Հասարակական- քաղաքական իրադարձությունները լուսաբանող հաղորդաշար, որի շրջանականերում անդրադարձ է կատարվում վերջին շաբաթվա կարեւորագույն իրադարձությանը: Տաղավար են հրավիրվում քաղաքական, հասարակական գործիչներ, ովքեր խոսում են կարեւորագույն իրադարձությունների մասին, վերլուծում եւ իրենց կարծիքն են արտահայտում թեմայի վերաբերյալ:

«Չի կարելի ընտրել եվրոպական արժեքներից մի քանիսը՝ ասես մենյուից ընտրելիս լինես». Պ. Սվիտալսկի

despan svitalski

«Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում ներկայացնում ենք ԳԱԼԱ-ի բացառիկ հարցազրույցը ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ:

-Բարև Ձեզ, պարոն Սվիտալսկի, շնորհակալություն, որ Դուք այսօր մեզ հյուր եք եկել: Տեղյակ ենք, որ իրականացվում է եվրոպական արժեքների և մարդու իրավունքների պաշտպանության թեմաներով արվեստի ծրագիրը, որը ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից: Ծրագրի մասին կխնդրեի որոշակի մանրամասներ ներկայացնել:

-Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել այս հրավերքի համար: Ինձ համար մեծ պատիվ է հնարավորություն ունենալ ԳԱԼԱ հեռուստաընկերության հեռուստադիտողի հետ խոսել: Եվ ես կսպասեմ ևս մեկ հնարավորության:

Իսկապես իմ այցելության նպատակը Բեռլին Արտ հյուրանոցում ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցելն էր: Ցուցահանդեսը կազմակերպված էր Գյոթեի ինստիտուտի կողմից, և այս ցուցահանդեսը շատ կարևոր է ներկայացնելու եվրոպական արժեքներից մեկը, այն է՝ ժողովրդավարությունը: Ցուցահանդեսը ցույց է տալիս, թե ինչքան բարդ ուղի է անցել Եվրոպան՝ ժողովրդավարության հասնելով:

Եվ բացի դրանից, ցուցահանդեսի մի մասը կազմում էին արվեստի գործերը, որոնք պատրաստվել էին գերմանացի արվեստաբանի օգնությամբ և մասնակցությամբ՝ Գյումրիում և Շիրակի մարզի գյուղերից մեկում բնակվող երեխաների ուժերով: Այս ծրագիրը կարևոր ծրագիր է: Փոքր, բայց խորհրդանշական: Ինչու է կարևոր, որովհետև ցույց է տալիս, թե ինչպես կարող ենք Հայաստանի և Եվրամիության միջև բացը կամրջել՝ արվեստի միջոցով: Եվ մենք կարծում ենք, որ Եվրոպային և Հայաստանին կապող, կամուրջ հանդիսացող ծրագրի իրականացման լավագույն տեղը Գյումրին էր, որովհետև Գյումրին ունի իր կոչումը՝ որպես մշակութային մայրաքաղաք, որը և հայտնի է իր առաջադեմ և ճանաչված արվեստագետներով, նկարիչներով, դերասաններով, ֆիլմարտադրողներով, ռեժիսորներով:

-Ծրագրի նպատակն է արվեստի միջոցով նպաստել եվրոպական արժեքների՝ մասնավորապես հավասարության, խոսքի ազատության, հանդուրժողականության և ժողովրդավարության զարգացմանը: Հայաստանը երկար ճանապարհ է անցել, սակայն ժողովրդավարության կերտման ճանապարհին ինչ-որ բան չի ստացվել: Լինե՞նք այնքան լավատես, որ մտածենք, թե արվեստի միջոցով է հնարավոր իրավիճակ փոխել:

-Արդյունաբերության փլուզումը 25 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի պատերազմը շատ լուրջ մարտահրավերներ էին և լուրջ դժվարություններ էին՝ դիմակայելու անհրաժեշտ: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ հայերը հետ նայելով կարող են արձանագրել, որ իրենք շատ լուրջ ձեռքբերումներ են ունեցել, թեև բոլոր մարտահրավերները չէ, որ հաղթահարված են: Եվ թեև բավարարված չեն, այնուամենայնիվ, եթե մենք դիտարկենք, թե արդյոք եվրոպական այնպիսի արժեքները, ինչպիսին են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը, հնարավո՞ր է ձեռք բերել Հայաստանում, ապա իմ պատասխանը կլինի այո, ես լավատես եմ: Հասարակ քաղաքացիների, հայերի հետ իմ զրույցների ժամանակ ես ինչ եմ տեսել, իմ պաշտոնավարման ընթացքում՝ որպես դեսպան, որ նրանք շատ արևմտյան են իրենց մտածելակերպով, որ ազատությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, անհատի արժանապատվությունն այն արժեքներն են, որոնց հասարակ քաղաքացիները ձգտում են: Այս ամենի ընկալումը հայերի, սովորական քաղաքացիների շրջանում նույնական է, ինչպես, օրինակ, Գերմանիայում, Լեհաստանում, Իսպանիայում…

ՀՀ կառավարությունը պարբերաբար կրկնում է, որ կա ցանկություն հարաբերություն կառուցել Եվրամիության հետ՝ ընդհանուր արժեքների հիման վրա: Դա Հայաստանում գտնվող Եվրամիության պատվիրակության համար, մեր համագործակցության ջանքերի համար լավ հիմք է: Այնուամենայնիվ, պետք է ընդգծենք, որ եվրոպական արժեքները համապարփակ և համակողմանի լրակազմ են, և չի կարելի ընտրել եվրոպական արժեքներից մի քանիսը՝ ասես մենյուից ընտրելիս լինես, օրինակ՝ այս արժեքներն ինձ դուր են գալիս, իսկ այն արժեքները՝ ոչ:

Ես լավատես եմ, այնուամենայնիվ, չունեմ նաև իլյուզիաներ այն մասին, որ հասարակ քաղաքացիների համար այս արժեքների իրական և գոհունակության բերող իրականացումը հեշտ կլինի: Այդ ճանապարհը հեշտ չի լինի:

Ինչը կդարձնի այս ճանապարհն ավելի կարճ և ավելի պարգևատրող: Նախ և առաջ հայերի համար պետք է ավելի հասանելի դարձնենք այս եվրոպական արժեքների գործնական կիրառությունը: Հայերն իրենց աչքով պետք է տեսնեն, թե ինչպես է իրացվում ժողովրդավարությունը, ինչպես է իրացվում օրենքի գերակայությունը՝ դատելով իրենց ունեցած փորձառություններից, դրանց իրականացման գործնական իրացումից՝ տարբեր երկրներում: Այդ իսկ պատճառով մենք պետք է բացենք հաղորդակցության ուղիները, մենք պետք է աջակցենք սովորական հայ քաղաքացիների ճամփորդությունն Արևմուտք և Եվրոպա, որպեսզի նրանք իրենց համար տեսնեն այդ աշխատակարգերը:

Այլ կերպ ասած՝ տեղեկատվական, տնտեսական, մշակութային կամուրջները պետք է այնքան լայն և ամուր լինեն, որ հասանելիություն տան և՛ Եվրոպայի, և՛ Եվրամիության աշխատակարգերի ընկալմանը, որպեսզի հայերը նաև իրենց զգան ազատ և այդ ընտանիքի անդամ:

Դեռևս կա հին ժամանակների ժառանգությունը, երբ հայերի մեծ մասը կտրված է արևմտյան երկրներից և իրականությունից, չէին կարող ճամփորդել, չէին կարող կարդալ արևմտյան գրքեր և այլն: Կա նաև թշնամական պրոպագանդա և կան կարծրատիպեր Եվրոպայի դեմ: Դրանք օգտագործում են Եվրոպան վատ լույսի ներքո ներկայացնելու համար: Եվ այս քարոզչությունը հավանաբար ազդեցիկ և արդյունավետ կլինի, հատկապես ավելի ավագ սերնդի ներկայացուցիչների համար, որոնց դիտանկյունից լավագույն կյանքը խորհրդային ժամանակաշրջանում էր: Այնուամենայնիվ, ես չեմ կարծում, որ այդ քարոզչությունն արդյունավետ կլինի հատկապես երիտասարդների մեծ մասի համար:

Երիտասարդներն ուզում են ունենալ նույն զգացողությունը՝ ազատության, ինքնիշխանության, լավ աշխատանք ունենալու հեռանկարներ, արդարությունից օգտվելու հեռանկարներ: Եվ այդ ամենն ունենալ այնպես, ինչպես իրենց հավասարակիցները՝ Արևմտյան Եվրոպայում: Եվ իմ հանդիպումները ևս մեկ անգամ վերահաստատում են դա, որ նրանք ոչնչով չեն տարբերվում իրենց եվրոպացի երիտասարդ հասակակիցներից: Եվ իհարկե, ես չեմ ուզենա ասել, որ Եվրոպայում կյանքը վարդագույն շղարշով է պատված, որ բացառապես ձեռքբերումներ են, և որ խնդիրներ չկան: Դա ճշմարիտ չի լինի:

Իհարկե, խնդիրներ կան ԵՄ պետություններում, և այս քննադատությունը մասն է կազմում եվրոպական ինքնության, բայց հավատացեք, որ Հայաստանի համար չկա արդիականացման մեկ այլ մոդել, եթե ոչ եվրոպականը:

- Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը իրականացվում է Գենդերային բռնության դեմ 16-օրյա արշավ: Որքանո՞վ եք կարևորում նման միջոցառումները, և ինչի՞ արդյունք են Հայաստանում առկա մտահոգիչ ցուցանիշները:

-Ընտանեկան բռնությունն ամենաչար և ամենացինիկ բռնության ձևն է: Գենդերային հիմունքներով բռնությունը լուռ հանցագործության դրսևորում է: Երբեմն մենք որպես հասարակություն ձևացնում ենք, թե չենք լսում այն: Եվ սա համաշխարհային խնդիր է: Չկան այնպիսի հասարակություններ, որոնք չեն բախվում ընտանեկան բռնության խնդրին: Այդ իսկ պատճառով ձեռնարկվեց այս արշավը, և մենք որպես ԵՄ ներկայացուցիչներ մասնակցեցինք դրան այստեղ՝ Հայաստանում: Ես կարծում եմ, որ սա Հայաստանի համար շատ կարևոր բան է: Մենք հուսով ենք, որ ինչպես իշխանությունները խոստացել են, Հայաստանը շուտով կունենա լավ օրենք ընտանեկան բռնությունների վերաբերյալ:

Մենք, իհարկե, գիտակցում ենք, որ Հայաստանում կան որոշակի ուժեր, որոնք փորձում են շահարկել ընտանեկան բռնության դեմ օրենքի այս նախագիծը՝ հարձակում կատարելու կառավարության, Եվրոպայի, եվրոպական արժեքների դեմ: Մենք հուսով ենք, որ կառավարության խոստման համաձայն Հայաստանը կմիանա Ստամբուլի կոնվենցիային, որը կարգավորում է միջազգային չափորոշիչներն ընտանեկան բռնության դեմ պայքարի ոլորտում: Այս պայքարն ամբողջ աշխարհում հեշտ չի եղել: Թույլ տվեք հիշեցնել, որ 50 տարի առաջ շատ բարձր էր ընտանեկան բռնության տարածվածության մակարդակը և օրենքով կարգավորված չէր Արևմտյան Եվրոպայում, և նույնիսկ 1970-ականներին ամուսնական հարաբերությունների մեջ բռնաբարությունը չէր համարվում հանցագործություն: Եթե մենք նայենք վիճակագրությանը համաշխարհային մակարդակում, ապա մենք կտեսնենք, որ առհասարակ բռնության ցուցանիշները և տարածվածությունը նվազում են արևմտյան աշխարհում, այնուամենայնիվ, եթե մենք նայենք ընտանեկան բռնության ցուցանիշները, այդ թվում նաև հոգեբանական բռնության ցուցանիշները, մենք կտեսնենք, որ դրանք ավելի դանդաղ են նվազում: Հետևաբար, սա շատ կարևոր առաջադրանք է և խնդիր է հատկապես այստեղ: Մենք հավատում ենք, որ հայ կանանց զորեղացումը շատ կարևոր է, որովհետև այն լրացուցիչ էներգիա և թափ կհաղորդի Հայաստանի զարգացմանը: Կանանց ավելի մեծ ներգրավվածությունը քաղաքականությունում, բիզնեսում և կյանքի այլ ասպարեզներում մեծապես կնպաստի Հայաստանի զարգացման ընդհանուր տեմպերին:

Մինչև Ստամբուլի կոնվենցիայի կնքումը, դրա մշակման փուլում բազմաթիվ էին քննարկումներն առ այն, թե արդյոք Եվրոպային անհրաժեշտ է մեկ այլ առանձին կոնվենցիա, որը կվերաբերվի բացառապես ընտանեկան բռնության խնդիրներին, նմանօրինակ, դուք կարող եք ունենալ բազմաթիվ նախնական քննարկումներ առանձին երկրներում ընտանեկան բռնության մասին օրենքի կապակցությամբ: Եվ եվրոպական երկրների փորձից դատելով, այո, երկրների մեծ մասում քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ անհրաժեշտ է ունենալ առանձին օրենք ընտանեկան բռնության կարգավորման իմաստով, անկախ նրանից, որ քրեական օրենսգիրքն արդեն արգելում է ցանկացած տեսակի բռնություն, ցանկացած մարդու դեմ, լինի դա չորս պատից ներս, թե դուրս:

Այսպիսի օրենքն անհրաժեշտ է առնվազն երկու կարևոր պատճառով: Որովհետև այս կերպ հնարավոր է ամրապնդել կանխարգելիչ և վերականգնող տարրերը: Այլ կերպ ասած՝ կանխել բռնության իրագործումը և փորձել շտկել իրավիճակը դրանից հետո: Եվ սա շատ կարևոր է, հատկապես, երբ մենք խոսում ենք ընտանեկան բռնության զոհերին տրամադրվող աջակցության մասին: Այսպիսի օրենսդրությունը պարտավորեցնում է պետությանը և պետության վրա է դնում պատասխանատվությունը բռնարարքների կանխարգելման, այդ թվում նաև տեղեկատվության տարածման միջոցով, և բացի դրանից, այս օրենքներով պետության վրա է դրվում պատասխանատվություն բռնության զոհերին աջակցություն տրամադրելու առումով: Հետևաբար, այս տեսանկյունց ես կարծում եմ, որ այսպիսի օրենքը Հայաստանի իրավիճակի համար լրացուցիչ արժեք կստեղծի:

-Ձեր կարծիքով, ինչո՞ւ են հապաղում ՀՀ իշխանությունները:

-Ես արդարադատության նախարարի հետ չեմ խոսել և որևէ ուղերձ չեմ ստացել կառավարությունից: Մենք ընդամենը գիտենք այն հանձնառության մասին, որը նրանք մեզ հայտնել են այս օրենքի կապակցությամբ: Եվ նույնիսկ մի քանի շաբաթ առաջ այդ հանձնառությունը ևս մեկ անգամ վերահաստատվեց, որ այդ օրենքը նույնիսկ այս տարի կարող է ընդունվել:

Ես միայն կարող եմ հույս ունենալ, որ այս ձգձգումները քաղաքական հանձնառությանը հակառակ ուղղությամբ չեն աշխատի: Որովհետև այսպիսի շրջադարձը ԵՄ-ի հետ հարաբերությունների ուժեղացմանը և սերտացմանը չի նպաստում, որովհետև ինչպես արդեն նշեցի, եվրոպական արժեքները մի համակազմ են, և չենք կարող դրանցից ընտրել: Եվ բացի դրանից, եվրոպական արժեքները ենթադրում են նորմերի իրացման և կիրարկման բազմազանություն, և սա որոշվում է կոնկրետ երկրում առկա նորմերից և ավանդույթներից:

Եթե նույնիսկ մենք դիտարկենք ընտանեկան բռնության մասին օրենքը ԵՄ երկրներում, ապա ամեն երկրում այն ունի իր առանձնահատկությունները նույնիսկ Եվրամիության ընտանիքի ներսում, բայց ընդհանուր նորմը մեկն է:

Եվ այս իմաստով այն մարդիկ, ովքեր փորձում են հայաստանյան հասարակությանը ներկայացնել, թե Եվրամիությունը փորձում է ինչ-որ բան պարտադրել, սխալված են:

Հիմա մենք փորձում ենք կանխարգելել և արգելել բռնությունը՝ որպես միջազգային նորմ: Թե ինչպես եք տեղայնացնում այն ձեր մշակութային ավանդույթների և նորմերի մեջ, մեկ այլ խնդիր է:


Снимок
19.03.2017 | 14:11 Երկու պարկ նամակ՝ Գագիկ Ծառուկյանին. ի՞նչ են խնդրում նրանից քաղաքացիները «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակներում «Ծառուկյան» դաշինքի պատգամավորի թեկնածու ...
avetiq ishxanyan
18.03.2017 | 15:42 Արժեհամակարգի ճգնաժամ և գաղափարական սնանկություն Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ԳԱԼԱ ՀԸ-ի ...
Снимок
08.03.2017 | 19:41 Շիրակի նախկին մարզպետը ցանկանում է ոչ թե նշանակովի, այլ ընտրովի պաշտոն ունենալ. «Կարեւորի մասին»՝ Ֆ.Ցոլակյանի հետ Ինչո՞ւ է իշխանական համակարգում տարբեր տարիների ընթացքում տարբեր ...
edmon maruqyan
03.03.2017 | 21:16 Գնդակը քաղաքացու դաշտում է. Էդմոն Մարուքյան «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակներում ԳԱԼԱ-ն հյուրընկալել է ԱԺ ...
sargis
23.02.2017 | 22:34 Քաղաքացին պետք է հաշվետվության կանչի իշխանություններին՝ ժողովրդի ծառային. Սարգիս Շահինյան «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակներում ԳԱԼԱ-ն հյուրընկալել է «Շվեյցարիա ...
tataoyan
21.02.2017 | 21:27 «Կարեւորի մասին»՝ Արման Թաթոյանի հետ «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակում ԳԱԼԱ-ի տաղավարում հյուրընկալվել է ...
svitalski
18.02.2017 | 20:44 «Հայաստանը որևէ կերպ ոչ խտրականության է ենթարկվում, ոչ էլ որևէ արտոնություն ունի». Պ. Սվիտալսկի ԳԱԼԱ-ի բացառիկ հարցազրույցը ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր ...
16730083_716781675157886_1083600262_n
13.02.2017 | 20:12 Լապշինի հարազատները Բելառուսի դեմ նույնիսկ ՄԻԵԴ դիմել չեն կարող. «Կարեւորի մասին»՝ Արփինե Հովհաննիսյանի հետ Արցախ այցելած հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ Բելառուսի կողմից ...
Մանվել Սարգսյան
24.11.2016 | 20:38 «Վաղը կասեն՝ էդ եք էլի, ժողովուրդ, մի հազար դրամն ի՞նչ է, այ դրա համար էլ զինվորներն այս վիճակում են» Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել ...