
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց ԳԱԼԱ-ին առնչվող միանգամից երեք գործերի քննություն: Առաջինը ԳԱԼԱ-ի հիմնադիր Վահան Խաչատրյանի հայցն է՝ ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի համատիրությունների մոնիթորինգի բաժնի նախկին պետ Շիրակ Շահնազարյանի:
Հիշեցնենք, որ Գյումրու ՏԻՄ ընտրություններից առաջ՝ նախընտրական քարոզչության շրջանում, fact.am կայքը հրապարակեց մի հարցազրույց, որում Շիրակ Շահնազարյանը վիրավորող եւ զրպարտող բնույթի հայտարարություններ էր արել ԳԱԼԱ-ի հիմնադրի հասցեին:
Այս հայցադիմումով Վահան Խաչատրյանը պահանջում է հրապարակայնորեն արտահայտած զրպարտության համար Շիրակ Շահնազարյանին քաղաքացիա-իրավական պատասխանատվության ենթարկել:
Հայտնի է, սակայն, որ Շիրակ Շահնազարյանը հիմա չի զբաղեցնում Գյումրու քաղաքապետարանում նույն պաշտոնը: Նա կրճատման դիմում է գրել, եւ որոշ տեղեկությունների համաձայն, մշտական բնակություն է հաստատել Ղրիմում:
Դատական նիստին ներկա էր նրա պաշտպանը, ով ժամանակ խնդրեց նյութերին ծանոթանալու համար:
Մյուս երկուսը «Ալյանս» կուսակցության եւ Գյումրու ՏԻՄ ընտրություններում «Ալյանս»-ի ցուցակը գլխավորող Արմեն Բադալյանի հայցերն էին ընդդեմ ԳԱԼԱ-ի ներկայացուցիչ Արմենուհի Վարդանյանի:
Այս երկու հայցերն այսօր միավորվեցին եւ կքննվեն միասին: