Թշնամու ուղղաթիռը խոցած Գևորգը եւ քառօրյա պատերազմի դասերը

gevor

Շիրակի մարզի Հոռոմ համայնքում արդեն մի քանի օր է հայրենասիրական տրամադրություններ են: Ծառայությունից վերադարձել է քառօրյա պատերազմի բովով անցած Գևորգ Մանուկյանը, ով իր հերոսական քայլով զարմացրել է բոլորին:

Արցախի «Եղնիկներ» զորամասի զինծառայող, շարքային Մանուկյանն ապրիլի մեկի լույս երկուսի գիշերը խոցեց մարտական դիրքերի ուղղությամբ հրթիռներ արձակող ադրբեջանական ուղղաթիռն՝ այդպիսով կանխելով թե մարդկային և թե տարածքային կորուստները:

Մի քանի օր առաջ առաջնագծից վերադարձած Գևորգն իր այդ հերոսական քայլի մասին պատմում է համեստորեն՝ նշելով, թե հայրենիքի նկատմամբ իր պարտքն է կատարել: «Ապրիլի 1-ի լույս երկուսի գիշերը, ժամը 3-4-ի սահմաններում գործողությունները սկսվել են, հակառակորդի հրետանին սկսեց հրետակոծել մեր դիրքերի ուղղությամբ, որից հետո 4-5-ի սահմաններում դիվերսիոն խումբ է ներթափանցել մեր գումարտակի շրջան, դրանից հետո 6:45-ի սահմաններում ուղղաթիռն է երևացել, որը մոտենալով առաջնագծին՝ հրթիռներ էր բաց թողնում մեր մարտական դիրքերի վրա: Այդ ժամանակ գնացել եմ խրամատ, վերցրել եմ զենքը, ընտրել եմ ավելի հարմար դիրք և խոցել եմ ուղղաթիռը: Բնականաբար շատ վատ հետևանքներ կունենար, չենք կարող ասել՝ որոշ տարածքներ մեր ձեռքին կլիներ, թե նրանց մոտ, որոշ մարդիկ ողջ կլինեին, թե չէ»,- ասում է Գևորգը:

Ծառայության լարված օրերն, ըստ Գևորգի, թույլ չէին տալիս վերլուծելու և հասկանալու՝ ինչ է տեղի ունեցել, հիմա, երբ տանն է ու համեմատաբար հանգիստ, գոհունակության զգացում է ապրում:

Այս մի քանի օրերի ընթացքում հասցրել է կարոտել ծառայակից ընկերներին, ասում է՝ ծառայությունից վերադառնալիս խորհուրդ է տվել նրանց լինել վստահ, ուժեղ ու համառ, որևէ թիզ հող չզիջելու վճռականությամբ:

«Միշտ վստահ լինեն, որ իրենք են ուժեղը, մեր կռիվն արդար է, ու եթե արդար է, մենք հաղթելու ենք, և թող չմտածեն, որ եթե հակառակորդն ինչ-որ մի տեխնիկայով առավել է, ուրեմն հաղթելու է մեզ, ոչ, եթե մենք տեխնիկայով պակաս ենք, խելացի ենք ու հաղթելու ենք նրանց: Մեր ժողովուրդն է ետ բերել այդ հողը և մեր ժողովուրդն է պահում, արյան գնով է վերցված այդ հողը, և ոչ ոք իրավունք չունի այդ հողը նվիրաբերել ինչ-որ մի պետության»,- նշեց Գևորգը:

Գևորգի զրույցին հետևող ծնողները նշում են՝ ծառայության, ինչպես նաև պատերազմական օրերի դժվարությունների մասին Գևորգն իրենց հետ չի կիսվել, անգամ ինքը չի տեղեկացրել մորն ու հորը, որ հակառակորդի ուղղաթիռ է խոցել: Ապրիլի 2-ին միայն կեսօրին Գևորգի ընկերոջից են տեղեկացել իրենց որդու հերոսական արարքի մասին: «Ընկերները զանգեցին, տեղեկացրեցին, որ պատերազմ է, հետո ասեց, թե ուղղաթիռը Գևորգն է խփել, ասում եմ՝ ինչ ուղղաթիռ, հետո բացատրում է, թե ուղղաթիռը գալիս էր մեր զորամասի վրա, Գևորգը ոչնչացրել է, հետո աստիճանաբար նոր հունի մեջ ես ընկնում, թե ինչ է կատարվել: Ընդհանրապես կապը եղել է ընկերոջ միջոցով, ասում էր, որ լավ է, ամեն ինչ նորմալ է: Հետո, երբ որ Ստեփանակերտ գնացինք, այդ ժամանակ տեսանք, խոսեցինք: Մեր որդին իր պարտքը կատարել է հայրենիքի նկատմամբ, ինձ միշտ ասում են, թե լավ երեխա ես դաստիարակել, ես ասում եմ՝ ես լավ երեխա եմ դաստիարակել, բանակն էլ՝ լավ զինվոր»,- նշեց Գևորգի հայրը՝ Հովհաննես Մանուկյանը:

Հպարտությամբ են լցված, որ իրենց որդին կատարել հայրենիքի նկատմամբ պարտքը, արժանացել բարձր խրախուսանքների ու տուն վերադարձել, սակայն անհանգստություն, այնուամենայնիվ, կա: Նշում են՝ կատարվածից պետք է դասեր քաղել:

Նշենք, որ Գևորգ Մանուկյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ հայրենիքի սահմանների պաշտպանության գործում դրսևորած բացառիկ խիզախության և անձնական արիության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար:

«Ամենամեծ զգացողությունն է, երբ զանգում են, ասում, թե՝ գիտեք ինչ մեծ քայլ է կատարել ձեր որդին, երեխեքի կյանքն է փրկել, էնպիսի մի զգացողություն է, որ չես կարող արտահայտես, դա միայն մայրն է հասկանում, երբ գիտես՝ երեխադ վտանգի մեջ է, մտածում ես, որ տարիների չարչարանքդ իզուր չի անցել»,- ասում է Գևորգի մայրը՝ տիկին Ռիման:

Հերմինե Մկրտչյան


tigran abgaryan
05.09.2016 | 12:20 Հերոս Տիգրան Աբգարյանին նվիրված հուշահամալիր բացվեց Գյումրիում Գյումրիում հուշահամալիր բացվեց՝ նվիրված արցախյան քառօրյա պատերազմում հերոսաբար ...
Снимок
26.08.2016 | 20:28 Բացվեց հուշաքար՝ ի հիշատակ ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսների Այսօր Գյումրու Մուշ 2 թաղամասում բացվեց հուշաքար՝ նվիրված ...
gevorg vardanyan
19.08.2016 | 18:28 Մյուսները ՀՀ-ից փախչում են, որ չծառայեն, իսկ ինքը գիտակցաբար եկել էր ծառայելու Այս տանն ապրել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված ...
herosner
28.07.2016 | 14:57 Անարգանք՝ ապրիլյան պատերազմի զոհերի նկատմամբ Ապրիլյան քառօրյա պատերազմին զոհված գյումրեցի հերոսների մարմիններն ամփոփված ...
Ashot
14.07.2016 | 10:55 «Քառօրյա պատերազմի ժամանակ հայ զինվորը դավաճանության զոհ է դարձել, ինչ-ինչ պայմանավորվածությունների» Ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանն, ով նահատակվեց ապրիլյան ռազմական ...
yuzixovich
04.05.2016 | 18:58 «Նկարի հետ ամեն օր կռիվ եմ տալիս». 19-ամյա Վ. Յուզիխովիչի մայր Թալիշում նահատակված 19-ամյա Վիկտոր Յուզիխովիչը մեկն էր գյումրեցի ...
alik araqelyan
27.04.2016 | 15:05 «16 տարի ծառայի եւ այսպես հատուցե՞ն… ո՛չ, չեմ ների…». փոխգնդապետ Ա. Առաքելյանի ընտանիքը հրաժարվեց բնակարանից Ապրիլի 2-ին Ջեբրայիլի մարտերում նահատակված 33-ամյա փոխգնդապետ Ալեքսան ...
gevorg vardanyan
25.04.2016 | 22:52 Վիրավոր ընկերը հետո պիտի Գեւորգի շիրիմի մոտ շնորհակալություն հայտներ խիզախ հայորդու ծնողներին 19-ամյա Գեւորգ Վարդանյանը մեծացել է հայրենիքից հեռու: Ընտանիքի ...