Վերլուծական հաղորդաշար, որի շրջանակներում անդրադարձ է կատարվում ներքաղաքական եւ արտաքին քաղաքական ուշագրավ զարգացումներին: Ժամանակի անիվը հետ պտտելով եւ ներկան ու անցյալը համադրելով տրվում են ռեալ գնահատականներ: «Ժամանակը ջնջում է սխալն ու հղկում ճշմարտությունը», իսկ թե որո՞նք են ժամանակի ընթացքում թույլ տրված սխալներն կիմանա լոկ նա, ով դիտում է ժամանակի արագընթաց շարժումը՝ «Արխիվի 1 օրը» հաղորդաշարի դիտակետից:

Արման Սահակյանի հաջողության միակ բանաձեւը

AJ

ՀՀ քաղաքացին, ընտրողը այս կամ այն թեկնածուին լսելիս անշուշտ առաջին հերթին նրա մոտ փնտրում է պատասխանատվության, հետո միայն վստահության զգացում: Սա այն նուրբ լարերն են, որոնց վրա խաղում են քաղաքականության մեջ հայտնված լարախաղացները, ահա թե ինչու խոստում տալիս հիշեցնում են. «Վաղը ես պատասխան կտամ իմ բառերի համար: Խոստանում եմ անել եւ կանեմ, որովհետեւ վստահ եմ ուժերիս… »:

Այս ձեռագիրը որդեգրեց նաեւ 2012 թվականին քաղաքականություն մտած եւ կարճ ժամանակ անց ԱԺ գործուղված Արման Սահակյանը: Լրացավ նրա՝ որպես ԱԺ պատգամավորի գործունեության ուղիղ երկու տարին: 2 տարի առաջ էր, երբ նա ընտրողներին քվեի դիմաց խոստումներ էր տալիս, վստահեցնում, որ չի հիասթափեցնի եւ որ առնվազն 2 տարուց պատասխան է տալու հարցին՝ ինչ որոշումներ է բերել Երեւանից:

Բայց նախ ամեն ինչ սկզբից: 2010 թվականից «Շիրակ» ֆուտբոլային թիմի նախագահ դարձավ Արման Սահակյանը: Համեմատաբար ակտիվ գործունեություն նա սկսեց 2011-ին: Մամլո ասուլիսներ, տարեվերջին արդեն թեթեւ ակնարկներ, որով մայրաքաղաքից ժամանած գործարարը ցանկություն էր հայտնում զբաղվել քաղաքականությամբ:

Ամեն ինչ գործնական փուլ մտավ արդեն 2012-ին: Արման Սահակյանը հայտարարեց՝ առաջադրելու է իր թեկնածությունը Ազգային ժողովի 2012 թվականի մայիսի 6-ի ընտրություններին: Հաջորդ քայլը շատ չուշացավ. նա համալրեց Հայաստանի Հանրապետական կուսակցության շարքերը…

Հայտարարեց՝ գիտի, թե ինչու է անդամակցում, որպեսզի գործ անի Գյումրիում, որ հարցեր լուծի, դռներ թակի, կաբինետներ մտնի եւ ապահովի Գյումրու վերելքի ուղին…

Նախքան անդրադառնալը, թե ինչպես էր Արման Սահակյանը խոստանում հասնել Գյումրու համընդհանուր զարգացմանը, ինչպես էր ստեղծելու հազարավոր աշխատատեղեր, ապահովելու ներդրումների աննախադեպ հոսք, հասկանանք, թե ինչու Արման Սահակյանը ժամանեց Գյումրի…

Ակնհայտ էր, որ քաղաքականություն սահմանափակ թվով երիտասարդների մուտքը նախագահականի երիտթեւի ծրագիրն էր: Փորձ արվեց կոտրել կարծրատիպերը, իբրեւ թե հնացած դեմքերին փոխարինելու են գալիս ինտելեկտուալ, երիտասարդ կադրեր, ովքեր որոշակի իմիջ էին հաղորդելու Սերժ Սերգսյանի ռեժիմին, ի տես ոչ թե շարքային քաղաքացիների, այլ միջազգային կազմակերպությունների, թե տեսեք՝ ինչ բարեփոխումների մեկնարկ է տրվել Հայաստանում, տեսեք ինչ գրագետ կադրեր են փոխարինելու ՀՀԿ-ական վարկաբեկված հնաբնակներին՝ խորհրդարանում: Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատից պեղվեցին մի քանիսը… Նրանցից մեկին՝ Սերժ Սարգսյանի փեսայի ընկեր Արման Սահակյանին արագ եւ արհեստական կերպով գործարարի իմիջ եւ փայլ հաղորդեցին, սակայն այդ պատրանքը հօդս էր ցնդելու եւ պարզվելու էր, որ Արման Սահակյանի հաջողության միակ բանաձեւը Միքայել Մինասյանի ընկեր լինելն է: Հենց միայն այդ հանգամանքը բավական էր, որ կանաչ լույս վառվեր Գյումրիում ճանաչում չունեցող Արման Սահակյանի ճանապարհին եւ առանց բարդությունների նա ստանար Հանրապետական կուսակցության աջակցության ամբողջ սպեկտորը՝ ընտրությունների ժամանակ կիրառելով վարչական բոլոր հնարավոր լծակները:

Ռեժիմի ներկայացուցիչները թերեւս հասցրել էին ուսանել ոմանց կենսափորձը եւ հաջողության հասնելու ուղիները: Չելսիի սեփականատեր Ռոման Աբրամովիչը քաղաքականություն մտավ՝ իր գործունեությունը սկսելով աղքատության մեջ թաղված Չուկոտկայի ինքնավար շրջանից: Իմիջիայլոց, Աբրամովիչի կարիերան իհարկե ուսանելի է հայաստանյան իշխանական բուրգի բազում այլ ներկայացուցիչների համար: Ինչպես շողոքորթել եւ սպրդել, ինչպես ծիկրակել բարձրաստիճանների դռների անցքից՝ ներս հրավիրվելու ակնկալիքով: Աբրամովիչին նմանակելու փորձերը ի ցույց են դնում մերօրյա հանրապետական երիտթեւի՝ մաքսիմալի հասնելու պատկերացումները:

Ինչեւէ, ռեժիմի ինտելեկտուալ երիտթեւը գտավ, թե որն է Հայաստանի «Չուկոտկան» եւ որքան եւ ցավալի է… հանգրվանեց հյուրընկալ Գյումրիում:

Սկսեց հետեւողականորեն ձեւավորվել իմիջ, իբրեւ թե ահա՝ կայացած, ապահովված երիտասարդ գործարար է եկել մայրաքաղաքից, ով արդեն չունի վաստակելու խնդիր, փողը կա, կապերը կան, եւ գիտեն նաեւ եվրոպական տարբեր երկրների զարգացման փորձը, ուստի մնում է հետեւողականորեն կիրառել փորձված մեթոդները, համակարգային լուծումներ առաջարկել եւ կատարել դրանք…

Կարմիր թելով ողջ քարոզարշավին Արման Սահակյանը խոսեց հենց այս մասին, համոզեց գյումրեցուն, որ ինքը պատկերացնում է՝ ինչպես է զարգացնելու երկրորդ քաղաքի փլուզված տնտեսությունը: Նա կապեր ունի դրսում, ձեւերը գիտի, թե ինչպես է համոզելու արտերկրի ներդրողներին գալ այստեղ՝ զբոսաշրջության կենտրոն Գյումրի…

Այն, որ Արման Սահակյանն ինքն է սեփական միջոցներով կառուցել Գյումրիի ֆուտբոլի ակադեմիան, դարձավ քարոզարշավի առանցքային նշանակության կետը, ներկայացվեց որպես արված աշխատանք, ֆուտբոլային այդ ենթակառուցվածքի շինարարությունն ու շահագործումը մատուցվեց որպես Արման Սահակյանի կարեւորագույն ձեռքբերում: Դա նրան հաջողվեց ՝ ՀՀԿ թողտվությամբ:

Մինչդեռ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջում կարդում ենք՝ Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի կառուցման ծրագիրը Հայաստանի Հանրապետության, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և երկու միջազգային կազմակերպությունների՝ ֆուտբոլի համաշխարհային միության՝ ՖԻՖԱ-ի և ֆուտբոլի եվրոպական միության՝ ՈւԵՖԱ-ի կողմից իրականացված համատեղ ներդրումային ծրագիր է: Եվ ոչ մի խոսք գործարար Արման Սահակյանի, առավել եւս նրա կատարած ներդրումների մասին:

Թեկնածուի հիմնական ասելիքը կառուցված էր միայն խոստումների վրա: Որպեսզի ապացուցեր, որ դատարկ փամփուշտներ չի արձակում, նախընտրական ծրագրի առանցքային ձեռքբերում համարվեց գրքի հրատարակումը. «Գյումրու վերելքի ուղի», որը նախանշում էր, թե ինչպես պետք է ապահովել Գյումրիի զարգացումը:

Տնտեսական վերափոխման միջոցով պետք է զարգանար Գյումրին՝ ըստ գրքում առաջարկված տեսլականի, դրա համար Գյումրիում հատուկ տնտեսական գոտիներ պետք է ստեղծվեին: Առանցքային նախաձեռնությունների միջոցով պետք է զարգանար տեքստիլ արդյունաբերությունը, բարձր տեխնոլոգիաները: Պետք է կազմակերպվեին ցածրարժեք ավիափոխադրումներ եւ վերջապես Գյումրին, Արման Սահակյանի պատկերացմամբ, պետք է դառնար տուրիզմի կենտրոն:

Վարչական լծակների կիրառմամբ լեփ-լեցուն դահլիճներ… Արման Սահակյանին գովերգում էին բժիշկներ, մանկավարժներ, մշակութային գործիչներ… Ընտրողին համոզում՝ հերթական անգամ հուսախաբ լինելու տարբերակը բացառվում է: Խոստում՝ բառերի համար առնվազն 2 տարի անց պատասխան տալու:

Ուղիղ երկու տարի անց Արման Սահակյանն ասելիք չունի: Չկա որեւէ աշխատանք, որը կարող է մատնացույց անել: Իր կողմից արված աշխատանքները նկարագրելու մեր հորդորին նա սահմանափակվում է այսքանով. «Առանձնապես պարծենալու բան չկա»:

Սա իհարկե մեղմ է ասված… ոչ միայն պարծենալու բան չկա, այլ ցուցանիշները բացարձակ զրոյական են: Ոչ մի ելույթ խորհրդարանում, ոչ մի հարց, որ իր գործունեության ընթացքում բարձրաձայնել է խորհրդարանում չքնել խոստացող գործարարը: Միայն կողմ քվեարկություններով է ակտիվ եղել Արման Սահակյանը՝ կատարելով դակիչ ֆունկցիա խորհրդարանում: Ճիշտ այնպես, ինչպես մյուս շարքային ՀՀԿ-ականները:

Արման Սահակյանը հիմա արդեն հարցերի չի պատասխանում… հասկանալի պատճառներով: Ըմբռնումով կմոտենա խաբված ընտրողը, թե ոչ՝ դժվար է ասել…

Գյումրեցին միշտ է հուսախաբ եղել, նրա դեսպանները խորհրդարանում գրեթե չեն տարբերվում հերթական «լարախաղացից»: Ցավալիորեն, ընտրությունների ժամանակ բաժանված 5000 դրամը կարող է իրավիճակ փոխել մեր օրերում, կարող է սրբագրել այս կամ այն անձի անցած ճանապարհը, ով պահանջված կադր է համակարգի համար: Այնպես որ, ամենեւին չի բացառվում, որ վաղը դարձյալ գործարարն իր ողջ հասակով կկանգնի լեփ-լեցուն դահլիճի առաջ, կլսի ասմունքող մանկավարժների ու բժիշկների բարեմաղթանքները եւ դարձյալ 5 տարի ժամանակով կգործուղվի խորհրդարան, թերեւս արդեն հարմարավետ դարձած աթոռներին ժամանակ սպանելու գործին:

Արմենուհի Վարդանյան

Снимок
29.03.2016 | 21:29 Սուտ խոստումներով քաղաքական կենսագրություն կերտելու անհնարինությունը «Արխիվի մեկ օրը» հաղորդաշարի դիտակետում Սերժ Սարգսյան քաղաքական ...
serj colakyan
09.10.2015 | 21:30 «Խոշոր ընտրակաշառք» գյումրեցիներին Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի մեկնարկը Գյումրիում եւ Շիրակի մարզում ...
Tigran Hovik
28.04.2014 | 23:58 Հովիկ Աբրահամյանը Տիգրան Սարգսյանի խաղը չի՞ խաղա Ատկատների մեղադրանք, օֆշորային սկանդալ, «Նաիրիտի» հարցով խարդախությունների կասկածներ, ...
1386609799,2739 (1)
09.12.2013 | 21:21 Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը`օրակարգային Համարժե՞ք է արդյոք հայաստանյան ընդդիմադիր դաշտի արձագանքը երկրի ...
1381178792,6914
28.11.2013 | 13:03 Պուտինյան ճնշումներով, եվրոպական երազանքներով… Սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահի` Մոսկվայում արած այն հայտարարությունը, ...
1383758326,8819
06.11.2013 | 21:17 Փոստանջյանի հարցի հետևանքները ԵԽԽՎ-ում ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված ...
1381178792,6914
08.10.2013 | 00:45 Պուտինյան ճնշումներով, եվրոպական երազանքներով… Սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահի` Մոսկվայում արած այն հայտարարությունը, ...
1378750202,3844
09.09.2013 | 11:11 Բյուջեի թալանից, մինչեւ ներիշխանական խմորումներ Գարնանային նստաշրջանում խորհրդարանում ակտիվորեն քննարկվեց Վերահսկիչ պալատի նախորդ ...
]
30.07.2013 | 11:29 Ռուսաստանը Հայաստանի հետ խոսում է սպառնալիքի լեզվով Անդամակցում Եվրամիությա՞նը, թե՞ Եվրասիական Միությանը: Հայաստանյան իշխանությունների ընտրած ...
1373303851,1395
08.07.2013 | 21:16 Ռեժիմի խաղի կանոնները. ո՞ր դեպքում եվ ինչպե՞ս են խժռում յուրայիններին Օրերս լրացավ ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան մեկ ...