Զինեդին Զիդանը՝ վաղաժամ փառքի ճանապարհին

timthumb (19)

Մադրիդի «Ռեալը» վերջին չորս տարվա մեջ երրորդ անգամ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Եթե հունիսի 3-ին, Քարդիֆի «Միլենիում» մարզադաշտում «Ռեալը» հաղթի «Յուվենտուսին», կդառնա առաջին ակումբը, որ երկու տարի անընդմեջ կնվաճի Չեմպիոնների լիգայի բաղձալի գավաթը:

Sport Times.am-ը փորձել է գտնել մադրիդյան ակումբի հաջողության գաղտնիքը՝ կենտրոնանալով թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ընտրած խաղաոճի, խաղային սխեմայի և գաղափարների վրա:

Պայքար երկու ճակատով

«Ռեալի» համար մրցաշրջանի ամենաբարդ հատվածն է: Լա Լիգայում եռում է չեմպիոնական պայքարը․ «Բարսելոնան» կրնկակոխ հետապնդում է մադրիդյան ակումբին (կորցրած միավորներով «Ռեալը» գտնվում է առաջին հորիզոնականում և 3 միավորով գերազանցում է «Բարսելոնային»): Արդեն հայտնի է «Սելտայի» հետ հետաձգված խաղի անցկացման օրը՝ մայիսի 17-ին: Դա նշանակում է, որ «Արքայական ակումբը» Լա լիգայի վերջին 3 տուրերի խաղերն անցկացնելու է մեկ շաբաթում.

  • «Ռեալ» – «Սեվիլիա» – 14.05.2017
  • «Սելտա» – «Ռեալ» – 17.05.2017
  • «Մալագա» – «Ռեալ» – 21.05.2017

Գրաֆիկը շատ խիտ է, մրցակիցներն էլ հեշտ հանձնվողներից չեն: Ճիշտ է՝ մրցաշարային տեսանկյունից երեք թիմերն էլ շարժառիթ չունեն, այնուամենայնիվ, կցանկանան փչացնել մադրիդցիների տրամադրությունը: «Ռեալը» հայտնվել է ծանր վիճակում՝ մի կողմից շատ կարևոր է 5 տարվա ընդմիջումից և բազում անհաջողություններից հետո հաղթել Լա Լիգայում, մյուս կողմից գրավում է Չեմպիոնների լիգայում երկրորդ անընդմեջ տրիումֆը: Թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը երկու քարի արանքում է, բայց գուցե ստացվի պատվով դուրս գալ այս ամենից և հաղթել երկու մրցաշարերում:

Մի՞թե դա Զիդանի ուժերի սահմանում է: Մի՞թե, լինելով երիտասարդ և անփորձ, կարելի է նման խելահեղ արդյունք գրանցել մարզչական կարիերայի երկրորդ տարում: Կարծում եմ՝ Զիդանի դեպքում դա հնարավոր է:

Զիդանի ֆենոմենը

Ստացվեց այնպես, որ այս հոդվածը պատրաստելուն զուգահեռ կարդում էի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի ինքնակենսագրականը: Գիրք, որն օգնեց ավելի լավ ընկալել մադրիդցիների ներկայիս խաղը, անցյալում առկա, իսկ այժմ վերացած խնդիրները, դրանց լուծման բանաձևերն ու Զիդանի կողմից ստեղծած նորարարությունները:

Ըստ Անչելոտիի՝ «Ռեալում» Զինեդին Զիդանին հարգում են բոլորը: Ֆրանսիացու հանդեպ յուրահատուկ հարգանք է տածում ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը: Ղեկավար, ով «Ռեալի» բոլոր մարզիչների հետ տարաձայնություններ է ունեցել, բայց ոչ Զիդանի: Պերեսը վստահում և հավատում է նրան: Նախկին մարզիչների աշխատանքին խառնվելն ու նրանց մեթոդները կասկածի տակ դնելը հանգեցրել են դառը հետևանքների: Հասկանալով այդ ամենը՝ Պերեսը ազատություն է տվել Զիդանին որոշումներ կայացնելու հարցում, իսկ ֆրանսիացին այդ վստահությունը փորձում է փոխհատուցել տիտղոսներով և կազմակերպված թիմ ունենալով:

Զիդանի մարզչական գաղափարները

Զինեդին Զիդանը տարբերվում է մյուս մարզիչներից իր հանգստությամբ: Խուճապահար որոշումներից զերծ մնալը նրա ուժեղագույն որակներից մեկն է: Նա փորձում է ոչ թե նորոգել անսարքը, այլ ստեղծել նորը: Պարզ օրինակ` Գարեթ Բեյլն ընթացիկ մրցաշրջանում հաճախակի վնասվածքներ է ստանում: Պետք է նրան արժանի փոխարինող գտնել, բայց Զիդանը հակառակն է անում: Հասկանալով, որ 4-3-3 սխեմայով խաղալու դեպքում թիմում Բեյլին արժանի փոխարինող չկա` նա որոշում է փոխել սխեման, այլ ոչ թե Իսկոյին կամ Խամեսին օգտագործել իրենց համար անհարմար դիրքում:

Թե՛ Իսկոն, թե՛ Խամեսը, բնույթով փլեյմեյքերներ են, ուստի նրանց եզրում օգտագործելը ինքնախաբեություն է: Այն, ինչ տեսա «Ռեալի» վերջին մի քանի խաղերում, հաճելիորեն զարմացրեց: Մադրիդցիները մինչ «Ատլետիկոյի» հետ կիսաեզրափակչի խաղերն օգտագործում էին 4-3-3 տակտիկական սխեման: Ավելի կոնրկրետ՝ հարձակվում 4-3-3-ով, իսկ պաշտպանվում՝ 4-4-2-ով: Սա ի սկզբանե եղել է Անչելոտիի օրոք, սակայն անձամբ իտալացի մասնագետն է խոստովանում, որ նրան այդպես էլ չի հաջողվել վերջնականապես բալանսի բերել թիմի խաղն այս երկու սխեմաներն օգտագործելու ընթացքում: Ի տարբերություն Պապա Կարլոյի, Զիդանին ոչ միայն հաջողվեց կայունացնել այս սխեմաների փոփոխության ընթացքը, այլև կատարելագործել դրա աշխատանքը:

Շատերի կարծիքով Զիդանը «Ատլետիկոյի» դեմ կիսաեզրափակչի առաջին խաղից առաջ ստիպված էր սխեմատիկ փոփոխություն կատարել, բայց ոչ: Դա ոչ թե անկարողությունից դրդված քայլ էր, այլ նոր խաղային սխեմայի անցնելու գործընթաց: Այդ խաղում Զիդանը փորձեց Իսկոյին օգտագործել դաշտի կենտրոնում՝ թվային առավելություն ստանալու նպատակով: Նկատելի էին կուտակումները դաշտի կենտրոնական հատվածում, որտեղ միաժամանակ գործում էին «Ռեալի» 4 ֆուտբոլիստներ՝ Մոդրիչ, Կազեմիրո, Կրոս, Իսկո: Հասկանալի էր, որ ինչ-որ բան դեռ թերի է: Պատասխան հանդիպման հենց մեկնարկային րոպեներից Զիդանի մարզչական մտքի գոհարները ինձ համար պարզ դարձան: Պարադոքսալ է, բայց իտալական ֆուտբոլին հոգեհարազատ սխեման ավելի լավ կարողացավ օգտագործել ֆրանսիացին:

Զիդանը տվյալ խաղում ընտրել էր 4-3-1-2 տակտիկական դասավորությունը, որտեղ Իսկոն խաղում էր «Տրեկվարտիստայի» դերում: Դա իտալական ֆուտբոլի փլեյմեյքերն է, ով խաղադաշտում տեղակայվում է հարձակման և կիսապաշտպանության միջև: Ամբողջ խաղը կառուցվում է նրա շուրջ: Իսկոն հիանալի թեկնածու է այդ դիրքի համար: Հաշվի առնելով, որ Զիդանն իր ֆուտբոլիստի կարիերայի մի մասն անցկացրել է Իտալիայում և խաղացել հենց այդ դիրքում, պարզ է դառնում նրա որոշումը:

Զիդանը ևս մեկ հետաքրքիր միտք էր կյանքի կոչել: Ֆուտբոլիստներն ամբողջ հանդիպման ընթացքում անկայուն ձևով տեղաշարժվում էին խաղադաշտում՝ միմյանց հետ փոխվելով դերերով: Դա ակնհայտորեն շփոթության մեջ էր գցել «Ատլետիկոյի» ֆուտբոլիստներին: Ինչպես խոստովանում է Անչելոտին, իր համար շատ դժվար էր «Ատելտիկոյի» դեմ հակախաղ գտնել, քանի որ Սիմեոնեի թիմը գրոհների ահռելի բաժինն անցկացնում էր կենտրոնով: Անչելոտին հանձնարարում էր ֆուտբոլիստներին խուսափել դաշտի կենտրոնում գնդակ խաղարկելուց կամ գրոհ կազմակերպելուց՝ դրա փոխարեն նա շեշտը դնում էր եզրերի վրա: Իսկ Զիդանը դիմեց խորամանկության և մրցակցի ուժեղ կողմերն օգտագործեց հենց իր դեմ: Ակնհայտ է, որ եթե «Ատելոտիկոյի» և «Ռեալի» ֆուտբոլիստները միաժամանակ փորձեն տիրել դաշտի կենտրոնական հատվածին, ապա առավելություն կունենան «Արքայական ակումբի» ֆուտբոլիստները, քանի որ նրանք անհատապես ավելի ուժեղ են մրցակցից:

Անչելոտիի ևս մեկ մտահղացում, որը կարողացավ վերջնականապես իրականացնել Զիդանը, Ռոնալդուի խաղային դիրքի փոփոխությունն է: Անչելոտին «Ռեալը» գլխավորելու սկզբնական շրջանում ցանկանում էր կիրառել 4-4-2 սխեման, որտեղ հարձակման զույգը կկազմեին Բենզեման և Ռոնալդուն, իսկ Դի Մարիան և Բեյլը կխաղային եզրերում: Բայց պորտուգալացի ռմբարկուն կտրականապես հրաժարվել է խաղալ կենտրոնական հարձակվողի դիրքում: Անչելոտին ստիպված փոխել է խաղային սխեման՝ անցնելով 4-3-3-ի: Զիդանի դեպքում, կարծես,  Ռոնալդուի կամակորություններն արդյունք չեն տվել: Հնարավոր է նաև՝ Ռոնալդուն հասկացել է, որ տարիքի հետ կորցնում է արագությունն ու եզրում այդքան էլ արդյունավետ խաղ չի ցուցադրում և ինքնակամ որոշել է փոխել խաղային դիրքը:

Ամեն ինչ, կամ ոչինչ

Զինեդին Զիդանն ունի անհրաժեշտ բոլոր որակները մարզչական կարիերայի արդեն երկրորդ տարում Եվրոպայի լավագույն մասնագետների շարքը համալրելու համար: Նա ունի սեփական գաղափարները, որոնք հաջողությամբ կյանքի է կոչում: Կարելի է ասել, որ ընդհանրապես ճնշվածություն չի զգում այնպիսի իրավիճակներից, ինչպիսիք են ակումբի նախագահի հետ շփումը, միանգամից երկու մրցաշարերում պայքարելը, առանցքային ֆուտբոլիստների չափից շատ վնասվածքներն ու թիմի նախկին մարզիչների թողած հետքը:

Այս մրցաշրջանի վերջնամասը կարող է դառնալ Զիդանի մարզչական երկամյա կարիերայի հաջողության գագաթնակետը: Եթե հաջողվի հաղթել երկու մրցաշարերում՝ Չեմպիոնների լիգայում և Լա Լիգայում, ապա Զինեդին Զիդանը՝ որպես մարզիչ, հավերժ իր անունը կգրի ոչ միայն «Ռեալի», այլև ֆուտբոլի պատմության մեջ: Դրան հասնելու համար Զիդանն ունի բոլոր նախադրյալները: Այնպես որ՝ ինչո՞ւ ռիսկի չդիմել:

Sport Times.am

Դիտվել է՝