Մխիթարյան. Նույնիսկ եթե ոտքերդ հոգնած են, պետք է թարմ լինես ուղեղով ու քեզ առաջ մղես

mkhitaryan

«Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ԱՊԼ-ի 15-րդ տուրի` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ արտագնա խաղից հետո (2:2) հարցազրույց է տվել լոնդոնյան ակումբի մամուլի քարտուղարությանն ու կիսվել տպավորություններով:

Հայ ֆուտբոլիստը, հիշեցնենք, խաղը սկսել է պահեստայինների նստարանից և փոխարինման մտել երկրորդ կեսի մեկնարկում.

«Հիասթափությունը մեծ է, քանի որ մենք այսօր պետք է հաղթեինք:

Կարծում եմ` արժանի էինք հաղթանակի, բայց ոչ-ոքի խաղացինք: Փորձում էինք երրորդ գոլը խփել, բայց ցավոք` չկարողացանք:

 

Նույնիսկ եթե ոտքերդ հոգնած են, ավելի կարևոր է, որ ուղեղդ, միտքդ թարմ լինի: Եթե քեզ ստիպես ու առաջ մղես գնալու մինչև վերջ, կանես դա: Պետք չէ, որ լսես ոտքերիդ, անգամ եթե նրանք ծանրացած են կամ էլ դժվարանում ես խաղալ: Պետք է անես առավելագույնը»,- ասել է հայ ֆուտբոլիստը:

Մխիթարյանին հարց է ուղղվել նաև «Արսենալի»` առանց պարտության 20-խաղյա շարքի մասին.

«Գուցե` դա այսօրվա դրական կողմն էր, գուցե` ոչ: Յուրաքանչյուրն այսօր ցանկանում էր հաղթել, հատկապես` «Օլդ Թրաֆորդում»: Գիտեինք, որ այստեղ միշտ դժվար է լինում հաղթել: Օրվա վերջում մենք նաև ուրախ ենք, որ միավոր վաստակեցինք ու կփորձենք ամեն ինչ անել հաջորդ խաղերում հաղթելու համար: Ցանկանում ենք լինել լավագույն քառյակում, այնպես որ շատ կարևոր է հաղթել յուրաքանչյուր խաղում»,- Մխիթարյանի խոսքերն է փոխանցում «Արսենալի» մամուլի քարտուղարությունը:

armsport.am

Դիտվել է՝