«2 ամիս էր մնացել. ասում էր` մամ կգամ, կգնամ ՌԴ կաշխատեմ, որ լավ ապրենք». 20-ամյա գյումրեցի Վլադիմիրի անկատար երազանքները

vladimir melqonyan

Սա այն բնակարանն է, որտեղ մեծացել է ապրիլի 1-ի թեժ մարտերի առաջին իսկ հարվածներն իր վրա վերցրած գյումրեցի 20-ամյա Վլադիմիր Մելքոնյանը: Մատաղիսում ծառայություն անցնող Վլադիմիրն ապրիլի քառօրյա պատերազմից մեկ շաբաթ առաջ էր տեղափոխվել Թալիշ: Ինչպես նրա վիրավոր ընկերներն են պատմել հարազատներին, ապրիլի 1-ին, երբ ջոկին է տեղավորելիս եղել դիրքերում, հակառակորդը կրակ է բացել, եւ Թալիշի թեժ մարտերի ժամանակ առաջինը Վլադիմիրն է ծանր վիրավորում ստացել կրծքավանդակի շրջանում, իսկ զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել է:

«Ամսի 1-ին ժամը 12:00-ին իր ջոկին տարել է տեղավորելու,  թղթապանակը մոռացած է եղել, գնացել է որ վերցնի, ու էդպես խփել են: Իրեն խփել են, ու դրանից հետո երկու ժամ անց Թալիշը վերցրել են, առաջին զոհը ինքն է եղել»,-պատմում է մայրը՝ Սվետլանա Մելքոնյանը:

Վերջին անգամ Վլադիմիրն ընտանիքի անդամների հետ խոսել է մարտի 31-ին, հանգստացրել նրանց, ասել, որ ամեն բան լավ է, կարոտել է բոլորին: Տիկին Սվետլանային հորդորել էր լաց չլինել, նշել, որ երկու ամսից ծառայությունը կավարտի, կգա տուն եւ կզբաղվի տան խնդիրներով: Մելքոնյաններն ապրում են սոցիալական դժվարին պայմաններում, ու ինչպես մայրն է պատմում, Վլադիմիրն ուրախացել էր, որ մեծ եղբայրը մեկնել էր ՌԴ արտագնա աշխատանքի, ու տիկին Սվետլանային խոստացել էր տուն վերադառնալուն պես մեկնել եղբոր մոտ, որ երկուսով աշխատեն ու կարողանան հաղթահարել սոցիալական դժվարությունները, նաեւ սեփական տանիքն ունենան: «Ասում էր մամ ջան, ես շնորհակալ եմ իմ տատիկ-պապիկից, որ պահել մեծացրել են, բայց ես իմ սեփական բնակարանն եմ ուզում, իմ անկյունը, ու ինքը որ գար ծառայությունից, պետք է գնար եղբոր մոտ արտագնա աշխատանքի: Եղբայրը 15 օր էր, ինչ գնացել էր արտագնա աշխատանքի, եղբոր դեպքն իմանալով եկավ էլի Հայատսան, գնաց եղբոր դին բերեց»,-պատմում էր մայրը:

Մելքոնյանները բնակվում են տիկին Սվետլանայի ծնողների բնակարանում: Պատմեց, որ ամուսինն ազատամարտիկ է, 90-ականների Արցախյան պատերազմին է մասնակցել, ձեռք բերել առողջական խնդիրներ, 1998 թվականին մահացել է, ինչից հետո ինքը երկու փոքրերի հետ թողել է տնակն ու տեղափոխվել հայրական տուն: Ասում է՝ զոհված որդին ուզում էր սեփական տունն ունենալ, որտեղ կստեղծեր ազատամարտիկ հոր անկյունը:

Վլադիմիրի պապը՝ Գառնիկ Ազատյանը պատմում է` դեռ մանկուց էր թոռը հայրենասեր, ցանկանում էր նմանվել ազատամարտիկ հորը, այդ պատճառով էլ նախընտրեց ծառայել Լեռնային Ղարաբաղում, չնայած իրեն որպես միակողմանի ծնողազուրկ հնարավորություն էր տրվել ծառայել Հայաստանում, ավելի կոնկրետ այդ ժամանակ Իջեւանում ծառայող եղբոր մոտ, սակայն չի համաձայնել, նախընտրել է Արցախը: «Ինքն ասում էր` ուզում եմ պապայիս ճանապարհով գնամ, անգամ խոսք կար, որ չգնար բանակ, ասավ` ես մամայի բալա չեմ, որ չգնամ, ես գնում եմ հայրենիքի հանդեպ իմ պարտքը տամ, գնաց ու էսպես եղավ, ում մտքով կանցներ, արդեն երեք ամիս էր մնացել, որ գար, մարտի 31-ին խոսաց հետս, ասաց` պապ ջան բան չմնաց, քեզ ձիգ պահի, կգամ ու լավ կլինի, ես ինձի ձիգ պահեցի, բայց ինքը … ում մտքից կանցներ»,-պատմում էր հերոսի պապը:

Մայրը հպարտությամբ է ասում` որդին սիրում էր Արցախը, ուսուցիչներն են գալիս ու պատմում, որ Վլադիմիրի հայրենասիրությունն այնքան ընդգծված էր, որ խոսքերով նկարագրելն անհնարին է: Սակայն ոչ մի բան չի մխիթարում որդեկորույս մորը, ով մեծ դժվարությամբ է մեծացրել զավակներին, ու սպասում էր, որ որդու  վերադարձից հետո ամեն ինչ այլ կերպ է լինելու, վերջապես հաղթահարելու են խնդիրները:

«Ոչ մի բանն էլ չի մխիթարում, այս բոլորն իմ աչքին չի էլ երեւում միայն ինքն է երեւում իմ աչքին, շատ ծանր է իմ համար, թող գար, համաձայն եմ, թող վիրավոր գար, սա մեծ դժբախտություն է մեզ համար, 19 տարեկան, այնքան դժվարությամբ եմ մեծացրել»,-ասում է տիկին Սվետլանան:

Խնամքով պահում են Վլադիմիրի շնորհակալագրերն ու մեդալները: Իսկ նրան բնորոշելու համար բառեր ուղղակի չեն գտնում, ընկերասեր էր, հայրենասեր, կարգապահ, չէր սիրում անախորժություններ, բոլոր տեսակի խնդրները հարթում էր: Կապը հիմնականում եղբոր հետ էր, երեք տարի չէին տեսել իրար, ասում է Տիկին Սվետլանան:

Վլադիմիրն ուներ նաեւ սիրած աղջիկ, նպատակ ուներ ծառայությունն ավարտելուց հետո աշխատել, գումար վաստակել ու ընտանիք կազմել: Սակայն բազմաթիվ երազանքներ անկատար մնացին, նա հայրենիքը վեր դասեց ամեն ինչից:

Հերմինե Մկրտչյան


tigran abgaryan
05.09.2016 | 12:20 Հերոս Տիգրան Աբգարյանին նվիրված հուշահամալիր բացվեց Գյումրիում Գյումրիում հուշահամալիր բացվեց՝ նվիրված արցախյան քառօրյա պատերազմում հերոսաբար ...
Снимок
26.08.2016 | 20:28 Բացվեց հուշաքար՝ ի հիշատակ ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսների Այսօր Գյումրու Մուշ 2 թաղամասում բացվեց հուշաքար՝ նվիրված ...
gevorg vardanyan
19.08.2016 | 18:28 Մյուսները ՀՀ-ից փախչում են, որ չծառայեն, իսկ ինքը գիտակցաբար եկել էր ծառայելու Այս տանն ապրել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված ...
gevor
03.08.2016 | 10:27 Թշնամու ուղղաթիռը խոցած Գևորգը եւ քառօրյա պատերազմի դասերը Շիրակի մարզի Հոռոմ համայնքում արդեն մի քանի օր ...
herosner
28.07.2016 | 14:57 Անարգանք՝ ապրիլյան պատերազմի զոհերի նկատմամբ Ապրիլյան քառօրյա պատերազմին զոհված գյումրեցի հերոսների մարմիններն ամփոփված ...
Ashot
14.07.2016 | 10:55 «Քառօրյա պատերազմի ժամանակ հայ զինվորը դավաճանության զոհ է դարձել, ինչ-ինչ պայմանավորվածությունների» Ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանն, ով նահատակվեց ապրիլյան ռազմական ...
yuzixovich
04.05.2016 | 18:58 «Նկարի հետ ամեն օր կռիվ եմ տալիս». 19-ամյա Վ. Յուզիխովիչի մայր Թալիշում նահատակված 19-ամյա Վիկտոր Յուզիխովիչը մեկն էր գյումրեցի ...
alik araqelyan
27.04.2016 | 15:05 «16 տարի ծառայի եւ այսպես հատուցե՞ն… ո՛չ, չեմ ների…». փոխգնդապետ Ա. Առաքելյանի ընտանիքը հրաժարվեց բնակարանից Ապրիլի 2-ին Ջեբրայիլի մարտերում նահատակված 33-ամյա փոխգնդապետ Ալեքսան ...
gevorg vardanyan
25.04.2016 | 22:52 Վիրավոր ընկերը հետո պիտի Գեւորգի շիրիմի մոտ շնորհակալություն հայտներ խիզախ հայորդու ծնողներին 19-ամյա Գեւորգ Վարդանյանը մեծացել է հայրենիքից հեռու: Ընտանիքի ...