«Այդ գոլը ֆուտբոլի լավագույն գովազդն էր». Ինչպես էր Կական խաղը վերածում հրաշքի

timthumb (26)

Վերջերս Կական ավարտեց ֆուտբոլային կարիերան: «Ֆուտբոլ խաղալիս այլևս հաճույք չեմ ստանում, քանի որ ցավագին զգացողություն եմ ունենում ամեն խաղից հետո»,- խոստովանեց բրազիլացին:

Հիշենք այն օրերը, երբ նա դեռ հաճույք էր ստանում դաշտում անցկացրած ժամանակից ու հաճելի պահեր պարգևում երկրպագուներին:

Ֆուտբոլասերների համար Կական միշտ կմնա մանկան դեմքով, աչքերի անմեղ արտահայտությամբ այն տղան, ով 2003-ին գնաց Միլանելո: Նորաձևության քաղաքը լցված էր հաղթանակի շնչով: «Միլանը» հիանալի մրցաշրջան էր անցկացրել, 9 տարի անց Կարլո Անչելոտին վերադարձրել էր Եվրոպայի ուժեղագույնի տիտղոսը: Թիմի կազմում էին իսկական լեգենդներ Պաոլո Մալդինին, Ռուի Կոշտան, չծերացող Բիլլի Կոստակուրտան, երիտասարդ Անդրեա Պիրլոն, Պիպպո Ինձագին, Կլարենս Զեդորֆը, Գատուզոն: Թիմում էին նաև Նեստան, Անդրեյ Շևչենկոն, Կաֆուն, Մասսիմո Ամբրոզինին: Այսպիսի թիմի մաս դարձավ «Սան Պաուլոյի» տաղանդավոր կիսապաշտպանը, ում համար պայքարում էին նաև «Յուվենտուսը», «Ինտերն» ու «Չելսին»:

Առաջին հայացքից Կակայի մեջ յուրահատուկ բան չկար, բայց երբ նա գնդակ էր ստանում և մի քանի քայլ էր անում՝ սկսվում էր հրաշքը: Թվում էր՝ նրա ոտքերին ոչ թե խաղակոշիկներ էին, այլ կախարդական սանդալներ:

«Կական փոխեց դասական բրազիլացի ֆուտբոլիստի մասին մեր պատկերացումները։ Նա աղքատ չէր, այլ հարուստ էր ու սպիտակամաշկ: Նա ֆուտբոլային Այրտոն Սենան էր։ Նրա մեջ ամեն ինչի հանդեպ էլեգանտություն էր նկատվում՝ կրկնկով հարվածների, անսպասելի գոլերի ու ակրոբատիկ հնարքների»,- գրում է իտալացի հայտնի լրագրող Դարվին Պաստորինը։

Կական ամեն ինչ անում էր վերջնանպատակի՝ գոլի համար: Նա հմտորեն թաքցնում էր իր ռացիոնալիզմը երկրպագուներից, ինչպես իսկական ազնվականը, ով թաշկինակն այնպես է կրում բաճկոնի ներսից, որ որևէ մեկը չնկատի այն:

Գոլերը երբեք Կակային մեծամտանալու առիթ չեն տվել: Անգամ միլանյան դերբիի ժամանակ, երբ նա գնդակը ստացավ կենտրոնում, առաջ շարժվեց և գրավեց «Ինտերի» դարպասը: Կակային մրցակցի 5 ֆուտբոլիստ էր դիմակայում: Նրա փոխարեն 10-ից 9 ֆուտբոլիստ փոխանցում կկատարեր Թոմասոնին, բայց Կական ուղիղ ու հստակ հարվածով գոլ խփեց:

Խաղի հաջորդ օրը քննադատական շնչով աչքի ընկնող իտալական լրագրերից և ոչ մեկի էջերին գրառում չկար այն մասին, թե իսկական «10 համարը» նման կերպ չի խաղում: Իտալիան այդ ժամանակ կարոտ էր զգում «10 համարի» հանդեպ:

Սկզբում թվում էր, թե Կական Ջանի Ռիվերայի վերածնված կերպարն էր: Այդ ժամանակ Անչելոտին մեծ ազատություն էր տալիս Կակային, նրան թույլ էր տալիս եզրից եզր տեղափոխվել: Սա արդյունք էր տալիս, քանի որ մրցակիցները դեռ չէին հարմարվել բրազիլացու խաղին: Վառ օրինակ է Շևչենկոյին տված փոխանցումը, որն արդյունքում «Միլանին» սկուդետո պարգևեց:

Շուտով արդյունավետ հակաթույն գտնվեց: Առաջինը Կարլո Մացոնեն էր, ով Կակայի դեմ Լոենարդո Կոլուչիին դուրս բերեց: Այդ օրը «Բոլոնիան» առաջատար էր, ինչին հետևեց քննադատությունների առաջին ալիքն ու «Չելսի» տեղափոխության մասին լուրը: Անչելոտին ամեն ինչ հասկացավ ու աստիճանաբար նեղացրեց Կակայի ազատության սահմանը: Կակային խանգարում էր ամեն ինչ ավարտին հասցնելու մեծ ձգտումը, ինչը հակասում էր նրա խաղային դիրքին։ Մեծ երաժիշտը Կակային մեծ դիրիժոր դարձրեց, դրա համար էլ բրազիլացին դասական տրեկվարտիստա չդարձավ։

Գերագույն արագություն զարգացնելու պահին գնդակ փոխանցիր Կակային, իսկ հետո նա ինքն ամեն ինչ կանի: Այսպիսին էր միլանյան թիմի փոխանցումներից շատերի նպատակը Անչելոտիի ժամանակաշրջանի վերջին փուլում: Այդ մարտավարության շնորհիվ կարևորագույն հաղթանակներ գրանցվեցին Չեմպիոնների լիգայի 2007 թվականի խաղարկության գարնանային շրջանում։ Բոլորն են հիշում «Սելթիկի» հետ դժվարին խաղի լրացուցիչ ժամանակում գոլը։

Եվ իհարկե, «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ արտագնա խաղը. «hրեշներն» ընդդեմ «հրեշների»: Այդ «Մանչեսթեր Յունայթեդը» 7:1 հաշվով տապալել էր «Ռոմային» և պատրաստ էր կուլ տալու «Միլանին»: Դաշտի տերերն արդեն 5-րդ րոպեին գոլ խփեցին, բայց դա Կակայի երեկոն էր: Սկզբում նա ստիպեց լռել երկրպագուներին, փոխանցում ստացավ Զեդորֆից, շարժվեց տուգանային հրապարակ ու հարվածեց հեռավոր անկյունը:

Հետո բացառիկ հնարք կատարեց, հիմար իրավիճակում դրեց միանգամից երեք ֆուտբոլիստի՝ Ֆլետչերին, Հայնցեին ու Էվրային:

«La Gazzetta dello Sport»-ը գրեց. «Արվեստի այդ գործը ողջունեց ամբողջ «Օլդ Թրաֆորդը»: Միշել Պլատինին էլ այդ գոլն անվանեց ֆուտբոլի լավագույն գովազդ:

Երկու շաբաթ անց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պատահածը դարձավ հանճարեղ թիմի զարգացման բարձրակետը․ «Միլանը» բացարձակ գերակայություն ուներ: Ամեն ինչի սկիզբը կրկին Կական դրեց:

«Սան-Սիրոյում» այդ օրն ամեն ինչ կար՝ բանականություն, սիրտ, կիրք: Սըր Ալեքս Ֆերգյուսոնը խոստովանեց. ««Միլանը» նույնքան հիասքանչ էր, որքան իր երկրպագուները»:

Հետո «Լիվերպուլի» հետ եզրափակիչն էր: Ո՞վ վաստակեց տուգանայինը, որի արդյունքում Պիրլոյի հարվածից հետո գնդակը Պիպոյին հանդիպեց, ապա հայտնվեց դարպասում: Իսկ ո՞վ այդ նույն խաղում փոխանցում կատարեց Ինձագիին, որից հետո Ստամբուլի չարաբաստիկ խաղը մոռացվեց, իսկ Աթենքը դարձավ «Միլանի» համար երջանիկ քաղաք:

Այդ տարին Կակայի համար «Ոսկե գնդակով» ավարտվեց:

Կարո՞ղ էր ավելիին հասնել: Նման հարց ծագում է, երբ ֆուտբոլիստն ավարտում է կարիերան: Դրան սովորաբար արդարացումներն ու զղջումի խոսքերն են հետևում: Կակայի դեպքում ամեն ինչ պարզ է: Կարիերայում ամենաառանցքային փոփոխությունը «Միլանից» հեռանալն էր: Հետաքրքիր է, բայց Իտալիայում մինչև հիմա շատերը ցավում են, որ նա «Ռեալ», ոչ թե կրկնակի գին առաջարկող «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվեց․․․ Հոգին գին չունի, բայց այդ գործարքից բոլորը տուժեցին՝ թե՛ ակումբը, թե՛ ֆուտբոլիստը:

Երբ 2009-ին Կական Իսպանիա տեղափոխվեց, բոլորի համար պարզ էր՝ «Ռեալում» նա սպառվելու էր: Գուցե ինքն էլ դա զգում էր ու դրա համար լալիս էր երկրպագուներին հրաժեշտ տալիս: Մադրիդում առաջին իսկ վնասվածքից հետո Կական կորցրեց աշխատելու ֆենոմենալ արագությունը, ինչը նրա առավելություններից էր: Նման դեպքում իմաստուն մասնագետը կարող էր նրա այլ հմտություններն օգտագործել: Այդ դեպքում գործը գուցե մեկ «Ոսկե գնդակով» չվերջանար․․․ Բայց նա արդեն հեռացել էր հանճարեղ մարզիչների երկրից․․․

Խորհրդանշական էր․ Անդրեյ Շևչենկոն «Չելսի» տեղափոխվելիս ասաց, որ «Միլանում» իր գործը Կական է շարունակելու: Նա չգիտեր, որ բրազիլացին կրկնելու է իր սխալը․․․

sport.times.am

Դիտվել է՝