Հասարակական- քաղաքական իրադարձությունները լուսաբանող հաղորդաշար, որի շրջանականերում անդրադարձ է կատարվում վերջին շաբաթվա կարեւորագույն իրադարձությանը: Տաղավար են հրավիրվում քաղաքական, հասարակական գործիչներ, ովքեր խոսում են կարեւորագույն իրադարձությունների մասին, վերլուծում եւ իրենց կարծիքն են արտահայտում թեմայի վերաբերյալ:

Հայաստանին արծաթե սկուտեղի վրա չի մատուցվի ժողովրդավարություն, օրենքի գերակայություն. դա անհնար է. ԵՄ պատվիրակության ղեկավար

svitalski

«Կարեւորի մասին» հաղորդման շրջանակներում ԳԱԼԱ -ի հյուրն է ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Հարցազրույցը՝ ստորեւ:

-Շնորհակալություն: Նախ և առաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել հրավերի համար: Ինձ շատ հաճելի է լինել այստեղ և հարցազրույց տալ ԳԱԼԱ հեռուստաընկերության հեռուստադիտողների համար: Շատ ուրախ եմ, որ իմ առաքելությունը Հայաստանում համընկել է շատ կարևոր ժամանակաշրջանի հետ, երբ մեկնարկ կտրվի Հայաստանի և ԵՄ միջև նոր համաձայնագրի շուրջ բանակցություններին: Հայաստանը ԵՄ համար շատ լուրջ գործընկեր է, Եվրոպական միության հարևանության անբաժան մասը, և մեր և նաև Հայաստանի համար կարևոր է համագործակցությունը դնել ավելի ամուր, իրավական հիմքերի վրա: Շատ ուրախ եմ նշել, որ ԵՄ և Հայաստանի միջև բանակցությունները պաշտոնապես կմեկնարկեն, ամենայն հավանականությամբ, այս տարվա դեկտեմբերին, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի մասնակցությամբ՝ Բրյուսելում, և պետք է նշեմ, որ Հայաստանը և ԵՄ-ն վճռական են տրամադրված այս բանակցությունները հնարավորինս սահուն և կառուցողական իրականացնելու հարցում: Նոր համաձայնագիրը չի լինելու ասոցացման համաձայնագիր, քաղաքական բաղադրիչում այն հավանաբար կպահպանի քաղաքական հանձնառությունները՝ ներառյալ արդարադատությունը, ներքին գործերի ոլորտը և այն ոլորտները, որոնք բանակցվել էին Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ, այնուամենայնիվ նոր համաձայնագրում հավանաբար հնարավոր չի լինի ներառել առևտրին վերաբերող հավակնոտ հատվածը, որն Ասոցացման համաձայնագրում էր, քանի որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է և հետևաբար այն չի կարող ունենալ առևտրի մասով արտոնյալ մուտք դեպի Եվրոպական միության շուկա:

-Պարոն Սվիտալսկի, ի՞նչ եք կարծում, Հայաստանը կունենա՞ բավարար ազատություն ԵՄ հետ համագործակցությունը շարունակելու հարցում և անգամ քաղաքական բաղադրիչի շուրջ համաձայնության գալու հարցում: Կա մտավախություն, որ գուցե դարձյալ վերջին պահին ինչ-ինչ պլաններ փոխվեն:

-Մենք բանակցությունները սկսում ենք լավատեսորեն, սա նշանակում է, որ մենք նպատակ ունենք հաջողությամբ ավարտել բանակցային գործընթացը և ապահովել դրական արդյունք: Բանակցությունների վերջում ցանկանում ենք ունենալ համաձայնագիրը Հայաստանի հետ, որը կարծում ենք, որ դա իրատեսական նպատակ է: Վստահ եմ, որ Հայաստանն ուզում է ունենալ համաձայնագիրը, քանի որ այս համաձայնագիրը շատ կօգնի Հայաստանին. այն կբացի նոր փուլ, այն կօգնի Հայաստանին ամրապնդել իր միջազգային դիրքը, այդ է պատճառը, որ ես լավատես եմ: Հավանաբար կլինեն դժվարություններ, կլինեն նաև տեխնիկական խնդիրներ, որոնք անհրաժեշտ կլինի լուծել: Որոշ խնդիրներ արդեն ակնհայտ դարձան համագործակցության ոլորտների ուսումնասիրության փուլում: Կարող են լինել նաև քաղաքական խնդիրներ, բայց ինչպես արդեն քննարկվել է նախքան բանակցությունների մեկնարկի մասին համաձայնություն ձեռք բերելը, դրանց լուծելը մեր հնարավորությունների սահմաններում է: Այդ իսկ պատճառով ես վստահ եմ, որ մենք կունենանք Հայաստանի հետ համաձայնագիրը:

-Դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի կունենա Սահմանադրական հանրաքվե, որը տարբեր գնահատականների համաձայն միտված է իշխանությունների վերարտադրությանը: Հետևելով տեղի ունեցող պրոցեսներին՝ ի՞նչ կարծիքի եք. Հայաստանը պատրա՞ստ է այդ փոփոխություններին: ԵՄ-ն ունի՞ արդյոք մտավախություն, որ այդ փոփոխություններն առաջընթաց չեն արձանագրի: Ավելին, միակուսակցական համակարգի ստեղծման վտանգավորություն կծնի:

-Հայաստանի քաղաքացին է որոշում, թե ինչ կառավարման համակարգ ընտրել իր երկրի համար: Մեզ համար ցանկալի է տեսնել, որ հայաստանցիների նախընտրած սահմանադրական լուծումներն արտահայտեն երկրի, պետության, հասարակության երկարատև տեսլականը: Դա խիստ կարևոր է: Եվ մեզ համար, իսկ մենք այս պարագայում բարեկամ դիտորդներ ենք, կարևոր է, որ հանրաքվեին նախորդող քննարկումները լինեն թափանցիկ, ներառական, և որ բոլոր նրանք, ովքեր ունեն դիրքորոշում՝ դրական, թե նեգատիվ, հնարավորություն ունենան ազատ արտահայտել իրենց դիրքորոշումը: Կարող եմ ասել, որ հանրաքվեի նախապատրաստման ողջ ընթացքում հանրապետության իշխանությունները սերտորեն, նույնիսկ օրինակելի կերպով համագործակցել են Վենետիկի հանձնաժողովի հետ: Վենետիկի հանձնաժողովը Եվրոպայի խորհրդի կառույց է, որն աջակցում է երկրներին ինստիտուցիոնալ փոփոխությունների մշակման գործում, օգնում է մշակել սահմանադրություններ: Հայաստանի կառավարությունը խորհրդակցել է Վենետիկի հանձնաժողովի հետ, երկու անգամ սահմանադրության նախագծի տեքստի շուրջ, և Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների մեծ մասը հաշվի են առնվել, ոչ բոլորը: Նախագծի ներկա տարբերակում դեռ կան մասնիկներ, որոնք թերևս բավարար չեն արտաքին դիտորդների համար: Այս փոփոխությունների վերաբերյալ հայերի կարծիքն անշուշտ հայերին է վերապահվում: Մենք ցանկանում ենք ընդգծել, որ Հայաստանը պիտի շարունակի բարեփոխումների իր ուղին, արդիականացնի կառավարման համակարգը: Իսկ մեզ համար կարևորն այն է, որ որոշ անհրաժեշտ բարեփոխումներ, ներառյալ ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ու լրացումները, իրականացվեն ըստ նախապես ծրագրվածի, այսինքն 2016 գարնանը փոփոխությունները հաստատվեն և իրականացվեն իշխանությունների կողմից: Մեր՝ որպես միջազգային դիտորդների համար սա կարևորագույն կետերից մեկն է:

-Նույն Վենետիկի հանձնաժողովը չի թույլատրում ընտրություններից օրեր առաջ օրենսդրական փոփոխություններ կատարվեն: Եթե առջևում ընտրական պրոցես է, առնվազն 6 ամիս առաջ պետք է կատարվեն օրենսդրական փոփոխություններ: Սակայն ՀՀ ԱԺ-ն վերջերս արտահերթ նիստում դարձյալ օրենսդրական փոփոխություններ է կատարել՝ թույլատրելով քաղաքացիներին քվեարկել նույնականացման քարտերով՝ որևէ մեխանիզմ չստեղծելով, որը կբացառի կրկնաքվեարկությունը:

-Նույնականացման քարտերով քվեարկելը մի ընթացակարգ է, որը գործում է մի շարք երկրներում: Ժողովրդավարական գործընթացներում սա նորամուծություն չե: Իհարկե կան առաջարկություններ Վենետիկի հանձնաժողովի կողմից և ոչ միայն, որ քվեարկության ընթացակարգի փոփոխությունները պետք է մտցվեն նախապես, ընտրության կամ հանրաքվեի օրվանից բավականին առաջ: Եվ այս կարգը պետք է հարգվի: Գոյություն ունեն այլ խնդիրներ, որոնք դեռևս նախկինում արտաքին դիտորդների և միջազգային կազմակերպությունների, ներառյալ ԵԱՀԿ-ի և ԵՄ-ի կողմից ճանաչվել են որպես բացթողումներ: Ինչպես արդեն նշեցի, անհրաժեշտ է վերանայել Ընտրական օրենսգիրքը: Մենք խիստ կարևորում ենք այն: Կարծում եմ հայ հասարակության շահերից է բխում, որ հանրաքվեն և հաջորդ ընտրություններն անցկացվեն միջազգայնորեն ընդունված ազատ և արդար պայմաններում: Դա բխում է բոլորի՝ թե իշխանությունների և թե ընդդիմության շահերից: Եվ ես հույս ունեմ, որ այս հանրաքվեն կանցկացվի այնպես, որ հասարակությունն ընդունի քվեարկության արդյունքները, որպեսզի սահմանադրությունն ունենա միավորող դեր: Սահմանադրության դերը մարդկանց և հասարակությանը միավորելն է: Այն պետք է այնպես ընդունվի, որ հասարակությունը վստահ լինի, որ Սահմանադրությունն արտահայտում է բոլորի կարծիքը, այն պետք է արտահայտի երկրի տրամադրությունը: Դա խիստ կարևոր է յուրաքանչյուր երկրի սահմանադրության համար, և լիահույս եմ, որ դա տեղի կունենա Հայաստանում: Հուսով եմ, որ քվեարկության գործընթացը կլինի արդար ու ազնիվ:

-Դատելով նախորդ ընտրությունների փորձից՝ արդյոք արժե հուսալ, որ հանրաքվեն կանցնի ժողովրդավարական չափանիշներին համապատասխան:

-Ես միշտ հավատում եմ ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը: Հավատում եմ, որ հայերը գենետիկորեն դեմոկրատ են և ձգտում են ժողովրդավարության: Վստահ եմ նաև, որ Հայաստանը կկարողանա հաշվի առնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաջարկություններն ու դիտողությունները, որոնք տրվել են ոչ այս հանրաքվեի համար, այլ նախորդ ընտրությունների ժամանակ, և կկարողանա իսկապես ապահովել ժողովրդավարական գործընթացներ ընտրության առումով:

-Պարոն դեսպան, Սահմանադրական հանրաքվեից առաջ նկատելի է դառնումոր ամբողջ պետական ապարատն աշխատում է ՀՀ իշխանությունների օգտին: Ու դա ամենևին չեն թաքցնում ՀՀ իշխանություններըորովհետև անձամբ Ս.Սարգսյանի կողմից վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշանակվեց հանրաքվեի կենտրոնական շտաբի պետև նույնկերպ մարզպետները, տարբեր պաշտոնյաներ կընդգրկվեն այդ շտաբի ստորին օղակներում: Դուք միջազգային իրավունքի խախտում նկատո՞ւմ եք այստեղ

-Մեկ այլ առիթով կարող ենք անդրադառնալ Վենետիկի հանձնաժողովին, որը հանրաքվեի անցկացման շատ հստակ կանոններ է սահմանել: Այդ կանոններից մեկն է վարչական ապարատի չեզոքությունը հանրաքվեի անցկացման ընթացքում: Եթե Հայաստանը ձգտում է դառնալ ուժեղ երկիր, պետք է հստակ տարանջատում սահմանել քաղաքական գործիչների և քաղծառայողների միջև, մի բան, ինչը Եվրոպայում ստանդարտ պրակտիկա է: Հայաստանը պետք է շատ հստակ բաժանարար գիծ անցկացնի քաղաքական դիրքորոշումների և քաղաքացիական ծառայության միջև, սահմանել լավ օրենսդրություն և հաստատել հզոր քաղաքացիական ծառայություն, սա է իմ առաջարկությունը հայաստանցիներին: Որոշ երկրներում վարչապետի, նախարարների, փոխնախարարների պաշտոնները քաղաքական գործառույթներ ունեն, իսկ վարչության պետի, բաժնի ղեկավարի պաշտոնները նախարարությունում կամ պետական հիմնարկում կամ ոլորտի պատասխանատուների պաշտոնները քաղծառայողների համար են: Քաղծառայողները չպետք է ներգրավվեն քաղաքական քարոզարշավներում, և դա աքսիոմա է: Քաղաքացիական ծառայությունը պետք է լինի չեզոք և երբեք չընդգրկվի քաղաքական գործունեությունների մեջ: Քաղաքական գործիչները, որոնք զբաղեցնում են քաղաքական պաշտոններ, ազատ են ցանկացած տեսակի քարոզարշավ անցկացնել, բայց քաղծառայողները՝ ոչ:

-ԵՄ-ն ահռելի ֆինանսական միջոցներ է հատկացնում Հայաստանին: Ձեր կարծիքով, դրանք ծառայո՞ւմ են իրենց նպատակին, որպեսզի ժողովրդավարությունը զարգանա, պետական կառավարման համակարգը կայանա , թե՞ ավելի են մեծացնում կոռուպցիոն ռիսկերը Հայաստանում:

-ԵՄ-ն Հայաստանի ամենախոշոր դոնորն է: Մենք տարեկան 15 մլն եվրո ֆինանսական աջակցություն ենք տրամադրում Հայաստանին: Հայաստանի անկախացումից ի վեր մենք արդեն տրամադրել ենք Հայաստանին կես միլիարդ եվրո, դա բավականին լուրջ աջակցություն է: Մենք հետաքրքրված ենք, որ այդ ֆինանսավորումն արդյունավետ իրացվի: Օժանդակության մի մասը տրամադրվում է բյուջետային աջակցության միջոցով, որոշը տրամադրվում են որպես դրամաշնորհներ՝ ներառյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին: Հասկանալի է, որ որոշ ծրագրեր չեն կարող անմիջապես արդյունքներ տալ, բայց մենք հետևողական ենք: Սակայն լավ կլիներ, որ ՀՀ քաղաքացիները զգային այս աջակցության հետևանքները: Մենք նախատեսում ենք սկսել մի նախագիծ, որը կօգնի ավելի արդյունավետորեն հայտնաբերել Հայաստանի կարիքները և համապատասխանեցնել ԵՄ աջակցությունը՝ այն դարձնելով ավելի արդյունավետ: Իհարկե կարող են լինել դրական արդյունքները խոչընդոտող գործոններ, որոնցից մեկն անկասկած կոռուպցիան է, ոչ արդյունավետ կառույցները և այլն, և այլն: Բայց մենք ձգտում ենք օգնել Հայաստանի Հանրապետությանը լուծել այս խնդիրները, պատրաստ ենք աջակցելու և շարունակելու ենք լինել Հայաստանի կողքին: Եթե Հայաստանի Հանրապետությունը ձգտում է ինքնիշխանության, այսինքն, ներքին համակարգում լինել ինքնավստահ և անկախ և ապահովել այն, որ ունենա լավագույն հասարակությունը, պետք է իհարկե պայքարել կոռուպցիայի դեմ և փորձել ավելի կիրառելի դարձնել ԵՄ աջակցությունը տարբեր ուղղություններով:

-Ամենևին ցանկություն չունենալով թերագնահատել Ձեր աշխատանքը՝ ինձ հետաքրքրում է, թե այդ աջակցությունը, որը տրամադրվել է Հայաստանին, իրապե՞ս ծառայել է հայ ժողովրդի բարեկեցությանը: Ի նկատի ունեմ ժողովրդավարական երկրում ապրելու հարցում, թե՞ հակառակը, ունեցել է հակառակ ազդեցությունը՝ ժողովուրդն աղքատացել է, ժողովուրդը հեռացել է, տնտեսությունը քայքայվել է, բայց հարստացել են իշխանությունները, գործող ռեժիմը, մերձավոր շրջապատը: Հիմա դուք ո՞նց եք չափում առաջընթացը:

-Եվրամիության աջակցության տեսակետից միշտ պատրաստ եմ լսել հետադարձ կարծիքներ այն մասին, թե ինչպես են հայերը տեսնում Եվրոպական միության աջակցությունը: Եվրամիությունն ունի ներքին ընթացակարգեր, որոնց միջոցով ստուգվում է, թե արդյոք տրամադրված դրամական միջոցներն իրացվել են ըստ ընթացակարգի, թե ոչ, ներառյալ բյուջետային աջակցության միջոցով տրամադրվող դրամական միջոցները: Պետք է ասեմ, որ այդ գումարների գերակշիռ մասը ճիշտ է ծախսվում: Կան, իհարկե, քիչ բացառություններ, երբ գումարները պատշաճորեն չեն ծախսվել: Մենք Հայաստանի իշխանությունների հետ միասին զբաղվում ենք այդ դեպքերի ուսումնասիրմամբ: Եվրոպական միության գումարների լավագույն ներդրման համար մեզ անհրաժեշտ է ունենալ հեռանկար, տեսլական, երկարաժամկետ ռազմավարություններ, երկարատև ծրագրեր: Մենք դա հաճախ ենք վիճարկում ՀՀ իշխանությունների հետ՝ պահանջելով նրանց տեսլականը, քանի որ մենք ձգտում ենք, որ մեր աջակցությունը լավագույն կերպով փոխլրացնի ձեր պլանները: Աջակցության արդյունավետությունն ապահովող ամենավստահելի եղանակն այս է:

Անշուշտ շատերը շահել են մեր աջակցությունից: Մասնագիտական ուսուցման և վերապատրաստման ծրագրի շրջանակներում այցելելով պետական քոլեջներ, որոնք հիմնանորոգվել եմ ԵՄ ֆինանսավորմամբ, այդ երիտասարդ ուսանողների աչքերում տեսա երախտագիտության զգացողություն: Նրանք շատ ուրախ էին, որ Եվրոպական միության շնորհիվ կարող են կրթություն ստանալ ժամանակակից սարքավորումներով հագեցած լավ շենքերում: Նույնկերպ Եվրոպական միությունը ֆինանսավորել է 12 դատարանների շենքերի վերանորոգման կամ վերակառուցման աշխատանքները: Դարձյալ շոշափելի աջակցություն, որի շնորհիվ Հայաստանի արդարադատության համակարգը կարող է ավելի արդյունավետ գործել: Նույնիսկ վերջին օրերին տեղի ունեցող հնդկացորենի աճեցման թեմայով վերապատրաստման դասընթացը, որը Եվրոպական միությունը տրամադրում է ֆերմերների համար, կօգնի նրանց կիրառել լավագույն տեխնոլոգիաները: Օգուտներն անխուսափելի են: Եվ կան շատ այլ նման ծրագրեր, որոնք անգամ եթե տեսանելի չեն, իրենց օգուտներն են բերում: Բայց ես համաձայն եմ այն կարծիքի հետ, որ մենք կարող ենք ավելին անել: Ավելին անելու համար մեզ պետք է կառավարության տեսլականը, ռազմավարությունը և քաղաքացիների արձագանքը: Ասեք մեզ՝ որտեղ եք ցանկանում ուղղել ԵՄ ֆինանսական աջակցությունը, որպեսզի ավելի օգտակար լինենք ձեզ:

-Իհարկե կան ոլորտներ, որտեղ արվում է ինչ-որ բան, և իշխանությունները դա չեն էլ կարող չանել, որովհետև ինչ-որ բան, այնուամենայնիվ, պետք է ցույց տալ՝ և Ձեզ, և հանրությանը:

Այնուամենայնիվ, ո՞ւր է ժողովրդավարությունը, քաղաքացին կհարցնի, ո՞ւր է կառուցված դատարաններում արդար դատաքննությունը: Ինչո՞ւ երկրում արմատախիլ չի արվում կոռուպցիան և այլն: Այսինքն, առանցքային շատ կարևոր հարցերում, որ անհրաժեշտ է քաղաքացուն իր երկրում պահելու համար, այդ հարցերում կա լրջագույն բացթողում:

Ես մի օրինակ բերեմ. 2012-2013 թվականներին ԵՄ-ն աջակցեց Հայաստանին 1,7 մլն եվրոյով, որպեսզի արդար ընտրություններ կազմակերպվեն: Ընտրություններն անցան այնպես, ինչպես տեղի են ունենում: ԵՄ-ն արդյոք պահանջեց հաշվետվություն, թե ուր են արդար ընտրությունները:

-Մենք բավականին լուրջ և խիստ ընթացակարգեր ունենք ստուգելու ծրագրերի իրականացումը: Սա չի նշանակում, որ մեր կողմից ֆինանսավորվող բոլոր ծրագրերն են հաջողվում: Մենք ունենք լիարժեք հաջողված ծրագրեր, մասամբ հաջողված ծրագրեր և ունենք նաև խափանված ծրագրեր, բայց վստահ եղեք՝ ԵՄ-ն ունի ծրագրերի գնահատման խիստ ընթացակարգ: ԵՄ աջակցությունը բարեգործություն չէ:

Դա հարևաններին օժանդակելու փիլիսոփայություն է: Մենք աջակցում ենք Հայաստանին՝ ընդարձակ եվրոպական տարածքի մի հատվածին, արդիականացնել պետությունը, զարգացնել տնտեսությունը, արդիականացնել հասարակությունը: Հայաստանի քաղաքացիները պետք է որոշեն իրենց ապագան: Եվրոպական միությունը Հայաստանի փոխարեն չի կարող կատարել տնային առաջադրանքը. մենք կարող ենք օգնել, խրախուսել, մենք կարող ենք փոխանցել մեր փորձն ու տրամադրել խորհրդատվություն, բայց մենք չենք կարող հայերի փոխարեն կատարել իրենց աշխատանքը: Անշուշտ հասկանալի է, որ անցումային շրջանը դյուրին չէ: Շատ այլ երկրներ են բախվում նույն դժվարությունների հետ: Անցումը սովետական բռնատիրական համակարգից դեպի լիարժեք ժողովրդավարական համակարգ հեշտ չէ, և հատկապես մի երկիր, որը պատմության ընթացքում չի ունեցել անկախության և ինքնիշխանության փորձ, դժվարությամբ կկառուցի ինքնիշխանության սեփական մոդելը: Միաժամանակ անբարենպաստ է Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը. այն մեկուսացված է՝ արևելյան սահմանում՝ հակամարտություն, հարավի սահմանը Թուրքիայի հետ փակ է: Խոչընդոտները շատ են: Հասկանում ենք, որ Հայաստանի համար հեշտ չէ, բայց մենք կշարունակենք մասնակից լինել, և անգամ եթե կան հուսահատեցնող գործոններ, Եվրոպական միությունը կմնա Հայաստանի կողքին, կշարունակի աջակցել, խրախուսել և քաջալերել Հայաստանին, բայց նույնիսկ մեծ ցանկության դեպքում ոչ ոք, նույնիսկ Եվրոպական միությունը Հայաստանին արծաթե սկուտեղի վրա չի մատուցի ժողովրդավարություն, օրենքի գերակայություն կամ արդարադատություն, դա անհնար է:

-Ի՞նչ եք կարծում. իշխանությունները, ի դժբախտություն Հայաստանի ազգաբնակչության, թիկունքում ունենալով միջազգային կազմակերպությունների աջակցությունը, սկսում են ավելի վստահ գործել: Վստահ ոչ թե ժողովրդավարությունը կայացնելու հարցում, այլ ճիշտ հակառակը: Այդ գումարները սեփական բարեկեցությանն են ծառայեցնում: Գուցե դիվանագիտության լեզուն թույլ չի տալիս իրերն իրենց անուններով կոչելու, բայց իրական պատկերը ցույց է տալիս, որ առաջընթաց չի արձանագրվել երկրում: Հետևաբար քաղաքացին արդարացի հարց կտա՝ արդյոք միջազգային կառույցներն օգնում են, թե՞ հակառակը՝ խանգարում են մեզ: Որովհետև ինչպես նշեցի, իշխանությունները նաև միջազգային կառույցներով են ուժեղ այս պահին:

-Նախ և առաջ շատ ուրախ եմ, որ Ձեր խոսքը պարունակում է բազմաթիվ լուրջ քննադատական դիտողություններ, որից եզրակացնում եմ, որ թափանցիկությունն ու խոսքի ազատությունը Հայաստանում շատ ամուր հիմքերի վրա է: Եվ կարող եմ ինքս էլ դա հաստատել, քանի որ ես հանդիպում եմ թե կառավարության ներկայացուցիչների և թե ընդդիմության, քաղաքացիական հասարակության հետ և շատ ուրախ եմ, որ լսում եմ տարբեր, ներառյալ շատ քննադատական կարծիքներ: Եվ դա լավ է Հայաստանում ժողովրդավարության կայացման համար, որ մարդիկ ազատ կարող են արտահայտել իրենց կարծիքը: Ինչ վերաբերում է ԵՄ օժանդակությանը, այն ուղղված է հասարակությանն ընդհանուր առմամբ: ԵՄ համագործակցության ծրագրերը նախատեսված են ամբողջ հայ հասարակության համար: Մենք համագործակցում ենք կառավարության հետ, սակայն միաժամանակ մենք համագործակցում ենք նաև ՀԿ-ների հետ, քաղաքացիական հասարակության հետ, ունենք բիզնես համայնքի աջակցության հատուկ ծրագրեր, մենք մեկնարկում ենք մի մեծ ծրագիր՝ ուղղված ռեգիոնալ կառույցների աջակցությանը, համագործակցում ենք տեղական ինքնակառավարման մարմինների հետ, փորձում ենք հնարավորին չափ ընդգրկուն դարձնել մեր առաջարկությունը: Ձգտում ենք հասանելի դառնալ Հայաստանի հասարակության բոլոր հատվածների համար: Եվ, ինչպես ես արդեն ասացի, մենք ունենք բազմակողմանի ծրագիր և հույս ունենք, որ ՀՀ բոլոր քաղաքացիները կօգտվեն դրանից: Մենք չենք տրամադրում քաղաքական աջակցություն այս կամ այն քաղաքական հատվածին կամ որևէ քաղաքական կուսակցությանը: Մենք երկարատև հեռանկարներ ունենք: Դերակատարները փոխվում են, քաղաքական կուսակցությունները փոխվում են, նախագահները փոխվում են, վարչապետները փոխվում են, բայց մենք ձգտում ենք երկարատև ներկայություն ունենալ Հայաստանում: Այդ առումով լավ է, որ դուք քննադատում եք: Ես հաշվի եմ առնում ձեր քննադատական մեկնաբանությունները:

Եվ ինչպես նշեցի, մեզ խիստ անհրաժեշտ է Ձեր արձագանքը՝ համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու համար: ԵՄ-ին խիստ անհրաժեշտ է արձագանքը՝ այս կամ այն բարեփոխման ծրագրի արդյունավետության վերաբերյալ: Շնորհակալ եմ ևս մեկ անգամ: Այս հարցազրույցի ընթացքում բավականին նոր բաներ լսեցի, իմացա և դա ինձ դուր է գալիս ըստ էության: Նորից ընդգծում եմ այն, որ կա խոսքի ազատություն, և մարդիկ ազատ կարող են իրենց կարծիքն արտահայտել: Ինձ դա դուր է գալիս, շնորհակալ եմ ձեզ դրա համար:

Հարցազրույցը՝ Արմենուհի Վարդանյանի

Դիտվել է՝

ararat mirzoyan
26.05.2018 | 20:13 «Որոշողը ՀՀ քաղաքացիներն են». Փաշինյանի գլխավորած ուժն արտահերթ ընտրություններին հավակնում է բացարձակ մեծամասնության «Քաղաքագիտական նոնսենս կլինի, եթե որևէ կուսակցություն ուզենա մասնակցել ...
image
26.05.2018 | 10:28 «Ոչ մի բիզնեսի փայ չենք մտնելու, ոչ մի պաշտոնատար անձի հանձնարարականներ չենք տալու». «Կարեւորի մասին»՝ Արտակ Զեյնալյանի հետ «Մենք հրահանգել ենք չաշխատել հրահանգով»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում «Կարեւորի մասին ...
ara papyan
24.05.2018 | 16:07 ՀՀԿ-ն փորձելու է ապակայունացնել իրավիճակը. «Կարևորի մասին»՝ Արա Պապյանի հետ «Կկարողանա՞ նոր իշխանությունը փոփոխություններ անել՝ շատ բան կախված ...
armen
22.05.2018 | 21:28 «ՀՀԿ-ն հանցավոր բանդա է. պետք է գտնել ձեւ՝ արգելելու գործունեությունը» «Կարեւորի մասին» հաղորդման հյուրն է «Հանուն Հայաստան պետության» ...
karaet
22.05.2018 | 18:35 «Մարզպետի թեկնածուի հարցի շուրջ ՇՄ-ում արհեստական օրակարգ է ձևավորվել». ՔՊ ներկայացուցիչ Ինչպե՞ս է ստացվելու նորաստեղծ կառավարություն – ՀՀ խորհրդարան ...
arayik harutyunyan
21.05.2018 | 18:48 Ամիսների ընթացքում պետք է մանկավարժի աշխատավարձի բարձրացման մասին որոշումներ ունենանք ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը խոսում է ԿԳ ...
stepan danielyan
19.05.2018 | 16:45 «Սա «100 օրվա» կառավարություն է. մի վայրկյան սպասելու ժամանակ չկա». Ս. Դանիելյան «Կարեւորի մասին» հաղորդման հյուրն է քաղաքագետ, «Համագործակցություն հանուն ...
manvel
05.05.2018 | 20:00 Մի անգամ էլ խփեին, ոստիկանությունը բացահայտ կանցներ ժողովրդի կողմը. «Կարևորի մասին»՝ Մանվել Սարգսյանի հետ «Շարժումը օրակարգ ուներ, հասարակությանն ասվեց՝ ինքը ինչ պետք ...
Снимок
15.12.2017 | 22:04 Երկրում կազարմային իրավիճակ է. «Կարևորի մասին»՝ Արթուր Սաքունցի հետ «Մենք բոլորս գտնվում ենք քրեակատարողական հիմնարկում, ավելին, սա ...
11111
11.12.2017 | 19:18 «Բրավո՛, կեցցե՛ք, առաջին անգամ չէ, որ գաղափար եք տանում» Գյումրիում լույս տեսնող «Շրջապատ» շաբաթաթերթի խմբագիր Սյուզի Մեխակյանը ...