«Արսենալն» ընդհատեց «Մանչեսթեր Յունայթեդի» անպարտելիության շարքը

Untitled-1

Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում հանդիպեցին Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության ուղեգրի համար պայքարող թիմերից «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում կայացած խաղում դաշտի տերերը 2։0 հաշվով հաղթանակ տոնեցին։

Թիմերը բավականին ակտիվ սկսեցին հանդիպումը՝ ստեղծելով գոլային պահեր, սակայն առաջին կեսում գոլեր չարձանագրվեցին։ Հանդիպման հաշիվը բացվեց 54-րդ րոպեին․ Գրանիտ Ջակայի հեռահար հարվածից հետո գնդակն անդրադարձով հայտնվեց Դավիդ դե Խեայի պաշտպանած դարպասում։ Ընդամենը 3 րոպե անց Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը եզրից գնդակը հասցեագրեց տուգանային հրապարակում գտնվող Դենի Ուելբեքին, ով էլ խփեց «զինագործների» երկրորդ գոլը։

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում էր, սակայն 61-րդ րոպեին խաղադաշտում տեղը զիջեց Ջեսի Լինգարդին։

Այս հաղթանակով «Արսենալն» ընդհատեց «Մանչեսթեր Յունայթեդի»՝ 25 հանդիպումներից բաղկացած անպարտելիության շարքը։ Վերջին անգամ «կարմիր սատանաները» պարտություն էին կրել 2016 թվականի նոյեմբերի 23-ին՝ 0։4 հաշվով զիջելով «Չելսիին»։

Այժմ «Արսենալը», որ 34 հանդիպում է անցկացրել, ունի 63 միավոր և շարունակում է զբաղեցնել վեցերորդ հորիզոնականը՝ Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող չորրորդ տեղից հետ մնալով 6 միավորով։ «Մանչեսթեր Յունայթեդը» մնաց 65 միավորով հինգերորդ տեղում (35 խաղ)։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 36-րդ տուր

«Արսենալ» – «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2։0
Գոլերը՝ Ջակա 54՛, Ուելբեք 57՛

sport.times.am

Դիտվել է՝