«Մի՞թե սրիկայություն չէ Ռոնալդուին սուլելը»

timthumb (1)

Այն, որ «Ռեալի» երկրպագուները պահանջկոտ են, գաղտնիք չէ, բայց թիմի առաջատարներին պարբերաբար սուլելը, կարծես, սովորական երևույթ է դառնում։ Վերջին շրջանում սուլոցների է արժանանում հատկապես Կրիշտիանու Ռոնալդուն։ «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի տնային հանդիպման ժամանակ Ռոնալդուին սուլելու առիթով «The Guardian»-ի լրագրող Սիդ Լոուն հետաքրքիր հոդված է գրել, որի թարգմանությունը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

***

Այս հոդվածում 1300 բառ կա (անգլերեն տարբերակում – խմբ․): Գայթակղիչ կլիներ, եթե դրանցից 1292-ը օգտագործվեին «Ռեալում» Ռոնալդուի ձեռքբերումները նկարագրելու համար: Դա ավելի քան բավական կլիներ նյութի ծավալը լցնելու համար: Նյութը կսկսվեր Չեմպիոնների լիգայի գավաթից և կձգվեր մինչև խփած 395 գոլը: Վերջում կարելի էր հավելել. ««Սանտյագո Բեռնաբեուում» «Ռեալի» որոշ երկրպագուներ սուլում են նրան»: Բայց ամեն ինչ այդպես հեշտ չէ․․․

Երեքշաբթի Ռոնալդուին սուլեցին։ Գուցե որոշ երկրպագուներ չեն լսել, բայց դա տեղի է ունեցել: Խաղի ընթացքում նա մի պահ մատը դրեց շուրթերին, իսկ խաղից հետո ասաց․

«Չեմ խնդրում, որ լուռ լինեն, երբեք։ Ես միայն խնդրում եմ չսուլել ինձ, քանի որ միշտ, բոլոր խաղերի ժամանակ տալիս եմ ամբողջ ուժս: Նույնիսկ եթե գոլեր չեմ խփում՝ փորձում եմ ջանասիրաբար աշխատել ու օգնել «Ռեալին»:

Մադրիդյան ակումբը, «Բավարիային» ընդհանուր 6:3 հաշվով հաղթելով, դուրս եկավ կիսաեզրափակիչ: Խփած գնդակներից 5-ը Ռոնալդուի անվան դիմաց է գրանցված: Նրա վիճակագրությունը չի համապատասխանում կատարվածին, բայց այլ փաստարկ ևս կարելի է բերել։ Որքան էլ տարօրինակ հնչի՝ Ռոնալդուն երեքշաբթի այնքան էլ լավ չխաղաց: Սուլոցներից հետո «Ռեալն» ավելի մեծ դժվարությամբ սկսեց խաղալ ու թվում էր, թե ակումբը դուրս կմնա պայքարից: Կրիշտիանուն որոշ պահեր տեղծեց, բայց դրանք վտանգավոր չէին մրցակցի համար. դրանցից մեկում նա մոտակա անկյանը հարվածեց, Նոյերը որսաց գնդակը: Երկրպագուներից ոմանք կարծում էին, որ նա պետք է փոխանցում կատարեր Կարիմ Բենզեմային: Խաղի վերջնամասում ամեն ինչ փոխվեց․ Ռոնալդուն հեթ-տրիկ ձևակերպեց, 41-րդ անգամ «Ռեալի» կազմում: Բացի այդ, պորտուգալացի հարձակվողը Չեմպիոնների լիգայում խփած գոլերի թիվը հասցրեց 100-ի:

Գուցե տարօրինակ թվա, որ այս մրցաշրջանում Ռոնալդուն ընդամենը 31 գնդակ է խփել։ Այո՛, մրցաշրջանի առաջին մասը նա այնքան էլ լավ չանցկացրեց, բայց Ամանորից հետո տպավորիչ ելույթներ ունեցավ: Անցյալ մրցաշրջանում Ռոնալդուն ոչ միշտ էր բարձրակարգ ֆուտբոլ խաղում, բայց արդյունքում այդ տարին լավագույնը դարձավ 32-ամյա հարձակվողի կարիերայում. նա հաղթեց Չեմպիոնների լիգայում, Եվրոպայի առաջնությունում ու նվաճեց չորրորդ «Ոսկե գնդակը»:

Ռոնալդուն փոխվում է. նա հիմա ավելի շատ «9 համարի» դերում է խաղում, խաղն իր վրա է վերցնում ու ստացվում է այնպես, որ նա լավագույն «9 համարն» է, որ կարող ենք պատկերացնել.

«Չգիտեմ, թե ինչպես կարելի է կասկածել Ռոնալդուին»,- «Բավարիայի» դեմ խաղից հետո ինքն իր մասին ասաց պորտուգալացի հարձակվողը:

Նա նաև նշեց, որ ովքեր սիրում են իրեն՝ չեն կասկածում: Մյունխենցիների հետ խաղի օրը մադրիդյան թիմի երկրպագուների մի մասն էլ Ռոնալդուին ողջունեց այնպես, ինչպես մյուս բոլոր օրերին: Բայց Ռոնալդուն լսեց նաև սուլողներին ու վատ զգաց իրեն: Եթե անգամ մի քանի երկրպագու է այդպես վարվել, հարց է ծագում՝ ինչո՞ւ։ Գոնե Ռոնալդուի մոտ այս հարցը վստահաբար ծագել է:

«Ռեալի» երկրպագուներից շատերն ամռանը ցանկանում էին, որ Պորտուգալիան հաղթեր Եվրոպայի առաջնությունում, իսկ երբ Ռոնալդուն «Ոսկե գնդակի» արժանացավ, ոսկեգույն պաստառը ծածկել էր «Սանտյագո Բեռնաբեուն»: Երկրպագուները նրա համար պայքարում են Լիոնել Մեսսիի հետ անվերջ մրցակցության մեջ, ասես դա «Ռեալի» տիտղոսներից մեկը լինի: Մարիզչների մի խումբ և նրա խաղընկերներն ասում են, որ Ռոնալդուն լավագույնն է աշխարհում: Հազարավոր երկրպագուներ նրա անունով շապիկներ են կրում, բայց որոշներն ամեն դեպքում սուլում են, այն էլ «Բավարիայի» դեմ խաղում․․․

Նրա հիասթափությունը բավականին ընդգծված ձևով արտացոլվեց դաշտում, ու դա տեղի ունեցավ օբյեկտիվ պատճառներով: Եթե Ռոնալդուն պատասխանում է երկրպագուների վիրավորանքներին, նոր քննադատությունների է արժանանում: Եթե  նա ինչ-որ բան է քթի տակ ասում, նոր նյութերի թեմա է տալիս․ շուրթերի շարժումները վերլուծող մասնագետները հրապարակում են նրա ասածները: Նրա խաղն ու մարմնի լեզուն սադրում են լուրերը, և դա ցույց է տալիս, որ Ռոնալդուն անհատականություն է թիմային մարզաձևում:

Ռոնալդուն «Ոսկե գնդակի» գործող մրցանակակիրն է, նա Մեսսիի հետ դոմինանտ դիրք ունի եվրոպական ֆուտբոլում, բայց «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում երկրպագուների պահանջներն ուղղակի հսկայական են: Բացի այդ, «Ռեալում» կարող են ցանկացած ֆուտբոլիստի սուլել։ Այս մասին պետք չէ մոռանալ: Այստեղ սուլել են Զինեդին Զիդանին ու անգամ Ալֆրեդո դի Ստեֆանոյին․․․

Մադրիդյան թիմի շատ երկրպագուներ միշտ դժգոհ են, նրանք միշտ ավելին են ցանկանում, հատկապես Ռոնալդուից: Նա երկար ժամանակ այնքան բարձր նշաձող է սահմանել, որ հիմա երբեմն չի կարողանում հասնել դրան: Նրա «ոչ մի» արդյունքն այլ ֆուտբոլիստի համար գուցե կարիերայի լավագույն խաղը համարվեր, երազանքի իրականացումը, բայց «Ռեալի» երկրպագուները միշտ ավելին են ցանկանում:

Ռոնալդուն 8-րդ մրցաշրջանն է Մադրիդում անցկացնում, բայց Լա լիգայի ընդամենը մեկ գավաթ է նվաճել, հիմա դրա հետ մեկտեղ պայքարում է Չեմպիոնների լիգայի երրորդ գավաթի համար: Շատ հնարավոր է, որ սա է նրան ուղղված մեղադրանքների երանգը:

Ռոնալդուն մի անգամ նշեց, թե «Ռեալն» էլ ավելի լավ դիրք կարող էր ունենալ, եթե բոլոր ֆուտբոլիստները նրա խաղամակարդակն ունենային: Նման հայտարարությունն այնքան էլ լավ արձագանք չգտավ, բայց գուցե նա ինչ-որ տեղ ճիշտ է: Նայեք ակումբի հաջողություններում ունեցած նրա ներդրմանը, հսկայական է: Ռոնալդուն իրավունք ունի ասելու, որ բավականաչափ աշխատանք է կատարել գնահատանքի արժանանալու համար: Նա զգացմունքային է, բայց ակումբի պատմության գոլերի մեծ մասի հեղինակի համար պետք է շատ տարօրինակ լինի երկրպագուների անլրջության հետ բախումը: Ռոնալդուն գուցե շատ նրբազգաց մարդ է, իսկ ո՞վ նրա փոխարեն այդպիսին չէր լինի: Իսկ ի՞նչ լավ բան է առհասարակ տալիս Ռոնալդուին սուլելը:

Տեսակետ կա, թե մարդիկ սուլոցներին հարկ եղածից շատ ուշադրություն են դարձնում, հատկապես՝ Իսպանիայում: Սուլոցները մեկնաբանելու այլ տարբերակ էլ կա՝ պարզապես հաճելի է: Դա երկրպագուների շրջանում ավանդույթ է ու հատկապես «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, որտեղ բոլորին են սուլում, անգամ լավագույններին: Սա պարզապես փաստ է, որ ամենքը յուրովի են ընկալում: Պե՞տք է այդպես լինի: Չպե՞տք է քննարկվի: Արդյո՞ք Ռոնալդուն այն մարդն է, ումից ավելին պետք է պահանջել:

Բոլոր հարցերը մի կողմ թողնելով, չքննարկելով արդարացիությունն ու անտեսելով սուլող երկրպագուների փոքրաթիվ լինելու փաստը՝ արժե հետաքրքրվել՝ մի՞թե հիմարություն չէ վշտացնել, ճնշումների միջոցով լավ արդյունքի հասնել մի ֆուտբոլիստի դեպքում, ում հետ հույս եք կապում: Մի՞թե դա սրիկայություն չէ: Մի՞թե երկրպագուները չպետք է աջակցեն իրենց ֆուտբոլիստներին: Հարցն այստեղ այն չէ, որ Ռոնալդուն՝ ամենահամառ և սեփական ուժերով հաջողության հասած ֆուտբոլիստը, գուցե որոշ դեպքերում բավականաչափ լավ չի կատարում պարտականությունները: Ամեն դեպքում նրա խոսքերում զայրույթ կա. «Պարզապես խնդրում եմ չսուլել, որովհետև միշտ, ամեն խաղում տալիս եմ ամբողջ ուժս»:

Իսկ գուցե սխալ ենք պատկերացնում և սուլոցները խթանում են ֆուտբոլիստներին լավ խաղալ․․․ Ամեն դեպքում, երեքշաբթի «Ռեալի» որոշ երկրպագուներ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում սուլեցին Կրիշտիանու Ռոնալդուին: Հետո նա հեթ-տրիկ ձևակերպեց ու թիմին կիսաեզրափակչի ուղեգիր նվիրեց:

sport.times.am

Դիտվել է՝