Պաշտոնական․ Նեյմարը որակազրկվել է 3 խաղով

timthumb (2)

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական հանձնաժողովը երեք խաղով որակազրկել է «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին։ Այս մասին հաղորդում է կառույցի մամուլի ծառայությունը։

Նման պատժի պատճառն Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի՝ «Մալագա» – «Բարսելոնա» (2:0) խաղում կարմիր քարտ ստանալուց հետո մրցավարներին հասցեագրած հեգնական ծափահարություններն են։ Իսպանական լրատվամիջոցների հաղորդմամբ, «Բարսելոնան» բողոքարկելու է որոշումը։

Այսպիսով, Նեյմարը բաց կթողնի Իսպանիայի առաջնության՝ «Ռեալ Սոսյեդադի» (ապրիլի 15), Մադրիդի «Ռեալի» (ապրիլի 23) և «Օսասունայի» (ապրիլի 26) հետ հանդիպումները։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Նեյմարը մասնակցել է 26 խաղի, խփել է 9 գոլ և կատարել է 9 գոլային փոխանցում։

Հիշեցնենք, որ վերոնշյալ հանդիպման 27-րդ րոպեին «Մալագայի» ֆուտբոլիստները պատրաստվում էին տուգանային հարվածի, երբ Նեյմարը որոշեց հենց գնդակի առաջ ամրացնել խաղակոշիկի քուղերը, ինչի համար ստացավ դեղին քարտ, իսկ 66-րդ րոպեին բրազիլացի հարձակվողը կոպիտ խախտում կատարեց և հեռացվեց դաշտից։ Խաղադաշտից հեռանալիս Նեյմարը ծափահարություններ է հասցեագրել գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոյին և նրա օգնականներին, ինչն Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական հանձնաժողովը դիտարկում է որպես անարգանքի դրսևորում։

sport.times.am

Դիտվել է՝