Ինչպիսին կլինի «նոր «Մանչեսթեր Յունայթեդը»

timthumb (1)

Եվրոպական ակումբային ֆուտբոլի գալիք մրցաշրջանի նախապատրաստման փուլի մեկնարկը տրված է: Իսկ հայ ֆուտբոլասերներից շատերին հետաքրքրում է թե ինչ է կատարվում մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանի թիմում՝ «Մանչեսթեր Յունայթեդում»: 

Sport.times.am-ը անդրադարձել է մանչեսթերցիների կորուստներին և ձեռքբերումներին, ինչպես նաև այն խաղային դիրքերին, որոնք թարմության կարիք ունեն:

Մոուրինյուի թիմը

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը շարունակում է տրանսֆերների առումով քարտ-բլանշ տրամադրել Ժոզե Մոուրինյուին, ինչը շատ կարևոր է պորտուգալացի մասնագետի համար: Նա գրեթե միշտ բախվել է այս խնդրին իր նախկին ակումբներում՝ հատկապես Մադրիդի «Ռեալում» և «Չելսիում»: «Արքայական ակումբում» տրանսֆերների վերաբերյալ վերջնական խոսքը Ֆլորենտինո Պերեսինն էր, իսկ «Չելսիում» Մոուրինյուի ճանապարհին կանգնում էր ակումբի մարզական տնօրեն Մայքլ էմանելոն: Իսկ «Մանչեսթեր Յունայթեդում» իրավիճակը լրիվ այլ է, քանի որ չկա մարզական տնօրեն: Իսկ գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը լիովին վստահում է Մոուրինյուին:

Կորուստներն ու ձեռքբերումները

Թիմից հեռացել են Ուեյն Ռունին ու Զլատան Իբրահիմովիչը: Վերջինիս վերաբերյալ շշուկներ կան, որ կախված նրա ապաքինման ժամկետներից, հնարավոր է նոր պայմանագիր կնքվի շվեդ ռմբարկուի հետ: Բայց այս պահի դրությամբ Իբրան «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ չէ:

Ինչ վերաբերում է նորեկներին, ապա նրանք դեռ երկուսն են՝ Ռոմելու Լուկակուն և Վիկտոր Լինդելոֆը: Վերջինիս տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» այնքան անսպասելի էր, որքան Էրիկ Բայիի տրանսֆերը: Սակայն փորձը ցույց է տալիս, որ Մոուրինյուն տաղանդավոր կենտրոնական պաշտպաններ ընտրելու հարցում չի սխալվում՝ Ռաֆայել Վարան, Կուրտ Զումա, Էրիկ Բայի: Դատելով Լինդելոֆի մասին հնչող կարիծիքներից՝ Ժոզեն այս անգամ ևս ճիշտ ընտրություն է կատարել:

Ինչո՞ւ Լուկակու, այլ ոչ Մորատա

Միանգամից մի քանի ծանրակշիռ փաստարկ. Լուկակուն բավական լավ տիրապետում է անգլերենին, երկար ժամանակ խաղում է ԱՊԼ-ում՝ ընդ որում տարբեր մակարդակի թիմերում, ինչը նշանակում է, որ ի տարբերություն Մորատայի, նա ադապտացվելու խնդրին չի բախվի: Բացի այդ, Լուկակուն ձախլիկ է, ինչը թեկուզև չնչին, բայց առավելություն է, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն ունի աջլիկ կենտրոնական հարձակվող Մարկուս Ռեշֆորդին: Մորատային ձեռք բերելու դեպքում այս խնդիրները կարող էին լուրջ գլխացավանք դառնալ Ժոզե Մոուրինյուի համար:

Ո՞ր դիրքերն ուժեղացնելու կարիք կա

Որքան էլ տարօրինակ է, բայց «Մանչեսթեր Յունայթեդը» խնդիրներ ունի եզրերում: Դիտարկենք երկու խաղային սխեմա, որով կարող է հանդես գալ ՄՅՈՒ-ն, և պարզենք թե որ խաղային դիրքերում է թարմություն հարկավոր: Միանգամից բացառում ենք 4-4-2-ը, քանզի Ժոզեն շատ քիչ է ապավինում այս սխեմային, իսկ «Մանչեսթեր Յունայթեդում» նա պարզապես բավարար ռեսուրս չունի նման դասավորություն կիրառելու համար: Թիմում ընդամենը մեկ թոփ մակարդակի կենտրոնական հարձակվող կա, այն էլ նորեկ՝ Ռոմելու Լուկակուն:

Դասական 4-2-3-1

 

Այս դասավորության դեպքում մեկնարկային կազմի 7 ֆուտբոլիստների հիմնական թեկնածուները կան: Ինչու՞ հենց նրանք. սկսենք պաշտպաններից: Էրիկ Բային իրեն հիանալի դրսևորեց նախորդ մրցաշրջանում և ապահովեց իր տեղը մեկնարկային կազմում: Նրա կողքին ամենայն հավանականությամբ կխաղա Լինդելոֆը, քանի որ ոչ Սմոլինգը, ոչ Ջոնսը Մոուրինյուի պահանջներին չեն բավարարում և բացի այդ, շատ թափթափված խաղ են ցուցադրում պաշտպանությունում: Ռոխոյի և Բլինդի դեպքում իրավիճակը շատ խճճված է: Նախորդ մրցաշրջանում նրանք մեկ խաղում էին, մեկ մնում պահեստայինների նստարանին:

Կիսապաշտպանության կենտրոնում Պոգբա-Էռերա զույգն անկասկած հիմնականն է լինելու այս դասավորության դեպքում: Ռոմելու Լուկակուն իր տեղը կզբաղեցնի հարձակման կրակագծում: Իսկ ահա Մխիթարյանի դեպքում ամեն ինչ կախված է Մոուրինյուի ֆանտազիաներից: Եթե պորտուգալացին որոշի հայտնագործություններ չանել, ապա Մխիթարյանը կգործի 10 համարի դիրքում:

Ի՞նչ բացեր են առաջանում այս սխեմայում

Աջ պաշտպան – Առաջին թեկնածուն Անտոնիո Վալենսիան է, ով նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ֆուտբոլիստն էր: Երկրորդը՝ Մատեո Դարմիանն է, ով վերջին երկու տարում այդպես էլ չկարողացավ իրեն լավագույնս դրսևորել: Բայց, նրան կարելի է դիտարկել նաև ձախ եզրում, որտեղ իրավիճակն ավելի խճճված է:

Ձախ պաշտպան – Հիմնական թեկնածու չկա: Ռոխոն, Բլինդը, Դարմիանն ու Շոուն կարող են փակել այս դիրքը, կամ էլ նրանց փոխարեն կգա նոր ֆուտբոլիստ: Այդ դեպքում այս ցուցակից առնվազն մեկը, նույնիսկ երկուսը, կարող են հեռանալ թիմից:

Աջ կիսապաշտպան – Վերջին տարիներին այս դիրքը Մոուրինյուի ցանկացած թիմի թույլ կետն է, քանզի չկա անհրաժեշտ որակներով ձախլիկ ֆուտբոլիստ, ով կխաղա այնպես ինչպես Բեյլը՝ «Ռեալում» կամ Ռոբենը՝ «Բավարիայում»: Շատերը համոզված էին, որ Խամես Ռոդրիգեսը կդառնա այդ ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդում», բայց կոլումբացին տեղափոխվեց Մյունխենի «Բավարիա»: Մոուրինյուի տրամադրության տակ եղած կիսապաշտպաններից այս դիրքում կարող են խաղալ Խուան Մատան, Ջեսի Լինգարդն ու Անդրեաս Պերեյրան, ով վերադարձել է թիմ՝ «Գրանադայում» մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո: Ի դեպ, Մոուրինյուն մեծ հույսեր է կապում այս ֆուտբոլիստի հետ և շատ հնարավոր է, որ Պերեյրան մնա թիմում ու նույնիսկ դառնա մեկնարկային կազմի խաղացող: Նա բազմաֆունկցիոնալ ֆուտբոլիստ է, կարող է հանդես գալ կիսպաշտպանության ցանկացած կետում, բայց ավելի միտված է հարձակմանը:

Ձախ կիսապաշտպան – Հիմնական թեկնածուն Անտոնի Մարսիալն է, ով այդքան էլ լավ չանցկացրեց նախորդ մրցաշրջանը: Նրանից բացի, այս դիրքում կարող են խաղալ նույն Լինգարդը, Պերեյրան և Մխիթարյանը:

Հետևություն. Այս սխեման օգտագործելու դեպքում Մոուրինյուին անհրաժեշտ է առնվազն մեկ վինգեր՝ ցանկալի է ձախլիկ և եզրային պաշտպան:

4-3-3

Այս դասավորության դեպքում նույնպես անհրաժեշտ է ձախլիկ վինգեր և հստակություն պաշտպանության եզրերում: Մխիթարյանն այս սխեմայում կարող է խաղալ ձախից կամ տեխափոխվել աջ եզր՝ տեղը զիջելով Մարսիալին: Մնում է հենակետային կիսապաշտպանի դիրքը: Եթե հավատանք բրիտանական մամուլին, ապա մոտ օրերս «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է ձեռք բերել Նեմանյա Մատիչին, ով հիանալի է հանդես գալիս հենակետային կիսապաշտպանի դիրքում:

Հետևություն. Մատիչի տրանսֆերի դեպքում, ամենայն հավականությամբ, Մոուրինյուն կընտրի հենց այս սխեման, քանզի ոչ Պոգբան, ոչ էլ Էռերան, ում դարձրել են փոխավագ, չի կարող մնալ պահեստայինների նստարանին: 

Նախամրցաշրջանային փուլում «Մանչեսթեր Յունայթեդը» կանցկացնի 7 ընկերական հանդիպում և Պրեմիեր լիգայի մեկնարկից առաջ կխաղա Մադրիդի «Ռեալի» դեմ՝ վիճարկելով ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը: Հենց այս խաղերում էլ համապատասխան փորձարկումներ կատարելուց հետո Ժոզե Մոուրինյուն կներկայացնի նոր, ավելի մարտունակ «Մանչեսթեր Յունայթեդը»:

sport.times.am

Դիտվել է՝