«Արսենալը» կրկին խոշոր հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»

image

Անգլիայի առաջնության 28-րդ տուրի վերջին խաղում «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունել է «Մանչեսթեր Սիթիին» և 0:3 հաշվով պարտություն կրել: «Քաղաքայինները» հաղթողի հարցը գործնականում լուծել են առաջին խաղակեսում, երբ երեք անգամ գրավել են Պետր Չեխի պաշտպանած դարպասը:

Հաշիվը բացել է Բերնարդու Սիլվան: Լերոյ Սանեի անհատական, հիանալի անցումից հետո պորտուգալացին շեշտակի հարվածով առաջ է մղել հյուրերին: Հետագայում Խոսեպ Գվարդիոլայի թիմը կարճ ու արագ փոխանցումների շնորիվ երկու գեղեցիկ կոմբինացիաներ է խաղարկել, որոնք եզրափակել են Դավիդ Սիլվան ու Լերոյ Սանեն:

«Զինագործները» հաշիվը կրճատելու փայլուն հնարավորություն են ունեցել 58-րդ րոպեին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայքարում Նիկոլաս Օտամենդին խախտել է խաղի կանոնները և մրցավարը 11-մետրանոց է նշանակել: Նշակետին մոտեցած Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հարվածից հետո դարպասապահ Էդերսոնը փրկել է իր թիմին:

Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» վաստակել է 75 միավոր ու երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ առավելությունը կրկին հասցրել 16 միավորի: «Արսենալը» 45 միավորով 6-րդ տեղում է:

Հիշեցնենք, որ 4 օր առաջ այս թիմերը հանդիպել են Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակչում, որում «քաղաքայիններն» առավելության են հասել միևնույն 3:0 հաշվով:

sport.times.am

Դիտվել է՝