Արդեն քանի՜–քանի՜ տարի աղետը միայն երկրաշարժը չէ մեզ համար

ekexeci

Արդեն 28-րդ դեկտեմբերի 7-ն է, որ Գյումրիում դիմավորում ու ճանապարհում են որպես հիշատակի օր: Այս օրը, որպես կանոն, մարդկանց տներում ու հոգիներում նորից կրկնվում է աղետը: Աղետը չի լքել մեզ, այն պարզապես շատ լավ տեղավորվել է մեր հոգիներում ու ապրում է մեր մեջ:

Իսկ մենք կրում ենք նրան մեր մեջ… կրում ենք մեր աչքերում, որը երբեմն-երբեմն վեր է ածվում արցունքի, կրում ենք մեր շուրթերում, եւ դրա համար երբեմն-երբեմն ցավից ոռնում ենք, անիծում… կրում ենք մեր կրծքի տակ, եւ որը, վերածվելով ինֆարկտի, սպանում է մեզ: Ու մենք մեռնում ենք անճարությունից, հուսահատությունից:

Իսկ աղետն ապրում է… Ապրում է վագոն-տնակի տեսքով, ապրում է 25 հազար թոշակի, ընտրակաշառք 5000 դրամի տեսքով, բարեգործական ճաշարանների ու բաղնիքների, սոված փոքրիկների, մրսող ծերունիների, խեղճացած, մոլորված տղամարդու ու վերջապես արտագաղթի տեսքով:

Աղետը սիրում է մեզ, չի հեռացել, իսկ այ մենք… մենք ենք հեռանում, բայց հեռանում ենք մեր տներից, ոչ թե աղետից: Հեռանում ենք՝ տանելով մեզ հետ նաեւ աղետը՝ գաղթականի ցուպի տեսքով:

Արդեն քանի՜–քանի՜ տարի աղետը միայն երկրաշարժը չէ մեզ համար: Այո, աղետը նաեւ փոխակերպվել գիտի: Ապրել գիտի: Իսկ մենք հանդուրժել ու ընդունել ենք, թողել ենք բուն դնի, քնի մեր մեջ, ապրի մեր կողքին, խաբի մեզ, թալանի:

Իսկ մենք դեռ շարունակում ենք շոյել, կերակրել, երես տալ… Աղետը մեծանում է…

Դիտվել է՝