեղեկությունները գաղտնի չեն, բայց, օրինակ, ածելիի, ատամի մածուկի կամ գուլպաների ու ներքնազգեստների ձեռք բերման մասին տեղեկությունները գաղտնի են:

Ինչեւէ, ՊՆ-ի տրամադրած տեղեկություններում հստակ չի ասվում, թե օրինակ որ ընկերության արտադրած ձեռքի օճառով են լվացվում ՀՀ ԶՈւ-երում: Միայն ասվում է, որ ձեռքի օճառը եւ կոշիկի քսուքը բանակին մատակարարում է «Մակրո ֆուդ» ՍՊԸ-ն եւ հայկական արտադրության ապրանք է մատակարարում, (բայց չի նշվում՝ կոնկրետ որ ընկերության), իսկ տնտեսական օճառը «Հիդալգո» ՍՊԸ-ն է տրամադրում՝ ռուսաստանյան ընկերության ապրանք (դարձյալ չի կոնկրետացվում՝ որ ընկերության):

Երկուսն էլ արտադրող ընկերություններ չեն, այլ մատակարարող են: Հիշյալ ընկերությունները նաեւ պետական այլ կառույցների եւ գերատեսչությունների են տարբեր ապրանքներ մատակարարել՝ սկսած համակարգչային մասերից մինչեւ կենցաղային իրեր եւ քիմիական նյութեր:

«Մակրո ֆուդ» ընկերությունից այդպես էլ չկարողացանք ճշտել, թե որ ընկերություններից են կոշիկի քսուք եւ ձեռքի օճառ գնում եւ մատակարարում ՊՆ-ին: Մեր այն հարցին, թե ինչ երկրի արտադրության ապրանք եք տրամադրում ՊՆ-ին, որտեղից եք կատարում ներմուծումը, «Մակրո ֆուդից» չպատասխանեցին՝ հորդորելով զանգահարել այդ հարցով միայն 10 օր անց, երբ գլխավոր հաշվապահը կլինի երկրում: Միայն փաստեցին, որ իրենք ներմուծող եւ մատակարարող ընկերություն են:

Նկատենք, որ «Մակրո ֆուդ» ընկերությունը տեւական ժամանակ ՀՀ ՊՆ-ին եւ մի շարք այլ գերատեսչությունների ապրանքներ է մատակարարել: Այս ընկերությունը ՀՀ կառավարությանն առընթեր էլեկտրոնային ռեգիստրում գրանցված է Աբրահամ Մովսեսի Հանեշյանի անունով:

Մինչեւ «Մակրո ֆուդի» հայտնվելը շուկայում պետական հիմնարկներին տարբեր ապրանքների մատակարարմամբ զբաղվել է «Հանեշ գրուպը»:

Վերջինս, պարզվում է, քրեակատարողական հիմնարկներին յուղ եւ շոգեխաշած միս մատակարարող ընկերությունն է՝ կասկածելի գներով:

Ինչպես «Մակրո ֆուդը», այնպես էլ «Հանեշ գրուպը» ՀՀ կառավարությանն առընթեր էլեկտրոնային ռեգիստրում գրանցված են նույն մարդու՝ Աբրահամ Մովսեսի Հանեշյանի անունով եւ գործում են նույն հասցեում:

Ինչ մնում է «Հիդալգո» ՍՊԸ-ին, այն եւս ներմուծող եւ մատակարարող ընկերություն է, սակայն այս ընկերության հեռախոսային կոնտակտներով հնարավոր չեղավ որեւէ տեղեկություն ճշտել ընկերության ու մատակարարվող ապրանքների մասին:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝