Աշխարհի առաջնությունը մեկնարկեց ջախջախիչ հաղթանակով

96860

Աշխարհի առաջնության բացման խաղում Ռուսաստանի հավաքականը 5:0 հաշվով հաղթեց Սաուդյան Արաբիայի ընտրանուն:

Հանդիպման մեկնարկում Ալեքսանդր Գոլովինի փոխանցումից հետո Յուրի Գազինսկին առաջ մղեց մրցաշարի կազմակերպիչ երկրի թիմին: Ընդմիջումից առաջ նույն Գոլովինի կազմակերպած գրոհը, Ռոման Զոբնինի օգնությամբ, եզրափակեց փոխարինման մտած Դենիս Չերիշևը:

Երկրորդ կեսում հաջողված դարձավ գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովի այլ փոխարինումը: Արտյոմ Ձյուբան խաղադաշտ դուրս գալուց 1 րոպե անց գոլի հեղինակ դարձավ: Նրան փոխանցում կատարեց նույն Գոլովինը:

Խաղավերջում Չերիշևը դուբլ ձևակերպեց: Նրա գեղեցիկ հարվածն անկասելի էր արաբ դարպասապահի համար: Ավելացված ժամանակի վերջին րոպեին խաղի հերոս դարձած Գոլովինը տուգանային հարվածով 5-րդ գոլը խփեց:

Ա խմբի 1-ին տուրի մյուս մրցավեճը կկայանա վաղը: Կմրցեն Եգիպտոսը և Ուրուգվայը:

ԱԱ-2018. խմբային փուլ
Ռուսաստան – Սաուդյան Արաբիա` 5:0
Գոլերը. Գազինսկի (12), Չերիշև (41, 90+1), Ձյուբա (71), Գոլովին (90+4)

ArmFootball.com

Դիտվել է՝