Տրանսֆերային պատուհանի վերջին օրը

image

22:35. «Բարսելոան» մեկ տարով աջ պաշտպան Դուգլասին ուղարկել է «Բենֆիկա»:

22:22. Բոյան Կրիկիչը վերադարձավ Իսպանիա: Վարձավճարով խաղալու է «Ալավեսում»:

22:11. BBC-ին հայտնում է, որ «Լիվերպուլը» համաձայնել է 28,3 միլիոն եվրոյով «Կրիսթալ Փելասին» վաճառել կենտրոնական պաշտպան Մամադու Սախոյի տրանսֆերը: Ֆրանսիացին արդեն բուժզննում է անցնում Լոնդոնում: 

22:08. «Արսենալի» հարձակվող Լուկաս Պերեսը վերդարձավ «Դեպորտիվո»: Վարձակալություն:

21:55. Ուշագրավ փաստ, որը ֆրանսիացի լրագրողներին է հաջողվել ճշտել: ՊՍԺ-ն կարող է միայն մեկ դեպքում ազատվել Մբապեի ամբողջական տրանսֆերը գնելու պարտավորությունից: Դա կլինի, եթե փարիզցիները… դուրս մնան Լիգա 1-ից:

21:33. Պաշտոնական. Մպաբեն տեղափոխվեց «Պարի Սեն Ժերմեն»: 

21:25. Յոան Մոլոն, ով երեկ խզել էր «Զենիթի» հետ պայմանագիրը, միացել է «Ֆուլհեմին»:

21:15. Ջակապոստան մեկնել է Լոնդոն, որպեսզի պայմանագիր կնքի «Չելսիի» հետ: Տրանսֆերը կկազմի 25 միլիոն եվրո:

20:47. Վերջապես նորություն Մադրիդի «Ռեալից»: «Սերուցքայինները» հենակետային կիսապաշտպան Մարկոս Լյորենտեի տեղափոխության շուրջ 20 տարբեր ակումբներից առաջարկներ են ստացել: 

20:45. «Sky Sports»-ը հայտնում է, որ Լեմարը ցանկանում է միանալ «Լիվերպուլին», որպեսզի հանդես գա Չեմպիոնների լիգայում: Այդ տրանսֆերը անչափ ձեռնտու կլիներ «Բարսելոնային»:

20:40. Մաքսի Լոպեսը շարունակում է փոխել թիմերը: Այս անգամ արգենտինացին «Տորինոյից» միացել է «Ուդինեզեին»:

20:36. Պաշտոնական. «Միլանի» հարձակվող Մբայե Նիանգը տեղափոխվել է «Տորինո»: Վարձակալություն` ամբողջական տրանսֆերը գնելու պարտավորությամբ:

20:30. «Բենֆիկան» վարձակալելու է «Ինտերի» հարձակվող Գաբրիել Բարբոսային: Լիսաբոնցիներն իրավունքն կունենան 25 միլիոն եվրոյով գնել ամբողջական տրանսֆերը: Հետագա վերավաճառքի ժամանակ գումարի 25 տոկոսը կուղարկվի միլանցիներին:

20:19. Նոր մանրամասներ Անդրե Գոմեշի` «Տոտենհեմ» սպասվող տեղափոխությունից: Լոնդոնցիները մեկ տարով վարձակալելու են «Բարսելոնայի» ֆուտբոլիստին, ինչպես նաև պարտավորվելու են հաջորդ ամռանը 45 միլիոն եվրոյով գնել ամբողջական տրանսֆերը,- գրում է «Daily Mail»-ը:

20:15. Պորտուգալիայի հավաքականի ու «Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Վիերինյան տեղափոխվել է հունական ՊԱՕԿ:

20:09. «The Guardian»-ը գրում է, որ «Արսենալը» հետ է վերցրել Լեմարի համար ուղարկված 100-միլիոնանոց առաջարկը և որոշել է թիմում պահել Սանչեսին: Պատճառը` չեն հասցնի ձևակերպել փաստաթղթերը: 

19:53. Առաջիկայում սպասվող տրանսֆերներ:

19:43. Չիլիական մամուլը հայտնում է, որ Ալեքսիս Սանչեսն ազգային հավաքականի մարզման ժամանակ իր թիմակիցներին ասել է, որ տեղափոխվում է «Մանչեսթեր Սիթի»:

19:38. Դորտնումդի «Բորուսսիան» վարձակալել է «Մանչեսթեր Սիթիի» 17-ամյա կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին և նրան Դեմբելեին նախկինում պատկանող 7 համարը տվել:

19:32. Լավ նորություն «Բարսելոնայի» բազմաթիվ երկրպագուների համար: Անդրե Գոմեշը մոտ է «Տոտենհեմ» տեղափոխվելուն:

19:19. «Sky Sports»-ի աղբյուրները հաստատում են: «Արսենալն» իսկապես 100 միլիոն եվրո է առաջարկել «Մոնակոյին»` Տոմա Լեմարի տրանսֆերի համար: 

18:58. Պաշտոնական. Նանին դարձավ «Լացիոյի» ֆուտբոլիստ: Մեկ տարվա վարձակալություն: Պորտուգալացու տրանսֆերային իրավունքները պատկանում են «Վալենսիային»:

18:50. «Արսենալն» ընդունել է Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի շուրջ «Մանչեսթեր Սիթիի» 65 միլիոն եվրոյի առաջարկը: Գործարքը տեղի կունենա, եթե լոնդոնցիները համաձայնեցնեն չիլիացու փոխարինողի հարցը: Հիմնական թեկնածուն Տոմա Լեմարն է:

18:36. Մի քանի տարի առաջ լուրջ ակնկալիքներ կային կենտրոնական կիսապաշտպան Ջելեյն Իմբուլայից, սակայն նրա կարիերան անհաջող է ընթանում: Միգուցե, նրան օգնի «Սթոք Սիթիից» «Թուլուզ» վարձավճարով տեղափոխությունը:

18:33. «Ռոստովի» արդեն 5-րդ ֆուտբոլիստն այս ամռան ընթացքում տեղափոխվեց «Զենիթ»: Երոխինին, Նոբոային, Պոլոզին ու Տերենտևին հաջորդեց կենտրոնական պաշտպան Միխա Մեվլյան: Սլովենացու համար 4 միլիոն եվրո է վճարվելու: 

18:28. «Մոնակոն» շարունակում է հարձակվող Լասինա Տրաորեին վարձակալությունների համաշխարհային ուղևորության ուղարկել: Հերթական կայանատեղը ֆրանսիական «Ամյեն» ակումբն է:

18:10. Պաշտոնական. «Լիվերպուլի» հարձակվող Դիվոկ Օրիգին ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի «Վոլֆսբուրգի» կազմում:

17:47. «Արսենալն» իր պատմության ամենախոշոր տրանսֆերի շեմին է: Լոնդոնցիները, ամենայն հավանականությամբ, «Մանչեսթեր Սիթիին» են վաճառելու Ալեքսիս Սանչեսին: Չիլիացուն փոխարինելու համար «զինագործները» 100 միլիոն եվրո են առաջարկել Տոմա Լեմարի («Մոնակո») համար,- վստահեցնում է «Daily Mail»-ը: «Արսենալն» այս ամռանը ռեկորդ էր սահմանել` 53 միլիոն եվրոյով (+ հնարավոր բոնուսներ) ձեռք բերելով Ալեքսանդր Լակազետին: 

17:41. «The Guardian»-ը հիշեցնում է, որ այս ամռանը «Չելսին» 8 ֆուտբոլիստ է վաճառել ու 5 նորեկ ունեցել: Լոնդոնցիներն «ընդամենը» 19,5 միլիոն եվրոյի ծախս են կատարել, ուստի իրենց տրանսֆերային բյուջեում դեռ լուրջ գումար ունեն:

17:37. Մահրեզի տրանսֆերի համար ֆավորիտ դարձավ Չելսին: Լոնդոնցիները կարող են առաջիկա մի քանի ժամերի ընթացքում հայտարարել տրանսֆերի մասին: Այդ տեղեկությունն ամրապնդվում է «Բարսելոնայի»` ալժիրցուն ձեռք բերելու մասին լուրը հերքելու պատճառով: 

17:28. «Զենիթի» կենտրոնական պաշտպան Լուիշ Նետուն վարձակալությամբ կխաղա «Ֆեներբախչեում»: 

17:22. Պարտվելով Օքսլեյդ Չեմբերլենի համար պայքարը` «Չելսին» ուշադրությունը բևեռել է «Տորինոյի» լատերալ Դավիդե Ջակապոստայի կողմը: Լոնդոնցիները համաձայն են իտալացու համար 25 միլիոն եվրո վճարել,- հյատնում է «Football Italia»-ն:

17:08. Պաշտոնական.  «Բավարիայի» կիսապաշտպան Ռենատու Սանշեշն առաջիկա մեկ տարին վարձակալությամբ կանցկացնի «Սուոսնիում»: Գործարքը` 5 միլիոն եվրո: Պորտուգալացին կխաղա Պոլ Կլեմենտի գլխավորությամբ, ում ծանոթ է «Բավարիայում» անցկացրած առաջին կես տարուց: Այդ մարզիչը Անչելոտիի օգնականն էր:

16:50. Սեսար Նավասը վերադարձավ «Ռուբին»: Կուրբան Բերդիևն առանց իր սիրելի պաշտպանի չի կարող:

16:37. «Բարսելոնայի» հարավկորեացի կիսապաշտպան Լի Սին Վու, ում մեծ ապագա էին խոստանում, մեկ տարվա տրանսֆերային արգելքից հետո չկարողացավ գտնել իր նախկին խաղը: Այսօր նա հեռացավ Կատալոնիայից և համալրեց Ա սերիայի նորեկ «Վերոնիայի» շարքերը:

16:28. «Մանչեսթեր Սիթին» 70 միլիոն եվրո է առաջարկել Ալեքսիս Սանչեսի համար: «Արսենալը» մի քանի ժամ է խնդրել, որպեսզի կարողանա չիլիացու փոխարեն ձեռք բերի «Մոնակոյի վինգեր Տոմա Լեմարին,- հայտնում է «Sky Sports»-ի լրագրող Գիլյեմ Բալագեն:

16:15. Sport.es-ի լրագրող Սարա Մենաին հայտնում է, որ Ռիյադ Մարեզը Բարսելոնայի օդանավակայանում է: Կատալոնական ակումբ տեղափոխվելու նրա շանսերը կտրուկ մեծացան: 

15:55. Անգլիական մամուլը գրում է, որ տեղական ժամանակով 19:00-ին` Երևանի ժամանակով 22:00-ին կհայտարարվի Կոուտինյոյի` «Բարսելոնա» տեղափոխության մասին:

15:50. «Չելսին» առաջարկ է ուղարկել «Բավարիային» եզրային պաշտպան Ռաֆինյայի տրանսֆերի շուրջ: Մյունխենցիները մերժել են:

15:40. «Լեսթերը» մերժել է Դեմորայ Գրեյին 27 միլիոն եվրոյով վաճառելու «Բորնմութի» առաջարկը: 

15:37. Պաշտոնական. Սերժ Օրյեն «Պարի Սեն Ժերմենից» տեղափոխվեց «Տոտենհեմ»:

15:26. «Սուոնսին» նույնպես զգալիորեն համալրվելու է: «Կարապները» մոտ են Ռենատու Սանշեշին («Բավարիա») և Վիլֆրիդ Բոնիին («Մանչեսթեր Սիթի») ձեռք բերելուն,- հայտնում է BBC-ին:

15:15. Պաշտոնական. Ալեքս Օքսլեյդ Չեմբերլենը` «Լիվերպուլի» ֆուտբոլիստ: 

14:58. Կևին Կապմլը հերթական գերմանական թիմը փոխեց: «Բայերի» ֆուտբոլիստը 20 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է «ՌԲ Լեյպցիգ»:

14:30. Լևերկուզենի «Բայերն» իր համար ռեկորդային` 22 միլիոն եվրոյով ձեռք է բերել «Օլիմպիակոսի» պաշտպան Պանայոտիս Ռեցոսին:

14:07. «Տոտենհեմը» հաղթող է դարձել «Սուոնսիի» հարձակվող Ֆերնանդո Լյորենտեի համար պայքարում: Իսպանացուն վաղուց ցանկանում էր գնել «Չելսին», սակայն ձախողվել է: «Տոտենհեմն» ու «Սուոնսին» արդեն համաձայնության են հասել: Լոնդոնցիներին մնում է պայմանավորվել 32-ամյա խաղացողի հետ:

13:56. Մեկ նորություն «հայկական» «Վարդարից»: Մակեդոնիայի չեմպիոնը պայմանագիր է կնքել լիտվական «Տրակայի» հարձակվող Մաքսիմ Մաքսիմովի հետ: Ռուս հարձակվողն այս ամռանն անուն հանեց Եվրոպա լիգայի որակավորման փուլի լավագույն ռմբարկու դառնալու շնորհիվ: Նա 5 խաղում 7 գոլ է հեղինակել:

13:27. Կոուտինյոյի տրանսֆերից առաջ «Բարսելոնան» ստուգում է այլընտրանքային տարբերակների հավանականությունները,- գրում է sport.es-ը: Պարգևավճարների հետ միասին 160 միլիոն եվրո է առաջարկվել «Յուվենտուսին»` Պաուլո Դիբալայի համար: Թուրինցիները մերժել են: Նշանակում է «բլաուգրանան» ավելի մեծ ուժեր կկենտրոնացնի Կոուիտինոյի վրա:

13:19. Ռիյադ Մարեզը հեռացել է Ալժիրի հավաքականի ճամբարից, որպեսզի պայմանագիր կնքի նոր ակումբի հետ: Հավանական թեկնածուներն են «Բարսելոնան», «Չելսին», «Մոնակոն»:

13:10. Մոկսվայի «Սպարտակը» վերջապես սկսեց ծախսեր անել: Բրազիլական «Գրեմիոյից» 12 միլիոն եվրոյով ձեռք է բերվել եզրային հարձակվող Պեդրո Ռոշան:

13:02. Պորտուգալիայի հավաքականի ու «Վալենսիայի» կիսապաշտպան Նանին ժամանել է Հռոմ, որպեսզի պայմանագիր կնքի «Լացիոյի» հետ:

13:00. Ալեքս Օքսլեյդ Չեմբերլենին արդեն նկատել են «Լիվերպուլի» մարզաշապիկով ու լուսանկարներ: Պաշտոնական տեղափոխությանը քիչ մնաց:

________________________________________________________________________________

Օրվա ամենասպասված տրանսֆերները.

1. «Պարի Սեն Ժերմենը» պետք է այսօր վերջապես հայտարարի «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեի տեղափոխության մասին: 

2. «Բարսելոնան» վերջին փորձը կկատարի «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին ձեռք բերելու համար: Այլընտրանքնային տարբերակներ են Տոմա Լեմարը («Մոնակո»), Անխել Դի Մարիան (ՊՍԺ) և Ռիյադ Մարեզը («Լեսթեր»):

3. Տևական ընդմիջումից հետո «Մանչեսթեր Սիթին» նոր հարձակում է սկսել «Արսենալի» առաջատար Ալքեսիս Սանչեսին հրավիրելու համար: «Քաղաքայինները» պատրաստ են մինչև 60-70 միլիոն եվրո վճարել:

4. Արդեն գրեթե կայացած է «Արսենալի» մեկ այլ ֆուտբոլիստի` Ալեքս Օքսլեյդ Չեմբերլենի` «Լիվերպուլ» տեղափոխությունը: Այսօր սպասում ենք պաշտոնական հայտարարությանը:

5. Սպասում է, որ «Չելսին» նույնպես մի քանի աղմկալի գործարքներ կկատարի: Թեկնածուների թվում են Դենի Դրինկուոթերը («Լեսթեր»), նույն Ռիյադ Մարեզը («Լեսթեր») և Ռոս Բարկլին («Էվերթոն»):

6. Այսօր վերջանակապես կլուծվի Դիեգո Կոստայի ճակատագիրը: Սկանդալային հարձակվողի համար կատարյալ սցենարը կայանում է նրանում, որ «Ատլետիկոն» գնի նրա տրանսֆերը և 4 ամսով վարձակալության ուղարկի այլ ակումբ:

sport.times.am

Դիտվել է՝