Մրցաշրջանի լավագույն մարզչական նշանակումները

timthumb (2)

Ընթացիկ մրցաշրջանի կեսից ավելին արդեն անցել է և կարելի է եզրակացություններ անել մարզիչների աշխատանքի մասին: Sport.Times.am ներկայացնում է իր վարկածով ընթացիկ մրցաշրջանից առաջ և ընթացքում թոփ-5 լիգաներում մարզչական լավագույն նշանակումները:

10. Էուսեբիո Դի Ֆրանչեսկո («Ռոմա»)

Իտալացին բարդ իրավիճակում էր: Նա փոխարինեց Լուչիանո Սպալետիին, ում գլխավորությամբ Իտալիայի նախորդ առաջնությունում «գայլերն» իրենց համար ռեկորդային` 87 միավոր էին վաստակել: Նույնիսկ չեմպիոնական տարիներին հռոմեացիները նման արդյունք չեն գրանցել: Դի Ֆրանչեսկոյի օրոք «Ռոման» նույնչափ համոզիչ չէ, սակայն արդյունքները դեռ գոհացուցիչ են, հատկապես Մոհամեդ Սալահի հեռանալու պարագայում: 22 տուրից հետո «Ռոման» 39 միավորով 5-րդ տեղում էր, իսկ Չեմպիոնների լիգայում մտել է փլեյ-օֆֆ: Մարզական տնօրեն Մոնչիին հրավիրելուց հետո թիմում վերակառուցում է սկսվել, ինչը նշանակում է, որ չեմպիոնական հույսերը կրկին հետաձգվել են:

9. Դոմենիկո Տեդեսկո («Շալկե»)

Գերզենկիրխենցիները նույնպես վարակվեցին «Նագելսմանի սինդրոմով» և գլխավոր մարզչի պաշտոնը վստահեցին երիտասարդ մասնագետի: Տեդեսկոն ընդամենը 32 տարեկան է: Նա հագնվում է Սթիվ Ջոբսի նման և փորձում է նորարար լինել: «Շալկեում» երեք ֆուտբոլիստներ կան, որոնք գլխավոր մարզչից տարիքով մեծ են:

Այնուամենայնիվ իտալա-գերմանացին կարողացել է օգտվել Բունդեսլիգայում առկա ներկայիս խաղային ճգնաժամից: Նույնիսկ «Բավարիան» տևական ժամանակ չէր տպավորում, սակայն Յուպ Հայնկեսի նշանակումից հետո հաղթանակների փոքր շարքից հետո արդեն 16 միավորի առավելություն ունի հետապնդող խմբի նկատմամբ: Այդ խումբը գլխավորում են «Շալկեն» ու «Բայերը»: Վերջինիս մարզիչը նույնպես նորեկ է` Հայկո Հերլիխը, սակայն նա իր տրամադրության տակ ունի շատ ավելի որակյալ ֆուտբոլիստներ: 32-ամյա մարզիչը եկավ մի թիմ, որը Եվգենի Կոնոպլյանկայի ու նախկին մարզչի միջև սկանդալի կիզակետում էր, իսկ թիմի լավագույն խաղացող Լեոն Գորետցկան մտքերով այլ թիմում է: 

Նույնիսկ այդ խնդիրների առկայության պարագայում Տեդեսկոն 4 տարվա ընդմիջումից հետո «Շալկեին» վերադարձրել է լավագույն եռյակ և եթե պահպանի այդ դիրքը, հերոս կհամարվի: 

8. Ֆրանկ դե Բուր («Կրիսթալ Փելաս»)

Մի զարմացեք հոլանդացուն այս ցանկում տեսնելով: Դե Բուրի թիմը մեկնարկային 4 խաղում 4 պարտություն կրեց, ոչ մի գոլ չխփեց, իսկ Ֆրանկը պաշտոնանկ արվեց: Սակայն նրա նշանակումը շատ ճիշտ որոշում էր, պարզապես պետք էր համբերատար լինել: Լոնդոնցիները բոլոր հանդիպումներում պարտվել են գոլային պահերի սարսափելի իրացման պատճառով: Understat.com-ում կարող ենք համոզվել, որ այդ խաղերում նրանց «սպասված գոլերի» (xG) ցուցանիշը 4,07 էր: Այսինքն բոլոր պահերի համագումարում նրանք 4 հարյուրտոկոսանոց պահ են ունեցել: Իսկ հաշվի առնելով, որ հաճախ xG-ն ավելի լավ է օգտագործվում, կարելի է վստահորեն ասել` «Կրիսթալ Փելասից» արժեր նույնիսկ 6-8 գոլ ակնկալել: Նման քանակի պահերի առկայության պարագայում գոլ չխփելու հնարավորությունը 5 տոկոս է եղել: Այո, ստեղծված պահերի քանակով Դե Բուրի թիմն արժանիորեն պարտվեց «Հադերսֆիլդին» (0:3) ու «Լիվերպուլին» (0:1), սակայն կարող էր ոչ-ոքի խաղալ «Սուոնսի» հետ (0:2) ու պարտավոր էր հաղթել «Բերնլիին» (0:1): Դե Բուրի պաշտոնանկությունն «արծիվների» ղեկավարների խուճապի հետ կարելի է կապել: Ակնհայտ էր, որ անհաջողությունները շուտով ավարտվելու էին, և ավարտվեցին, բայց դա արդեն Ռոյ Հոջսոնի օգտին էր:

7. Կիկե Սետեն («Բետիս») 

Իսպանացին կարողացել էր «Լաս Պալմասի» հետ ոչ միայն Լա լիգայի, այլ ամբողջ Եվրոպայի ամենագեղեցիկ ֆուտբոլներից մեկը ցուցադրել: 2017 թվականի ամռանը «Բետիսը» գլխավորելուց հետո Սետենն իր այդ համբավի շնորհիվ կարողացավ մի քանի որակյալ նորեկների հրավիրել: Պրիմերայի արդեն առաջին տուրերից հետո պարզ դարձավ, որ Սետենի շնորհիվ կա ևս մեկ թիմ, որի հարձակվողական խաղը դիտելու համար արժի ոչ միայն գրանդների հանդիպումները ցուցադրել: Առայժմ «Բետիսի» արդյունքներն անկայուն են: Այս պահին անդալուսցիները 13-րդ տեղում են, սակայն եվրագավաթային 6-րդ հորիզոնականից հետ են ընդամենը 6 միավորով:

6. Խավյեր Կալյեխա («Վիլյառեալ»)

Սեգունդայից վերադառնալուց հետո «Վիլյառեալը» 5 տարի անընդմեջ Լա լիգայում կայուն զբաղեցնում էր 4-6 տեղերը: Այդ ընթացքում «դեղին սուզանավն» անընդհատ վաճառում էր առաջատար խաղացողներին, սակայն Մարսելինո Գարսիա Տորալի շնորհիվ շարունակում էր մարտունակ մնալ: Այն բանից հետո, երբ վերջինս 2016 թվականի օգոստոսին ակումբի ղեկավարների հետ կոնֆիկտի պատճառով լքեց թիմը, Ֆրան Էսկրիբան մեկ տարի կարողացավ շարունակել նրա գործը, սակայն նոր բան չտվեց թիմին: Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկը «Վիլյառեալը» տապալեց. 6 տուրերից հետո թիմը զբաղեցնում էր 14-րդ տեղը: Էսկրիբան անհապաղ պաշտոնանկ արվեց և նրան փոխարինեց «Վիլյառեալ Բ»-ի մարզիչ Խավյեր Կալյեխան:

39-ամյա մասնագետին բաժին է հասել վերջին տարիների ամենաթույլ «Վիլյառեալը», որը նաև վաճառեց գլխավոր ռմբարկու Սեդրիկ Բակամբուին: Իրադարձությունների նման ընթացքի պարագայում իսպանացին նախընտրում է պրակտիկ ֆուտբոլը` հարձակվողական խաղի եզակի պոռթկումներով: Սպասված միավորների հաշվարկում (xPoints) նրա թիմը պետք է 9-րդ տեղում լիներ, բայց կարողացել է կարևոր պահերին չսայթաքել և համառության շնորհիվ միավորներ կորզել: Այժմ նրանք 5-րդ տեղում են և նույնիսկ կարող են երազել Չեմպիոնների լիգայի մասին: Կարևոր հատկություն է նաև երիտասարդների հետ հաջող աշխատանքը: Նրա օրոք այդ խաղացողներն իսկապես աճում են:

5. Կլաուդիո Ռանյերի («Նանտ»)

Ֆուտբոլի պատմության գլխավոր անակնկալներից մեկի արարիչը նախորդ մրցաշրջանի ընթացքում անսպասելիորեն պաշտոնանկ արվեց «Լեսթերից», իսկ ամռանը գլխավորեց ֆրանսիական «Նանտը»: 2016-17թթ. մրցաշրջանում պորտուգալացի անվանի նախկին ֆուտբոլիստ Սերժիու Կոնսեյսաուն «դեղձանիկների» հետ փայլուն աշխատանք էր կատարել և երեք տարի անընդմեջ 13-14 տեղերը զբաղեցնող թիմին բարձրացրել մինչև 7-րդ հորիզոնական: Այդ «սխրանքը» չվրիպեց պորտուգալացիների աչքերից և նրան «Պորտուի» մարզչի պաշտոնը վստահեցին:

Նրան փոխարինման եկած Կլաուդիո Ռանյերին շարունակեց այն ֆուտբոլը դավանել, որի շնորհիվ Անգլիայի չեմպիոն էր դարձել: «Նանտը» նույնիսկ իրենից ցածր դիրքերը զբաղեցնող թիմերի հետ գործում է երկրորդ համարով: Այժմ իտալացու թիմը գնդակին միջինը տիրում 44,8 տոկոս ժամանակում, ինչը Լիգա 1-ում նախավերջին արդյունքն է: Անցած տարի այդ հաշվարկում թիմի ցուցանիշները միջին էին (12-րդ տեղ): Առայժմ այդ տակտիկան արդյունք է բերում, չնայած նրան, որ թիմը դեռ հակագրոհից գոլ չի խփել:

Ներկայումս «Նանտը» 37 միավորով 5-րդ տեղում է և մեծ քառյակին (ՊՍԺ, «Լիոն», «Մարսել», «Մոնակո») զիջում է 9 միավորով, սակայն եթե «Նիցայի» հետ պայքարում պահպանի ներկայիս դիրքը, եվրագավաթների ուղեգիր կնվաճի:

4. Միշել Տեր-Զաքարյան («Մոնպելյե») 

«Մոնպելյեն» ու «Մոնակոն» այն յուրահատուկ երկու թիմերն են, որոնք քաթարյան շեյխերի «Պարի Սեն Ժերմենի» օրոք կարողացել են չեմպիոն դառնալ: «Մոնպելյեի» դեպքում դա եղել է 2011-12թթ. առաջնությունում: Դրանից հետո թիմը նույնիսկ թոփ-6 չի վերադարձել, իսկ վերջին երկու առաջնություններում տասնյակում չի հայտնվել: Նախորդ ամռանը թիմի ղեկը վստահվեց Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Միշել Տեր-Զաքարյանին: Վերջինս այդ ակումբին է նվիրել ֆուտբոլային կարիերայի 10 տարիները, ինչպես նաև 8 տարի անցկացրել է տարբեր տարիքային թիմերի մարզչի կարգավիճակում: Հայ մասնագետը հարազատ ակումբ վերադառնալուց հետո անմիջապես փոխեց թիմի խաղը: Նա շեշտը դրեց ամուր պաշտպանության վրա, որը Լիգա 1-ի թոփ-ակումբների դեմ տարբեր մրցաշարերի հանդիպումներում դրական ցուցանիշների բերեց. 

«Լիոնի» դեմ` 4:1, 0:0 

«Մարսելի» դեմ` 1:1

«Նիցայի» դեմ` 2:0

«Մոնակոյի դեմ` 0:0, 1:1, 0:2

ՊՍԺ-ի դեմ` 0:0, 0:4

Պարտությունները գրանցվել են միայն վերջին 5 օրերի ընթացքում, մինչև այդ «Մոնպելյեն» գրանդների դեմ անպարտելի էր:

Խնդիրներն ավելի շատ են համեմատաբար թույլ թիմերի դեմ հանդիպումներում, որոնց հետ հարկադրված պետք է ավելի բաց գործել: 54-ամյա մասնագետի թիմում հիմնական շեշտը դրվում է եզրային խաղի վրա: «Մոնպելյեն» կենտրոնով գրոհում է միայն 19 տոկոս դեպքերում (Լիգա 1-ում ամենացածր ցուցանիշը), ձախ եզրով` 40%, աջով` 41: Առայժմ դա արդյունք է տալիս: «Մոնպելյեն» 31 միավորով 7-րդ տեղում է և կարող է վերջին տարիների լավագույն ցուցանիշը գրանցել: Նրանք նույնիսկ կարող էին տիտղոս նվաճել: Թիմը հասել էր Ֆրանսիայի Լիգայի գավաթի կիսաեզրափակիչ, սակայն երեկ պարտվեց «Մոնակոյին»:

3. Լուչիանո Սպալետի («Ինտեր»)

Դեռ հիշողությունների մեջ թարմ է, թե ինչպես «Ինտերը» դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող (2010 թվական): Այժմ ժամանակները փոխվել են: «Ինտերը» 7 տարի է Ա սերիայի լավագույն եռյակում չի հայտնվել ու Չեմպիոնների լիգայում չի խաղացել: «Ռոմայում» արտակարգ մրցաշրջան անցկացրած Լուչիանո Սպալետին «Ինտեր» հրավիրվեց, որովհետև «ներաձուրին» մերժում էր ստացել Դիեգո Սիմեոնեից ու Անտոնիո Կոնտեից: Նրա առջև Եվրոպայի գլխավոր ակումբային մրցաշար վերադառնալու խնդիր է դրվել, որը նա այս պահին կատարում է: 

Ակումբի պատմության լավագույն մեկնարկից հետո խոսակցություններ սկսվեցին «Ինտերի» չեմպիոնության մասին, ինչի պատճառով ներկայիս անհաջող շարքը որպես տապալում է թվում: Չեմպիոնական հույսերը կապված էին նաև թեթև խաղացանկի հետ, որովհետև «Ինտերը» եվրագավաթներին չի մասնակցում: Սակայն հետո Սպալետին ինքն ասաց, որ «Նապոլիի» ու «Յուվենտուսի» հետ մրցակցելն այս տարի անհնար է, ուստի նրանց նպատակը շարունակում է մնալ Չեմպիոնների լիգայի ուղեգիրը:

Սպալետին կարողացավ երկար տարիներ «անդունդում» գտնվող թիմին մոտեցնել լավագույնների մակարդակին, ինչը նրան հաջողվեց թիմում լավ մթնոլորտ ստեղծելու, հիմնական կազմի ֆուտբոլիստներին առանձնացնելու (անփոխարինելի դարձնելու) և «Միլանի» տրանսֆերային աղմուկի ֆոնին աննկատ մնալու շնորհիվ: «Ինտերի» խաղում գլխավոր խնդիրը վինգերներից ու նրանց եզրային փոխանցումներից մեծ կախվածություն ունենալու մեջ: Միջինը մեկ խաղում նրանք 28 եզրային փոխանցում են կատարում (ամենաշատն Ա սերիայում): Եթե դա չի աշխատում, լուրջ խնդիրներ են սկսվում: Ռաֆինյա Ալկանտարայի տեղափոխությունը հենց հարձակումն ավելի բազմակողմանի դարձնելուն է ուղղված: «Ներաձուրիի» չինացի ղեկավարներն իրենց համաքաղաքացիների համեմատ գումարային ռեսուրսներն ավելի մտածված են ծախսում: Եթե թիմը հայտնվի ՉԼ-ում, Սպալետին ամռանը լուրջ համալրում կստանա:

2. Մարսելինո Գարսիա Տորալ («Վալենսիա»)

Երկու տարի տևած «սև շրջանից» հետո Իսպանիայում կրկին բոլորը «Վալենսիայի» հետ հաշվի են նստում: «Չղջիկները» երկու տարի անընդմեջ 12-րդ տեղը զբաղեցրեցին, ինչը լուրջ հարված էր նրանց հեղինակության համար: Սինգապուրցի մեծահարուստ Պիտեր Լիմը 2014 թվականից դարձել էր «Վալենսիայի» գլխավոր բաժնետերը, բայց միայն 2017 թվականի ամռանը մարզչի հարցում ճիշտ որոշում կայացրեց: Նա հրավիրեց Մարսելինոյին, ով մեկ տարի առանց աշխատանքի էր մնացել: Վերջինս փոխեց ամեն ինչ: Իսպանացին ֆուտբոլիստների համար ֆիզիկական պատրաստվածության նոր չափանիշներ սահմանեց և նույնիսկ պահանջեց փոխել նրանց ընտանեկան սնունդը, ինչը խիստ զայրացրեց թիմի ավագ Դանի Պարեխոյի կնոջը: Փոխարենը, Պարեխոն 5կգ քաշ գցեց և վերադարձավ այն խաղամակարդակին, որը վաղուց չէր ցուցադրել: 
«Վալենսիային» օգնեցին նաև տրանսֆերները: Թիմն ամրապնդեցին Սիմոնե Ձաձան ու Գոնսալու Գեդեշը: Վերջինս ՊՍԺ-ի նոր աստղերի օրոք խաղալու շանս գրեթե չէր ստանալու: Մարսելինոն հստակ առանձնացրեց մեկնարկային կազմի 11 ֆուտբոլիստներին, որոնց հիմնականում փոխարինում են 4-5 խաղացողներ: Եվրագավաթների բացակայությունը նման քայլի դիմելու հնարավորություն էր տալիս:

Արդյունքում, «Վալենսիան» Լա լիգայում ակումբի պատմության լավագույն մեկնարկը գրանցեց և երկար ժամանակ երկրորդ տեղում էր ընթանում: Այժմ թիմը երրորդն է և հիանալի շանսեր ունի գլխավոր նպատակին հասնելու համար` նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր: Դա թիմին լրացուցիչ գումարներ կտա և նրանք կկարողանան գնել Գեդեշի ամբողջական տրանսֆերը: Իսպանիայի գավաթում «չղջիկները» հասել են կիսաեզրափակիչ, որում «Բարսելոնայի» արգելքը հաղթահարելու դեպքում կարող են վերջին 10 տարվա ընթացքում առաջին տիտղոսը նվաճել: 

1. Էրնեստո Վալվերդե («Բարսելոնա»)

Իսպանացի մասնագետը երկու անգամ լրջորեն դիտարկվել էր «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում (պայքարը զիջել է Տատա Մարտինոյին ու Լուիս Էնրիկեին), սակայն միայն երրորդ փորձից ստացավ երկար սպասված պաշտոնը: Առաջին նորություններից մեկը, որ նա ստացավ. Նեյմարը կարող է հեռանալ «Բարսելոնայից»: Ամբողջ ամառային նախապատրաստական փուլը 53-ամյա մասնագետը նվիրեց բրազիլացուն առաջատարի դեր տալու վրա, որպեսզի նրան համոզի մնալ Կատալոնիայում, սակայն ընկերական խաղերում փայլելը չազդեցին Նեյմարի որոշման վրա: Նա հեռացավ և ամբողջ հուլիս ամսին Էրնեստոյի կատարած տակտիկական աշխատանքները փլուզվեցին: Իսկ առջևում «Ռեալի» դեմ սուպերգավաթային խաղերն էին, որոնցում «կապտանռնագույնները» չհասցրեցին վերադասավորվել և իրենց ստվերին էին նման: Անմիջապես կատաղի քննադատություն հետևեց Վալվերդեի կողմը, սակայն ակնհայտ էր, որ նա հանգամանքների զոհ է դարձել: Հետզհետե «Բարսելոնային» միացան Պաուլինյոն և Ուսման Դեմբելեն: Վերջինս պետք է դառնար Նեյմարին փոխարինողը, սակայն ծանր վնասվածք ստացավ և Վալվերդեն անցավ 4-4-2 սխեմային, որում Պաուլինյոն մեկնարկային կազմի ֆուտբոլիստ դարձավ: Սկզբնական շրջանում, երբ համակարգը դեռ լավ չէր աշխատում, «Բարսելոնային» գոլեր էր մատակարարում Մեսսին, իսկ դարպասում հրաշքներ էր գործում Տեր Շտեգենը: Այդ երկուսի, ինչպես նաև Ժորդի Ալբայի ու Սամուել Ումտիտիի հաջող ելույթների շնորհիվ «Բարսան» արդյունքների տեսանկյունից փայլուն մեկնարկեց: Հետագայում Վալվերդեն գտավ երկար սպասված հավասարակշռությունը և թիմն անպարտելի դարձավ: Մինչև հունվար… 

Վալվերդեն հիանալի լուծեց նաև Լուիս Սուարեսի խնդիրը: Ուրուգվայցին մրցաշրջանը մեկնարկեց իր կարիերայի վատագույն ֆուտբոլը ցուցադրելով: «Մրջյունը» հասկացավ, որ Լուիսին ժամանակ է հարկավոր մարզավիճակ հավաքելու համար և շարունակեց նրան վստահել, ինչը դեկտեմբերին սկսեց արդյունք տալ: Այժմ Սուարեսը կարճ ժամանակում այնքան գոլ է խփել (16), որ ռմբարկուական պայքարում դարձել է Մեսսիի (20) գլխավոր մրցակիցը:

Վալվերդեի և անցած տարվա Լուիս Էնրիկեի թիմերի գլխավոր տարբերությունն այն է, որ ներկայիս «Բարսելոնան» կարողանում է հաղթանակներ կորզել, երբ թիմը հոգնած է լինում կամ թույլ մրցակցի հարկի տակ մոտիվացիան քիչ է լինում: Նա կարողանում է փոխարինումներին ու տակտիկական ճիշտ որոշումների շնորհիվ միավորներ վաստակել: Այժմ նրա թիմը Լա լիգայում 11 միավորի առավելություն ունի և միայն աղետի դեպքում կկորցնի չեմպիոնի կոչումը: Իսպանիայի գավաթում «բլաուգրանան» արդեն կիսաեզրափակչում է, իսկ Չեմպիոնների լիգայում մրցելու է «Չելսիի» հետ, որի դեմ նույնպես ֆավորիտ է: Կարծես թե «Բարսելոնան» գտել է այն մարզչին, որը չի կրկնի Լուիս Էնրիկեի սխալը, չի ստեղծի «ընտանեկան թիմ», որը «միասնականության շնորհիվ» անհավանական քամբեքներ կկատարի թոփ-մրցակիցների դեմ խաղերում, սակայն մի քանի օր անց կպարտվի հետնապահներին: Այո, այս «Բարսելոնան» Գվարդիոլայի ժամանակների էսթետիկ ֆուտբոլը չի ցուցադրում, բայց եթե ուզում եք ձեր թիմը նման կերպ խաղա, պետք է այն մարզի հենց Գվարդիոլան: Ներկայիս ֆուտբոլում նմանատիպ այլ մարզիչ չկա: Վալվերդեին հրավիրել են այն պատճառով, որ նա տիրապետում է կոնկրետ մարզչական հատկությունների, այլ ոչ թե փոփոխական է: 

sport.times.am

Դիտվել է՝