Հենրիխ Մխիթարյան. Փորձում եմ խաղադաշտում գազանի կամ հրեշի նմանվել

timthumb (1)

Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին, որում խոսել է իր խաղային որակների փոփոխության և այլ ուշագրավ թեմաների մասին:

Սկզբում Հենրիխը նշել է աշխատասիրության նշանակության կարևորության մասին.

«Կարևոր չէ` ինչպիսի հնարավորություններով ու որակներով եք ծնվել: Ամենակարևորն այն է, որ պետք է զարգացնենք այն: Դրա համար անչափ շատ աշխատանք է հարկավոր: Միայն շատ աշխատելու դեպքում տաղանդն իրական արդյունքի կբերի»:

Անգլիական թիմի «22» համարը նշել է, որ շատ որակներ ժառանգել է իր հայր, Երևանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանից, սակայն նրանց խաղաոճերում տարբերություն է նկատում:

«Իմ հորից շատ բաներ եմ ժառանգել, բայց կարծում եմ` նա ավելի արագ էր: Նա ավելի ուժեղ հարված ուներ: Հայրս նաև ավելի լավ գոլային հոտառություն ուներ: Զգում եմ, որ մի փոքր տարբերվում եմ նրանից: Մարդիկ ասում են, որ մենք տարբեր խաղաոճեր ունենք, և մեզ համեմատելն անիմաստ է»:

Մխիթարյանը 13 տարեկան հասակում մի քանի այլ հայ ֆուտբոլիստների հետ միասին կես տարով մեկնել էր «Սան Պաուլոյի» ակադեմիա, որպեսզի փորձ ձեռք բերեր:

«Բրազիլիայում զարգացրեցի իմ տեխնիկական ունակությունները: Միանգամից չզգացի դա, սակայն Հայաստան վերադառնալուց հետո հասկացա, որ իմ խաղը փոխվել է: Կարծում եմ` Բրազիլիա կատարած գործողումը շատ օգնեց ինձ: Այնտեղ տեխնիկապես շատ ուժեղ ֆուտբոլիստների հետ էինք մարզվում»:

Հայաստանի հավաքականի առաջատարը հայտնել է նաև, թե Անգլիայում անցկացրած առաջին մրցաշրջանն ինչպես է ազդել իր խաղի վրա:

«Այս մրցաշրջանում ավելացրել եմ իմ արագությունը և ուժը: Փորձում եմ խաղադաշտում գազան կամ հրեշ լինել: Պայքարում եմ յուրաքանչյուր գնդակի համար և ուժ չեմ խնայում: Խաղադաշտից դուրս հանգիստ եմ, որևէ ագրեսիա չկա»,- ասել է Մխիթարյանը:

sport.times.am

Դիտվել է՝