Արթուր Պետրոսյան. Ոչ մեկի համար հավաքականի դռները չեմ փակել

image

2018 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Հայաստան – Դանիա խաղից առաջ Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը մամուլի ասուլիս տվեց:

Արթուր Պետրոսյանը նախ ընդգծեց, որ վաղը հավաքականը խաղալու է միայն հաղթելու նպատակով, ապա անդրադարձավ մյուս հարցերին։

Ռումինիայի դեմ արտագնա մրցավեճում Հայաստանի ընտրանին փորձեց երեք կենտրոնական պաշտպաններով խաղը: Պետրոսյանը գնահատեց այդ փորձարկումը․

«Մինչև կարմիր քարտը խաղը շատ հաջող էր ստացվում: Տարոն Ոսկանյանի հեռացումից հետո ստիպված էինք չորս պաշտպանով խաղին անցնել: Փորձարկումը դրական եմ գնահատում։ Դանիայի դեմ մրցավեճին Տարոնը չի կարող մասնակցել, ինչի պատճառով ծանր դրության մեջ ենք հայտնվել: Կենտրոնական պաշտպանի դիրքում լուրջ խնդիր ունենք, քանի որ Մկոյանը վնասվածք ունի: Ինչ վերաբերվում է Գաել Անդոնյանին, ապա նա վաղուց խաղաժամանակ չի ստանում, սակայն հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կարող ենք ասպարեզ դուրս բերել նրան»:

Վերջին րոպեներին գոլ խփելու վաղեմի խնդրի մասին.

«Կոնկրետ Ռումինիայում խնդիրը հոգնածության մեջ էր: Տասը ֆուտբոլիստով մոտ 40 րոպե դիմանում էինք անտանելի ճնշմանը, սակայն ինչ-որ պահի չհասցրեցինք մրցակից հետևից: Իսկ ընդհանուր առմամբ վերջին րոպեներին գոլ բաց թողնելու խնդիրը հոգեբանական է: Ֆիզիկականի խնդիր չկար»:

Պետրոսյանի օրոք նորամուտը նշած դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանի ու հարձակվող Սարգիս Ադամյանի խաղի մասին․

«Շատ ուրախ եմ Մելիքսեթյանի համար, շատ բարձր մակարդակի ֆուտբոլ խաղաց: Բայց դա ընդամնեը մեկ հանդիպում էր, հուսով եմ` նույնկերպ կշարունակի:

Սարգիս Ադամյանը կարող է մեր թիմին օգուտ տալ: Երկրորդն Բունդեսլիգայում նրա բոլոր խաղերը դիտել եմ: Այնտեղ նա չի գործում այն դիրքում, որում նրան հրահանգեցինք խաղալ Ռումինիայում: Այդ 20 րոպեն մեծ նվիրվածությամբ անցկացրեց»:

Տիգրան Բարսեղյանի խաղի գնահատականը.

«Մեծ ծավալի աշխատանք կատարեց: Վերջում շատ էր հոգնել: Եթե ևս մեկ փոխարինման հնարավորություն ունենայինք, Տիգրանին հանգստանալու հնարավորություն կտայինք: Ցավոք, Գոռ Մալաքյանի առողջական խնդիրների պատճառով մեկ չծրագրված փոխարինում կատարեցինք»:

Արտակ Գրիգորյանի բացակայության ազդեցության մասին.

«Արտակը մեծ արժեք ունի մեզ համար: Միշտ խաղում է նվիրվածությամբ ու եռանդով: Նրա դիրքում երկու խաղացողներ գործեցին… Վատ ելույթներ չէին»:

Գոռ Մալաքյանի ու Կամո Հովհաննիսյանի վնասվածքի լրջության ու Մարկոսի ֆիզիկական պատարստվածության մասին

«Գոռը մկանային խնդիրներ ուներ, դրա համար նրան փոխարինեցինք Ռումինիայի հետ խաղում: Կարծում եմ` վաղվա հանդիպմանը չի կարողանա մասնակցել: Կամոն լիովին պատրաստ է։ Մարկոսը… չեմ բացահայտի նրա` խաղադաշտ դուրս գալու հնարավորությունը»:

Որոշ երկրպագուներ այդքան էլ գոհ չէին ռումինացիների հետ մրցավեճում Հենրիխ Մխիթարյանի ցուցադրած խաղից: Պետրոսյանը բացատրեց, թե ինչու պետք չէ այդպես մտածել.

«Հենրիխն անչափ մեծ ծավալի աշխատանք կատարեց: Եթե դիտեք վիճակագրությունը, կտեսնեք, որ այդ օրը խաղադաշտում ամենաշատը Մխիթարյանն է վազել: Երկրպագուները սովոր են նրանից ամեն խաղում երկու գոլ ու երեք գոլային փոխանցում կատարել, սակայն ֆուտբոլը թիմային խաղ է և կարելի է այլ կերպ նույնպես մեծ օգուտ տալ թիմին»:

Ռումինիայի հետ մրցավեճում Հայաստանի ընտրանին փորձում էր բարձր պրեսինգով խաղալ, սակայն կարմիր քարտից հետո այդպես չէր կարող շարունակել: Sport.Times.am-ը Պետրոսյանին հարցրեց, թե վաղվա խաղում թիմը որքանով ժամանակ է մատրաստ նման պրեսինգով գործել:

«Այս պահին չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև խաղին հաջորդող երկրորդ օրն ամենածանրն է: Դժվար է հասկանալ, թե թիմն ինչպիսի ֆունկցիոնալ վիճակում է, որ ըստ դրա ընտրենք տակտիկան: Հոգեբանորեն ամբողջովին վերականգնվել են, ֆունկցիոնալն ավելի ուշ պարզ կլինի»:

Վաղվա խաղում Դանիան ավելի մեծ մոտիվացիա ունի: 45-ամյա մասնագետը նշեց, թե ինչպես պետք է տրամադրի իր թիմին:

«Ինչպես միշտ, հաղթանակի համար ենք խաղադաշտ դուրս գալու: Մրցակիցը Լեհաստանի նկատմամբ հաղթանակից հետո մեծ ոգևորություն ունի, սակայն Հայաստանում նրանք միշտ խնդիրներ են ունենում: Հավատում եմ, որ այս անգամ էլ տենց կլինի»:

Կենտրոնական պաշտպանի ցավալի հարցը լուծելու հուսերի մասին.

«Այս հարցն այժմ լուծում չունի: Հուսամ` մի օր տաղանդավոր երիտասարդ կաճի ու կփակի այդ դիրքը»:

Պետրոսյանը հայտարարել էր, որ դեռ իր մտածած թիմի կառուցման ճանապարհին է, սակայն նշեց, որ դեռ չի կարող ասել, թե դրան երբ կհասնի: Պատճառը անորոշ ապագան է.

«Իմ պայմանագրի ժամկետը լրանում է հոկտեմբերի 15-ին: Դեռ ժամանակ կա իմ ապագան ՀՖՖ նախագահի հետ քննարկելու համար»:

Արթուր Պետրոսյանը նաև նշեց, որ հավաքականի դռները չի փակել Անատոլի Այվազովի համար․

«Ոչ, նրա առջև դռները չեմ փակել, ինչպես և այլ ցանկացած խաղացողի համար»:

sport.times.am

Դիտվել է՝