Որո՞նք են Հոլանդիայի հավաքականի ճգնաժամի պատճառները

timthumb

Հոլանդիայի հավաքականը սարսափելի ճգնաժամի մեջ է: Երկու տարի առաջ հոլանդացիները տապալեցին Եվրո-2016-ի, իսկ այս տարի՝ ԱԱ 2018-ի ընտրական փուլերը: Sport.times.am-ը փորձել է պարզել, թե որո՞նք են այս ճգնաժամի պատճառները:

Մարզիչները

ԱԱ-2014-ում Հոլանդիայի հավաքականը հիանալի հանդես եկավ՝ ջախջախիչ հաղթանակ գործող չեմպիոնի նկատմամբ, Ռոբին վան Պերսիի հրաշք գոլը, դարպասապահի անսպասելի փոփոխություն 11-մետրանմոց հարվածաշարից առաջ, հաղթանակ բրազիլացիների նկատմամբ և բրոնզե մեդալներ: Այս յուրատեսակ թիմի ղեկավարը Լուի վան Գալն էր՝ իր ոչ ստանդարտ խաղային սխեմայով՝ 3-5-2:

Թվում էր, որ Լուի վան Գալի հեռանալուց հետո աղետալի ոչինչ չի լինի: Ամեն ինչ նախապես պլանավորված էր՝ Եվրո-2016-ին գլխավոր մարզիչ կլինի Գուս Հիդինկը, իսկ ԱԱ-2018-ին թիմին կնախապատրաստի նրա օգնական Դանի Բլինդը: Բայց հոլանդացիների իդեալական թվացող սխեման չաշխատեց:

Խաղից խաղ հոլանդացիները ձախողվում էին: Թերթերը լույս էին տեսնում հետևյալ վերնագրերով՝ «Գաղափարների բացակայություն», «Ամոթ», «Խայտառակություն»:

Երբեմնի հաջողակ Գուս Հիդինկը չկարողացավ ինչ-որ բան ձեռնարկել և ձեռնունայն հեռացավ: Նրան հաջորդեց Դանի Բլինդը: Նախատեսվածից ավելի շուտ ընդունելով հավաքականի ղեկը, Բլինդը նույնպես չկարողացավ որևէ բան փոխել: Ընտրական փուլի ավարտն ավելի ձախողված էր, քան մեկնարկը:

Բլինդին ևս մեկ շանս տրվեց, սակայն նույնպես ապարդյուն: Նրա գլխավորությամբ թիմը պարտվեց բոլոր սկզբունքային մրցակիցներին՝ Իսլանդիային, Թուրքիային, Չեխիային, Ֆրանսիային և Բուլղարիային: Օգնության հասավ Դիկ Ադվոկատը, ով վերջին 25 տարիների ընթացքում 3-րդ անգամ ստանձնեց հավաքականի ղեկը: Նրա ղեկավարությամբ թիմը սկսեց հաղթանակներ տոնել, բայց դա չբավականացրեց ԱԱ 2018-ի եզրափակիչ փուլի կամ գոնե անցումային խաղերի ուղեգիր նվաճելու համար:

Արդյունքում, ձախողվեց թե՛ փորձառու, թե՛ սկսնակ մարզիչը: Բայց, միթե՞ չկար այլընտրանք: Իհարկե կար: Պետեր Բոշը, ով «Այաքսին» դուրս բերեց Եվրոպա լիգայի եզրափակիչ, կամ Էրիկ տեն Հագը, որը գլխավորում է «Ուտրեխտն» ու օգտագործում է նույն 3-5-2 խաղային սխեման: Ֆիլիպ Կոկուն, որի ՊՍՎ-ն երկու անգամ դարձել է Հոլանդիայի չեմպիոն, Ջովանի վան Բրոնկհորստը, որը կարողացավ «Ֆեյենորդի» հետ նվաճել չեմպիոնությունը: Եվ վերջապես Ռոնալդ Կումանը:

Սերնդափոխությունը

Այս երևույթը տեղի է ունենում բոլոր թիմերում, բայց Հոլանդիայի հավաքականն այս անգամ չկարողացավ ճիշտ արձագանքել դրան: Ռոբբենը, Սնեյդերը, վան Պերսին և Հունտելարը ծերանում են և դա բնական է: Նույնիսկ այն, որ երիտասարդները սկզբնական շրջանում չեն կարողանում ինչպես հարկն է ընդգրկվել թիմում, նույնպես բնական է: Ի՞նչ կարող ես ակնկալել 18 կամ 19 տարեկան երիտասարդից:

Նախկինում Հոլանդիայում տաղանդավոր ֆուտբոլիստի կարիերան դասավորվում էր հետևյալ կերպ. նախ վազվազում է ակումբներից որևէ մեկի երկրորդ թիմում, հետո տեղափոխվում է առաջին թիմ: Լավ արդյունքներ գրանցելու դեպքում հայտնվում է տեղի գրանդ ակումբներից մեկում (եթե թոփ ակումբի ակադեմիայում է եղել, ապա մեկ քայլ քիչ է անցնում): 22-25 տարեկանում նոր մտածում է այլ առաջնություն տեղափոխվելու մասին: Ահա թե քանի տարեկանում են Հոլանդիայից հեռացել մի քանի ճանաչված ֆուտբոլիստներ.

Դավիդս – 23
Վան դեր Սար – 29 
Ֆրանկ Դե Բուր – 28 
Վան Դեր Վարտ – 22 
Կոկու – 28
Վան Բոմել – 28 
Սնեյդեր – 23
Հունտելար – 25
Ստրոտման – 23
Բլինդ – 24 
Վան Բրոնկհորստ – 23

Արտասահմանցիներից կարելի է առանձնացնել.

Կիվու – 23
Վերտոնգեն – 25
Իբրահիմովիչ – 23
Սուարես – 24

Այո, եղել են բացառություններ՝ Զեեդորֆ, վան Պերսի, Էրիկսեն, Կլյուվերտ, բայց նրանք մի քանի տարի խաղացել են Հոլանդիայում բարձր մակարդակի վրա: Իսկ հիմա երիտասարդները տեղափոխվում են այլ առաջնություններ ընդամենը մեկ հաջողակ մրցաշրջանից հետո:

Առաջնության ցածր մակարդակն ու ֆինանսական խնդիրները

Էրեդիվիզիան թոփ առաջնություն չէ: Այս պահին Հոլանդիան 11-րդն է ՈՒԵՖԱ-ի դասակարգման աղյուսակում: Կան երեք գերակումբներ՝ «Այաքս», ՊՍՎ և «Ֆեյենորդ»: Եվրագավաթներում ելույթներն էլ ընթացիկ մրցաշրջանում ուրախանալու առիթ չեն տալիս: Ֆինանսական առումով ևս խնդիրները շատ են: Հեռուստատեսային իրավունքների վաճառքից ակումբները ստանում են 5-6 մլն եվրո, ինչը նույնիսկ համեմատական չէ եվրոպական թոփ 5 առաջնություններում շրջանառվող միլիոնների, նույնիսկ միլիարդների հետ:

Անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ

Ամբողջ հոլանդական ֆուտբոլը հիմնված է 4-3-3 խաղային սխեմայի և տոտալ ֆուտբոլի գաղափարի վրա: Բայց, կարելի է ասել, որ դրա ժամանակն արդեն անցել է: Եվրոպայում արդեն սովորել են դիմակայել այս մարտավարությանը: Հոլանդական ֆուտբոլին անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, կամ Լուի վան Գալի նման համարձակներ, որոնք ինքնուրույն կփորձեն ինչ-որ բան փոխել:

ԱԱ-2018-ի ընտրական փուլի ավարտից հետո թիմի ավագ Արյեն Ռոբենը հայտարարեց միջազգային կարիերան ավարտելու մասին: Եթե նույնիսկ Ռոբենի հետ հոլանդացիները չկարողացան դուրս գալ այս ճգնաժամից, ապա դժվար է պատկերացնել, թե ինչ է կլինի առանց նրա:

Այնուամենայնիվ, ամեն ինչ դեռ կորած չէ: Որքան էլ որ քննադատենք երիտասարդ սերնդին, միևնույնն է, կան տաղանդներ, որոնք ի վիճակի են դառնալու բարձրակարգ ֆուտբոլիստներ: Բայց միայն դա բավական չէ: Հոլանդիայի արքայական ֆուտբոլային միությունը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի: Նոր ծրագրեր են անհրաժեշտ ներքին առաջնության մակարդակը բարձրացնելու համար: Պետք է լուծել գլխավոր մարզչի հարցը, որի լավագույն թեկնածուն կարող է լինել Ռոնալդ Կումանը:

sport.times.am

Դիտվել է՝