Չեմպիոնների լիգա․ Թիմեր, որոնց չէին սպասում կիսաեզրափակչում

timthumb

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում «Մոնակոն» գերազանցեց շատերի սպասելիքներն ու հայտնվեց անսպասելի տեղում: Տեսնենք, թե «Մոնակոյից» առաջ որ թիմերն են զարմացրել երկրպագուներին ու խաղացել կիսաեզրափակչում։

«Մոնակո», 2016-17թթ․ մրցաշրջան

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունից հետո ԲԿՄԱ, «Տոտենհեմ», «Բայեր», «Մոնակո» քառյակում ամենավտանգավորը գերմանական ու անգլիական թիմերն էին համարվում: Արի ու տես, որ Լեոնարդու Ժարդիմի թիմը ոչ միայն գլխավորեց E խումբը, այլ գերաստղեր Բերնարդու Սիլվայի ու Կիլիան Մբապեի շնորհիվ մրցաշարի ֆավորիտ համարվող թիմերին հաղթելով՝ հասավ կիսաեզրափակիչ, որտեղ խաղալու է մեկ այլ ֆավորիտի՝ «Յուվենտուսի» հետ։

«Շալկե-04», 2010-11թթ․ մրցաշրջան

6 տարի առաջ Գելզենկիրխենի թիմն իսկական իրարանցում առաջացրեց Չեմպիոնների լիգայում։ Նախորդած մրցաշրջանում արծաթ նվաճելով՝ «Շալկեն» Եվրոպայում հանդիպեց «Լիոնին», «Բենֆիկային» ու «Հապոելին»: Այդ ժամանակ Ռաուլի հետ գերմանական ակումբում փայլում էին Խուրադոն և Ֆարֆանը: Հենց պերուացի ֆուտբոլիստը 1/8 եզրափակչում կոտրեց «Վալենսիայի» դիմակայությունը:

Բունդեսլիգայում, սակայն «Շալկեն» աչքի չընկավ: Արդյունքում Մարտին Մագատը հեռացվեց, իսկ կիսաեզրափակիչ թիմն արդեն Ռալֆ Ռանգնիկի հետ հանդես եկավ: 1/4 եզրափակչում ընդհանուր 7:3 հաշվով «Ինտերին» հաղթելով՝ «Շալկեն» եզրափակչին չհասավ «Մանչեսթեր Յունայթեդից» ընդհանուր 1:6 հաշվով կրած պարտության պատճառով:

«Լիոն», 2009-10թթ․ մրցաշրջան

Լյորիս, Լովրեն, Չելստրյոմ, Տուլալան Բաստոս, Պյանիչ, Լիսանդրո Լոպես. 7 տարի առաջ «Լիոնը» գերաստղեր ուներ և ղեկավարվում էր Կլոդ Պյուէլի կողմից: Անցումային խաղով Չեմպիոնների լիգայում հայտնված ֆրանսիական թիմը խմբային փուլում զբաղեցրած երկրորդ տեղը՝ շարքից դուրս թողնելով «Լիվերպուլին»։

1/8 եզրափակչի մրցակիցը «Ռեալնն» էր: Ինչ-որ հրաշքով «Լիոնը» խիզախեց սեփական դաշտում հաղթել մադրիդցիներին Ժան Մակունի գոլի շնորհիվ, իսկ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում ոչ-ոքի խաղաց. Կրիշտիանու Ռոնալդուի գոլին պատասխանեց Միրալեմ Պյանիչը: Հաջորդ փուլում «Բորդոյին» հաղթելով՝ «Լիոնը» կիսաեզրափակչում պարզապես չկարողացան դիմակայել «Բավարիային»:

«Վիլյառեալ», 2005-06թթ․ մրցաշրջան

Ռիկելմե-Ֆորլան կապը, 2005-ին «Վիլյառեալին» անցումային խաղում «Էվերթոնի» դեմ հաղթանակ ապահովելով, տարավ Չեմպիոնների լիգա: Թիմն ընդամենը 3 գնդակ խփելով՝ կարողացավ խմբում առաջին տեղը գրավել ու չպարտվել և ոչ մի խաղում: Եզրափակիչ փուլի հանդիպումներն ավելի նյարդային էին՝ «Սելտիկն» ու «Ինտերը» պարտվեցին արտագնա խաղում խփած գոլի կանոնի համաձայն։ Երկու դեպքում էլ հաղթական գնդակը Դիեգո Ֆորլանի անվան դիմաց գրանցվեց:

Կիսաեզրափակչում «դեղին սուզանավին» «Արսենալը» բաժին հասավ։ Արտագնա խաղում պարտվելով նվազագույն հաշվով՝ «Վիլյառեալը» սեփական դաշտում մի քանի հնարավորություն ունեցավ, իսկ 90-րդ րոպեին 11-մետրանոց վաստակեց: Ռիկելմեն այնքան անհաջող հարվածեց, որ Յենս Լեմանը հեշտությամբ թիմին փրկեց լրացուցիչ ժամանակից:


«ՊՍՎ», 2004-05թթ․ մրցաշրջան

2004-ին «ՊՍՎ»-ն Գուս Հիդիկի հետ սուպերմրցաշրջան անցկացրեց, «ոսկե դուբլ» ձևակերպեց Հոլանդիայում: Թիմի դարպասն այդ ժամանակ Էուրելիո Գոմեսն էր հսկում, պաշտպանությունում Ալեքսն էր, կենտրոնում Ֆիլիպ Կոկուն էր Մարկ վան Բոմելի հետ, իսկ հարձակման գծում Պակ Չժի Սունն ու Ջեֆերսոն Ֆարֆանն աչքի ընկան:

«Արսենալից» հետո խմբում երկրորդ տեղը զբաղեցնելով՝ «ՊՍՎ»-ն հանգիստ առաջ անցավ «Մոնակոյից»: «Լիոնի» հետ հակամարտությունն ավելի դրամատիկ ստացվեց. թիմերը երկու խաղում էլ 1:1 հաշիվը գրանցեցին, իսկ 11-մետրանոց հարվածաշարում հոլանդացիները հաղթող դուրս եկան: Կիսաեզրափակչում «ՊՍՎ»-ն քիչ էր մնում մեզ զրկեր Չեմպիոնների լիգայի պատմական եզրափակչից, բայց «Միլանի» պաշտպան Ամբրոզինիի արտագնա խաղում խփած գոլն իտալացիներին տարավ Ստամբուլ:

«Դեպորտիվո», 2003-04թթ․ մրցաշրջան

«Դեպորտիվոյի» լավագույն ժամանակներն էին: Նրանք հաղթում էին «Ռեալին», «Մանչեսթեր Յունայթեդին», «Յուվենտուսին»․․․ 2003-04թթ․ մրցաշրջանում «Դեպորտիվոն» ակումբի պատմության լավագույն արդյունքին հասավ՝ խաղաց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում: 1/8 եզրափակչում «Դեպորը» երկու անգամ հաղթեց «Յուվենտուսին», իսկ քառորդ եզրափակչում հաղթահարեց «Միլանի» արգելքը: Արդեն կիսաեզրափակչում Ժոզե Մոուրինյուի «Պորտուն» հաղթեց իսպանական թիմին:

«Լիդս Յունայթեդ», 2000-01թթ․ մրցաշրջան

Խմբային փուլը հաղթահարելուց հետո «Լիդսը» 1/4 եզրափակչում հանդիպեց «Դեպորտիվոյին»: Սեփական հարկի տակ առաջին խաղում անգլիացիները 3:0 հաշվով հաղթեցին, իսկ վերջին գնդակի հեղինակը «Մանչեսթեր Յունայթեդի» ապագա առաջատար Ռիո Ֆերդինանդն էր:

«Վալենսիայի» դեմ կիսաեզրափակչում «Լիդսին» տան պատերը չօգնեցին: Առաջին խաղում երկրպագուները գոլեր չտեսան, իսկ երկրորդում Խուան Սանչեսն ու Գաիսկա Մենդյետան 3 գնդակ ուղարկեցին անգլիացիների դարպասը:

«Դինամո Կիև», 1998-99թթ․ մրցաշրջան

«Դինամոյի» համար դա Չեմպիոնների լիգայի լավագույն մրցաշրջանն էր: Կիևի թիմը խմբային փուլում պայքարից դուրս թողեց «Արսենալին», իսկ 1/4 եզրափակչում՝ «Ռեալին». 2 խաղում Շևչենկոն 3 գնդակ խփեց, իսկ մադրիդցիները՝ 1: Նրանց միայն «Բավարիան» կարողացավ կանգնեցնել: Առաջին խաղում 3:3 հաշիվը գրանցվեց, իսկ մյունխենյան պատասխան հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով՝ 1:0: Իսկ թե ինչպես ավարտվեց 1999-ի լեգենդար եզրափակիչը, բոլորը գիտեն՝ «Բավարիան» պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին» վերջին րոպեներին։

«Նանտ» և «Պանատինաիկոս», 1995-96թթ․ մրցաշրջան

Չեմպիոնների լիգայի չորրորդ խաղարկությունում միանգամից 2 թիմ սենսացիոն կերպով հայտնվեց կիսաեզրափակչում՝ ֆրանսիական «Նանտն» ու հունական «Պանատինաիկոսը»: Մինչ այդ ֆրանսիացիները քառորդ եզրափակչում հաղթել էին «Սպարտակին», իսկ հույներն ուժեղ էին «Լեգիայից» ։

Երկու թիմերին կրկին հանդիպել չհաջողվեց. «Նանտը» կիսաեզրափակչում պարտվեց «Յուվենտուսին» (ընդհանուր՝ 3:4), իսկ «Պանատինաիկոսը», չնայած արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթանակին, սեփական դաշտում 0:3 հաշվով պարտվեց «Այաքսին»:

sport.times.am

Դիտվել է՝