
Այն, որ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչ Աշոտ Շահբազյանն ընտրեց զինվորականի ուղին, պատահական չէր: Աշոտը կրում էր մի մարդու անուն, ով զոհվել էր Արցախյան ազատամարտին: Աշոտի հայրը` Կարապետ Շահբազյանը, 6 հոգանոց խմբով, ավելի շուտ Շահբազյաններով, հորեղբոր որդիների հետ միասին մեկնեց Արցախյան ազատամարտին:
Կարապետ Շահբազյանը շատ բան է տեսել ռազմի դաշտում: Աչքի առաջ կորցրել արյունակից Շահբազյաններին՝ հորեղբոր տղաներին: 6 հոգանոց խումբը մաշվեց… նա միայնակ վերադարձավ, բայց հաղթանակած: Երկու որդի ունեցավ, նրանց հորեղբոր որդիների անունները տվեց:
Որդիներին հեքիաթների փոխարեն ռազմաճակատից պատմեց, ոգեշնչեց:
Այս ընտանիքում, փոքրիկ տնակում հերոս մեծացավ, ով համալրեց Պատանի երկրապահի շարքերը: Աշոտը սիրեց հայրենի եզերքը: Աշոտը սիրեց իր գործը, նվիրվեց դիրքերին:
Զինվորականի տեղը դիրքերն է: Եթե զինվորական, ապա առաջին գծում միայն: Այսպես էր պատասխանում Աշոտ Շահբազյանը հարցին, թե ինչու Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո անգամ վիճակահանությանը չմասնակցեց եւ նախընտրեց ծառայության անցնել Ջեբրայիլում:
«Ինքն այն տեսակ տեղեր էր ուզում, որտեղ իսկական դիրքերն են, որտեղ հայրենիքն էր: Երկու անգամ փոխեցին տեղը: Հրաման եկավ, որ պետք է զորամասի մեջ աշխատանքը շարունակի, բայց նորից հրաժարվեց, ասեց՝ իմ տեղը դիրքերում է, ես դիրքեր եմ բարձրանալու եւ վերջ: Ինքն այնտեղ ավելի ամուր կզգար իրեն: Ասում էր՝ եթե ընտրել եմ զինվորականի գործը, ուրեմն զինվորականի տեղը դիրքերն է: Ոչ մի անգամ չեմ լսել դժգոհություն: Հարցնում էի՝ Աշոտ ջան, ինչպե՞ս ես, ասում էր՝ գերազանց, մի բան էլ ավել: Դա իր մշտական խոսքն է եղել»,- պատմում է Աշոտի մայրը՝ Լիաննա Շահբազյանը:
«Իր մեջ շատ արիություն կար: Ասում էր՝ տատ, գիտեմ ուր եմ գնում եւ ինչի համար եմ գնում: Միշտ ասում էր՝ ես սովորական մահով մեռնողը չեմ: Իմ մահը պետք է ամբողջ աշխարհն իմանա ու սգա: Ես պետք է հասնեմ այնտեղ, որտեղ պետք է: Ինքը հասավ այնտեղ, որտեղ իրան պետք էր, որ հերոսանար»,- ասում է Աշոտի տատիկը:
Կարգապահ էր, համեստ, հպարտ իր համազգեստով: 22 տարեկանում արդեն ավագ լեյտենանտ էր: Սիրում էր իր զինվորներին, հոգատար էր բոլորի նկատմամբ: Մայրն էլ իր հերթին էր անընդհատ հորդորում՝ զգույշ լինել, հանուն զինվորի անվտանգության, հանուն նրանց մայրերի հանգստության:
Հատկապես կապված էր տատիկի հետ: Նրա հետ էր կիսում գաղտնիքները, հորդորում էր մորը լավ նայել, ով առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունի: Աշոտին այդ հանգամանքը շատ էր անհանգստացնում:
Վերջին անգամ զրուցել են Աշոտի հետ մարտի 31-ին: Տեղեկացրել է, որ դիրքեր է բարձրանալու: Հետո այլեւս տեղեկություն չստացան: 23-ամյա Աշոտ Շահբազյանը զոհվել է Ջեբրայիլի մարտերում: Հայրն արդեն Ջեբրայիլում էր իմանալու Աշոտի հերոսական սխրանքի մասին, թե ինչպես է ժամեր շարունակ հաջողությամբ կռիվ մղել հակառակորդի դեմ: Ընկել հերոսի մահով… Նրա մարմինը խոշտանգած վերադարձրեց ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի իշխանություններին:
Աշոտի հայրը՝ Կարապետ Շահբազյանը, չի համարում, որ բանավոր հրադադարը ճիշտ որոշում էր: Թեեւ իր որդուն է կորցրել, սակայն գտնում է, որ հարցի լուծումը մեկընդմիշտ հակառակորդին ուժեղ հակահարված հասցնելն է: Այլ լեզու թշնամին չի հասկանում, բացի ուժի ցուցադրումից: Անհրաժեշտության դեպքում ինքն էլ պատրաստ է նետվել առաջնագիծ: Կրտսեր որդին նույնպես: Եվ բոլոր Շահբազյանները:
Սակայն հորդորը մեկն է, որ անկախ այն հանգամանքից, որ անգամ չգնահատված, տնակում ապրող ազատամարտիկն իր որդու հետ պատրաստ է գնալ առաջնագիծ, իշխանությունները չօգտվեն առիթից, այլ ժամանակն օգտագործեն բանակը վերազինելու, հզորացնելու ուղղությամբ միայն:
Արմենուհի Վարդանյան