Արսեն Ջուլֆալակյան․ Եթե առողջականս ների՝ կարիերաս կշարունակեմ մինչև Տոկիո-2020

timthumb (3)

Մայիսի 2-7-ը, սերբական Նովի Սադ քաղաքում տեղի կունենա ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականի կազմում այս առաջնությունը բաց կթողնի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, ով Ռիոյի խաղերի անհաջողությունից և մեջքի վնասվածքից ապաքինվելուց հետո վերջերս է գորգ վերադարձել։ Արսենն Էստոնիայում կայացած Կրիստիան Պալուսալուի անվան հուշամրցաշարում 75 կգ քաշային կարգում զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ բոլորը գոտեմարտերն էլ ավարտելով ժամանակից շուտ՝ 8։0 հաշվով։

Sport.Times.am-ը զրուցել է մարզիկի հետ մրցաշարում տարած հաղթանակի, կարիերան շարունակելու և ըմբշամարտում առկա խնդիրների մասին։

-Երկար դադարից հետո մասնակցեցիր Էստոնիայում կայացած մրցաշարին։ Քեզ բավարարե՞ց մրցաշարի մակարդակը։

-Այն որակի մրցաշար էր, որը պետք էր ինձ այս պահին։ Բնականաբար դեռ մարզավիճակիս գագաթնակետին չէի, ավելի շատ ուժային պատրաստվածության փուլում էի ինչպես ես, այնպես էլ ամբողջ թիմը։ Ըմբշամարտում կան A, B, C կարգի մրցաշարեր, սա B կարգն էր։ Հիմնականում հանդես էին գալիս ավելի երիտասարդ՝ 23, 24 տարեկան ըմբիշներ։ Մրցակիցներիցս ճանաչում էի ամերկացի ըմբիշին՝ Նիկոլաս Տարփլեյին, նա ԱՄՆ-ի առաջնության մրցանակակիր էր, իսկ մյուսները նոր մրցակիցներ էին ինձ համար։

Գոհ եմ մասնակցությունիցս։ Պետք էր նոր օրենքներին վարժվել և մեջքիս վնասվածքի բուժումից հետո հասկանալ, թե ուր եմ հասել։ Այդ ամենը պարզ երևում է մրցաշարերի ժամանակ։ Մարզումների ընթացքում կարող ես քեզ շատ լավ զգալ, բայց մրցումներին լրիվ այլ է։ Պետք էր մրցագորգը զգալ, մրցավարի սուլիչը, հաղթահարել հոգեբանական պահը, քանի որ դադարը երկար էր։ Սա լավ մեկնարկ էր, հետագայում աշխարհի առաջնության համար անցկացվող ընտրական մրցաշարերին մասնակցելու համար։

-Կես տարվա ընթացքում՝ Օլիմպիական խաղերից հետո, բացի բուժումներից ի՞նչ փուլեր ես անցել։ Եթե չեմ սխալվում, մասնակացել ես ակումբային մրցաշարի։

-Ակումբային մրցաշարին մասնակցելու առաջարկը շատ անակնկալ եղավ։ Անկեղծ ասեմ, զուտ ֆինանսական առաջարկն էր հետաքրքիր, դրա համար մասնակցեցի։ Ինչ վերաբերում է Օլիմպիական խաղերից հետո անցած փուլերին՝ չեմ ուզում կրկնվել, բայց շատ դժվար էր, երբ գնում ես այդպիսի մրցաշարի մեդալի ակնկալիքով, և չի ստացվում ոչինչ։ Լրջորեն մտածում էի՝ շարունակե՞լ մարզական կարիերաս, թե՞ ոչ․․․

Եթե չլիներ չորեքթաթ դրության վերադարձը հունահռոմեական ըմբշամարտ, ապա մեծ հավանականություն կար, որ մեկ անգամ էլ կփորձեի և կավարտեի կարիերաս։ Ուղղակի ուզում էի Օլիմպիական խաղերից հետո հաղթանակով ավարտել, որ բարդույթ չմնար։ Առանց չորեքթաթ դրության ըմբշամարտն ինձ համար կորցրել էր իր գեղեցկությունը և գրավչությունը՝ վերածվելով շատ պասիվ, տգեղ ու առանց ստեղծագործելու հնարավորության մարզաձևի, ինչը ձանձրացնող էր։

Ինչ վերաբերում է հոգեբանական պահին, անընդհատ մտածում եմ լուրջ սպորտային հոգեբանի հետ աշխատելու մասին։ Դեռ լուրջ փնտրտուքների մեջ չեմ եղել, բայց ապագայում պատրաստվում եմ։ Չեմ կարծում՝ այստեղ գոնե մեկ-երկու լուրջ մասնագետ չլինի։ Չեմ ցանկանա կրկին անդրադառնալ սպորտային ատյաններին, և շեշտել, որ այդպիսի մասնագետների թիմերին տրամադրելն իրենց գործառույթն է․․․ Ինձ թվում՝ ավելորդ է. բոլորս միշտ խոսում ենք դրա մասին, բայց, ինչպես ասում են, ասողին լսող է պետք։

-Մրցումային գորգին կարոտե՞լ էիր։

-Շատ։ Կարոտել էի նաև հնարքներով գոտեմարտին, մինչ այդ նախապատրաստական փուլին, տակտիկա մշակելուն, բայց եթե ասեմ՝ երեխայի պես ուրախացել եմ այս մրցաշարը հաղթելուց, սուտ կլինի։

-Ստայկիում արդեն հավաքական թիմի հետ մասնակցելու ես ուսումնամարզկան հավաքի։ Պարզ է, որ չես մասնակցի Եվրոպայի առաջնությանը, իսկ մինչև աշխարհի առաջնությունը կա՞ ընտրված մրցաշար, որին պլանավորել ես մասնակցել։

-Ստայկիի հավաքի ընթացքում, ի տարբերություն ինձ, տղաների մարզումային գրաֆիկը համեմատաբար թեթև է լինելու։ Դրանից հետո թիմը, ամենայն հավանականությամբ, հավաք կանցկացնի Երևանում, և այդ ժամանակ պարզ կլինի՝ առաջատարները ինչ մրցաշարերի կմասնակցեն։

-Եթե աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք նվաճես, որո՞նք են լինելու քեզ համար սպասելի և ռեալ արդյունքները։

-Առնվազն մեդալի ակնկալիք ունեմ։ Ես այս ԱԱ-ին չեմ մոտենում որպես ուղղակի առաջնության, որին մասնակցեմ վնասվածքի բուժումից հետո։ Այդպես կարող էի մոտենալ Եվրոպայի առաջնությանը, եթե մասնակցեի, իսկ աշխարհի առաջնության դեպքում այդպիսի մոտեցում չի լինի։ Հիշեցնում եմ՝ եթե հաստատվի չորեքթաթ դրությունը, կարող եմ և՛ հաղթել, և՛ պարտվել։ Առանց դրա չեմ կարող ոչինչ խոստանալ (ժպտում է)։

-Կարծիք կա, որ Օլիմպիական խաղերին հաջորդող աշխարհի առաջնությունը բավականին թույլ է։ Համաձա՞յն ես։

-Անիմաստ է այդպիսի կարծիքի հետ համամիտ լինել, քանի որ 1 տարի անց չի կարող այդպիսի բան լինել։ Միգուցե Եվրոպայի առաջնությունում պայքարը որոշակի առումով թույլ լինի․ դա էլ այն քաշային կարգերում, որտեղ մրցակցությունը առանձնապես ուժեղ չէ, բայց աշխարհի առաջնության դեպքում բացառվում է։

-Անկախ աշխարհի առաջնության արդյունքից, մտադի՞ր ես շարունակել մարզական կարիերադ։

-Այո։ Ելնելով օրենքներից։ Միայն առողջականս թույլ տա և վնասվածքներից խուսափեմ, կշարունակեմ մինչև Տոկիո-2020 ու ոչ թե միայն մասնակցության համար, այլ բարձր ակնկալիքներով։ Եթե ճանապարհին զգամ, որ չեմ կարող, չեմ ուզում, բացակայում է մոտիվացիաս, ապա կդադարեցնեմ։ Բայց այս պահին նման բան չկա և վստահ եմ, որ ընթացքում ավելի շատ ռիթմի մեջ կմտնեմ։ Կա ներքին վստահություն, որ այս օրենքները շատ հարմար են յուրաքանչյուր «կռվող», ստեղծագործող ու հնարքներ կատարող ըմբիշի համար։

-29 տարեկան ես, ինչը ըմբշամարտի համար բավականին բարձր տարիք է։ Ի՞նչ է փոխվել քո մարզումային գործընթացում 20 տարեկանի համեմատ։

-Ունեմ գիրք, որի մեջ ֆիքսված է, թե որ տարիքում ինչպես եմ պատրաստվել, հսկայական տարբերություն կա 20 տարեկան մարզիկ Արսենի ու այժմյան Արսենի մեջ։ Հիմա ավելի բազմակողմանի զարգացած ու փորձված եմ։ 20 տարեկանում կարող ես սխալ անել և արդյունքդ լավ լինի, քանի որ այդ տարիքում կա փորձի պակաս և ինչ էլ անում ես` քեզ թվում է՝ ճիշտ ես անում։ Չկա չափանիշ, չկա սահմանում, միայն գժի պես առաջ ես գնում։ Իսկ այս տարիքում կա փորձ, ու երբ սխալ ես անում, արդեն գիտակցում ես, որ այդպիսի մոտեցման դեպքում, հնարավոր է՝ չկարողանաս ինչ-որ բան հաղթահարել։ Սկսում ես ավելի ուշ վերականգնվել, մոտիվացիայի վերացում, կյանքում հայտնվում են այլ նպատակներ, առաջնահերթություններ և հետաքրքրություններ, բայց ճիշտ մոտեցման դեպքում շատ նորմալ տարիք է։ Բազմաթիվ օրինակներ կան, որ մարդիկ 33-34 տարեկանում թե՛ օլիմպիական, թե՛ աշխարհի չեմպիոն են դարձել։ Ամեն մարդ պետք սեփական օրգանիզմից ու սեփական ցանկություններից հասկանա․ եթե չկա ցանկություն, կարող է 25-ում էլ հեռանալ։

-Վերջին շրջանում կարճ ժամանակահատվածում ըմբշամարտում նորից բազմաթիվ կանոններ փոխվեցին։ Արդյո՞ք անընդհատ փոփոխությունները չեն նպաստում մարզաձևի մասսայանակության անկմանը։

-Բնականաբար։ Բոլորս խոսում ենք մասսայականությունից, բայց, պատկերացրեք՝ ինչ բարդ է նաև մարզիկների համար։ Առավոտյան արթնանում ենք ու տեսնում՝ նոր օրենք է փոխվել։ Գնում ենք մարզումների, և կրկին ինչ-որ բան փոխվել է։ Նույն տարում Եվրոպայի չեմպիոն ես դառնում մեկ օրենքով, իսկ աշխարհի առաջնությունում այլ օրենք է գործում։ Շատ բարդ է։ Լրիվ այլ տակտիկա է, մարզումների այլ սխեմա։ Բացի դրանից, երբ երկրպագուն ամեն մրցաշարի ընթացքում տարբեր օրենքներ է տեսնում, աստիճանաբար կորցնում է հետաքրքրությունը մարզաձևի նկատմամբ։

Դրա համար Լևոն Ջուլֆալակյանը նամակով դիմեց UWW-ին, որ ինչ փոփոխություն էլ լինի, հնարավորինս երկարաժամկետ լինի, որպեսզի մարզիկները կարողանան հարմարվել։ Ավել լավ է՝ օրենքները լավ ու երկար մշակման ենթարկվեն և կիրառության մեջ մտնեն, քան արագ փոփոխություններ արվեն, և մրցաշարերի ընթացքում բազմաթիվ թերություններ հայտանբերվեն դրանց մեջ։ Նամակում փաստերով ցույց է տրված, որ առանց չորեքթաթ դրության երբեք ըմբշամարտը դիտարժան չի եղել՝ սկսած 60-ական թվականներից։ Պետք է նվազագույնի հասցնել մրցավարական միջամտությունը։ Ցանկալի է, որ փոփոխված օրենքները գործեն նվազագույնը մեկ օլիմպիական շրջափուլ՝ 4 տարի։ Իմանանք ինչ քննության ենք նախապատրաստվում, ունենանք գիրքը, որ կարողանանք լավ հանձնել քննությունը։

-Փոփոխություններ են կատարվում նաև քաշային կարգերում։ Ըստ քեզ՝ դրանք կարո՞ղ են դրական ազդեցություն ունենալ։

-Այդ հարցին ևս անդրադարձել ենք UWW-ին ուղղված նամակի մեջ: Պատմությունը ցույց է տվել, որ, օրինակ, 65 կգ և 75 կգ քաշային կարգերը միշտ եղել են ամենադիտարժանը, այդ դեպքում ինչո՞ւ փոփոխել դրանք։ Հուսամ՝ այս որոշումը դեռևս կվերանայվի։ Վերջնական որոշում կկայացվի Փարիզում՝ աշխարհի առաջնությունից հետո կամ առաջ։

Պարզաբանում․ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան առաջարկում է քաշային կարգերում կատարել արմատական փոփոխություններ՝ տարբերությունը հասցնելով 10 կգ՝ 50, 60, 70, 80, 90, 100 և ևս 4 միջանկյալ քաշային կարգեր, որոնք չեն լինի օլիմպիական: Այս պահին ըմբշամարտում կա 8 քաշային կարգ, որոնցից երկուսը՝ ոչ օլիմպիական, փոփոխությունից հետո կլինի ՝10, որոնցից չորսը՝ ոչ օլիմպիական։

-Անդրադառնանք շատ նուրբ հարցի։ Որքանո՞վ էր ճիշտ ըմբշամարտում տարանջատել օլիմպիական և ոչ օլիմպիական քաշային կարգերը։ Արդյո՞ք այս որոշումը հակասական ու անարդարցի չէր։

-Հակասական էլ կմնա։ Իրոք շատ նուրբ հարց է ըմբշամարտում։ Կան ըմբիշներ, որոնք չեն կարող օլիմպիական քաշերի հասնել՝ ֆիզիոլոգիայով պայմանավորված։ Բարդ է արդեն կայացած ու ձևավորված ըմբիշի համար քաշային կարգ փոխելը։ ՄՕԿ-ից պահանջ եղավ կրճատել քաշային կարգերը՝ նախկինում 7 օլիմպիական քաշ էր։ Պայմանավորված էր ամառային Օլիմպիական խաղերում նոր մարզաձևերի ավելացմամբ։ Չգիտես ինչու, ՄՕԿ-ը համարեց, որ ճիշտ չէ այդ քանակի մեդալներ բաժանելը։ Որոշման տրամաբանությունը ինձ համար անհասկանալի է։ Երկրորդ պատճառը կանանց ըմբշամարտն էր, որտեղ կար 4 քաշային կարգ, և որպեսզի հավասարեցնեն կանանց ու տղամարդկանց ըմբշամարտը բոլորը դարձրեցին 6 քաշային կարգ։ Ստացվում է՝ Օլիմպիական խաղերից դուրս հանեցին մեկ քաշային կարգ և ավելացրեցին ոչ օլիմպիական երկուսը։ Այսպես ասած՝ զիջողական տարբերակ, քանի որ հասկացան, որ շատ տաղանադավոր մարզիկներ ուղղակի կդադարեն զբաղվել ըմբշամարտով փոփոխությունների պատճառով։

Սակայն փորձը ցույց է տվել, որ կանանց ըմբշամարտի մոտ 12 տարվա գոյության ընթացքում շատ քիչ է ավելացել դիտարժանությունը, և արհեստականորեն հավասարություն դնել տղամարդկանց և կանանց ըմբշամարտի մեջ, ըստ իս, սխալ է։ Հիմա նոր տարբերակ են մշակել և մրցումների ժամանակ խառնում են կանանց ու տղամարդկանց ըմբշամարտի ելույթները․ ստացվում է՝ երկրպագուն, գալով դահլիճ, չի ունենում ընտրության հնարավորություն և մի գորգի վրա անպայման դիտում է կանանց պայքար, ինչը նույնպես սխալ է։

-Քեզ համար կանոնների իդեալական տարբերակը ո՞րն է։

-Սկսենք կշեռքի արարողությունից։ Առավոտյան ժամը 10։00-ն շատ հարմար է, քանի որ մարզիկը կշեռքից առաջ ունի մարզվելու պահանջ և պետք է կարգավորի ավելի 1-2 կգ-ը։ Մրցումները սկսվեն ոչ թե ժամը 09։00-ին, 11։00-ին կամ 12։00-ին, այլ 14։00-ին, որպեսզի միջակայք լինի կշեռքից հետո, և մարզիկը կարողանա սնվել։ Դա ավելի համար է նաև երկրպագուների համար։ Երեկոյան գոտեմարտերը ոչ թե ժամը 18։00-ին կամ 19։00-ին լինեն, այլ ավելի ուշ։ Լրիվ համաձայն եմ, որ կիսաեզրափակիչ ու եզրափակիչ գոտեմարտերը անցկացվեն հաջորդ օրը՝ ժամը 19։00-ից հետո, քանի որ երկրպագուների համար ավելի հասանելի կլինի և աշխատանքային ժամ չի լինի։ Նրանք կգնան ժամանցի վայր, ինչպես ֆուտբոլ, բասկետբոլ կամ հոկեյ։

Ինչ վերաբերում է կանոններին՝ չպետք է լինի վիճակ հասկացությունը, և դրանով որոշվի հաղթողը։ Պետք է հետ բերվի չորեքթաթ դրությունը և կիրառվի հենց առաջին զգուշացումից։ Հնարքների մեջ սահմանափակում չպետք է լինի, եթե մահացու չէ, քանի անգամ նույն հնարքը ուզում ես՝ արա։

Կողմ եմ 6 րոպե գոտեմարտելուն։ Ավելի ժամանակի դեպքում ըմբշամարտը կկորցնի դիտարժանությունը։ Պետք է մրցավարների գործոնը հնարավորինս նվազեցնել։ Հիմա փորձել են կարգավորել այս հարցը՝ գլխավոր մրցավարը առանց մարտավկայի վիճաբանականի կարող է չհամաձայնվել գորգի մրցավարի որոշաման հետ և պահանջել վերադիտում։

-Պարոն Ջուլֆալակյանը հրապարակել է Եվրոպայի առաջնությանը մասնակցող թիմի կազմը։ Կա՞ն ինչ-որ կանխատեսումներ։

-Ոչ։ Ես միշտ մեր հավաքականից մեդալներ եմ սպասել։ Սխալ եմ համարում անուններ նշել, քանի որ վիրավորում ես մնացածին։ Ներքուստ գիտեմ՝ ումից ինչ ակնկալել։ Վստահ եմ, որ տղաները պոտենցիալ ունեն և այս անգամ էլ մեդալներով կվերադառնան։

-Դեռևս Ռիոյում մեր զրույցի ընթացքում ասել էիր, որ ցանկություն ունես փորձարկում անելու և մասնակցելու ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությանը։ Վնասվա՞ծքը խանգարեց իրականացնելու այդ ցանկությունդ։

-Ռեալ այդպիսի ցանկություն կար, եթե չլիներ վնասվածքը ու նաև հոգեբանական վիճակը, միգուցե մասնակցեի։ Եթե հետաքրքիր սպորտային երկրում ապրեինք, կարծում եմ՝ կարելի էր այդպիսի հետաքրքիր միջոցառում կազմակերպել։ Օրինակ՝ ես և Դավիթ Սաֆարյանը գոտեմարտեինք․ հետաքրքրիր կլիներ թե՛ մեզ, թե՛ մարզասերների համար։ Դեռ ԱՄՆ-ում ցանկություն կար Ջորդան Բարոուզի հետ (ազատ ոճի ըմբիշ, 74 կգ քաշային կարգում 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերի չեմպիոն – խմբ․) այդպիսի գոտեմարտ անցկացնելու։ Երկուսիս համար էլ թե՛ բարդ, թե՛ հետաքրքիր կլիներ։ Նրան տեսնել չորեքթաթ դրությունում, իսկ ինձ ազատ ոճում։ Անգամ պատկերացնում եմ, թե ինչպես պետք է գոտեմարտեինք՝ 3 րոպե հունահռոմեական ոճում, 3 րոպե՝ ազատ։

Օրինակ՝ եթե հունահռոմեական ոճում չորեքթաթ դրությունը չվերադառնար, և ես 24 կամ 25 տարեկան լինեի, հաստատ 1 օլիմպիական շրջափուլ կշարունակեի ազատ ոճում, քանի որ արդեն հունահռոմեական ըմբշամարտը կորցրել էր հետաքրքրությունն ինձ համար։

sport.times.am

Դիտվել է՝