Մեսսիի հանճարեղ խաղի շնորհիվ Արգենտինան Մունդիալում է, Չիլին դուրս մնաց պայքարից

timthumb (1)

Ավարտվեց ԱԱ-2018-ի ընտրական փուլի հարավամերիկյան գոտու խմբային մրցաշարը:
Վերջին` 18-րդ տուրում Արգենտինային արտագնա հաղթանակ էր հարկավոր Էկվադորի նկատմամբ, որպեսզի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեր կամ նվազագույնն անցումային խաղերի մասնակցեր:

«Ալբիսելեստեն» կամային հաղթանակ տարավ 3:1 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակ է դարձել թիմի առաջատար Լիոնել Մեսսին (12, 20 և 62 րոպեներ): «Բարսելոնայի» հարձակվողի առաջին գոլն Անխել Դի Մարիայի հետ «պատ» խաղարկելուց հետո է գրանցվել, երկրորդ` գնդակը դարպասի վերին անկյունը մխրճելով, իսկ երրորդը` օդապարիկային հարվածով:

Տանտերերի կազմում առաջին րոպեին աչքի է ընկել Ռոմարիո Իբորան:

Արգենտինան վաստակեց 28 միավոր, գրավեց 3-րդ տեղը և նվաճեց Մունդիալի ուղեգիր:

Ռուսաստանում կայանալիք առաջնությանը չի մասնակցելու Կոպա Ամերիկայի վերջին երկու խաղարկությունների չեմպիոն, Կոնֆեդերացիաների գավաթի եզրափակչի մասնակից Չիլին: Խուան Անտոնիո Պիցիի թիմը հյուրընկալվելիս 0:3 հաշվով զիջել է ընդգծված առաջատար Բրազիլիային: 

«Սելեսաոյի» կազմում հաշիվը բացել է Պաուլինյոն (55), այնուհետև Գաբրիել Ժեզուսը երկու անգամ գրավել է անպաշտպան դարպասը (57, 90+3):

Չիլին 26 միավորով նահանջել է 6-րդ տեղ ու դուրս մնացել հետագա պայքարից:

Տուրի մեկ այլ որոշիչ խաղում մրցել են Պերուն և Կոլումբիան: Չիլիի պարտության պարագայում այդ թիմերին ձեռնտու է եղել ոչ-ոքի արդյունքը, որը գրանցվել է` 1:1: Խամես Ռոդրիգեսի գնդակին (56) պատասխանել է Պաոլո Գերեյրոն (76):

Այսպիսով, Կոլումբիան (27 միավոր) զբաղեցրեց 4-րդ տեղը և մեկնում է Ռուսաստան, իսկ հինգերորդ հորիզոնականում հայտնված Պերուն (26) Նոր Զելանդիայի հետ կմասնակցի անցումային հանդիպումների:

Աշխարհի առաջնության ուղեգրին կարող էր արժանանալ նաև Պարագվայը (24 միավոր), եթե սեփական հարկի տակ հաղթեր Վենեսուելային, սակայն դա նրանց չի հաջողվել: Հյուրերն առավելության են հասել 1:0 հաշվով: Միակ գնդակը 84-րդ րոպեին հեղինակել է Յանգել էրերան: Երկու թիմերը հանդիպումն ավարտել են 10-ական ֆուտբոլիստով (կարմիր քարտեր):

Վերջին խաղում երկրորդ տեղում ընթացող Ուրուգվայը 4:2 հաշվով պարտության է մատել Բոլիվիային: Մարտին Կասերեսի (39), Էդինսոն Կավանիի գոլերին ու Լուիս Սուարեսի դուբլին (60, 76) հյուրերը պատասխանել են «սելեստեի» երկու ինքնագոլերով: Ուրուգվայցիներից սեփական դարպասն են գրավել Գաստոն Սիլվան (24) և Դիեգո Գոդինը (79):

Հարավամերիկյան գոտու թիմերի վերջնական միավորները.

1. Բրազիլիա` 41

2. Ուրուգվայ` 31

3. Արգենտինա` 28

4. Կոլումբիա` 27

5. Պերու` 26, գոլերը` 27:26

6. Չիլի` 26 գոլերը` 26:27

7. Պարագվայ` 24

8. Էկվադոր` 20

9. Բոլիվիա` 14

10. Վենեսուելա` 12

sport.times.am

Դիտվել է՝