«Մանչեսթեր Յունայթեդը» վստահորեն հաղթեց «Չելսիին»

image

Անգլիայի առաջնության 33-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական խաղադաշտում ընդունել էր «Չելսիին» և 2:0 հաշվով հաղթանակ տոնեց: Ժոզե Մոուրինյուի թիմը յուրաքանչյուր խաղակեսի սկզբում մեկական գոլ է խփել:

Հանդիպման 7-րդ րոպեին Մարկուշ Ռաշֆորդը հիանալի փոխանցում է ստացել Անդեր Էրերայից ու դարպասապահ Բեգովիչի կողքով գնդակն ուղարկել է դարպասը:

49-րդ րոպեին արդեն աչքի է ընկել հանդիպման հերոս Էրերան: Բասկ ֆուտբոլիստը տուգանային հրապարակի մատույցներից հարված է կատարել, որից հետո գնդակն անդրադառնալով Զումայից հայտնվել է դարպասում:

Հետագա ժամանակահատվածում «կարմիր սատանաները» կարողացան ամբողջովին չեզոքացնել լոնդոնցիների հարձակման փորձերը: Արդյունքում, Անտոնիո Կոնտեի թիմը ոչ մի գոլային պահ չստեղծեց:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում էր և այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ:

«Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 60 միավոր, բարձրացավ 5-րդ հորիզոնական և այժմ 4 միավորով է զիջում Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող չորրորդ հորիզոնականից, որը զբաղեցնում է «Մանչեսթեր Սիթին»: Մոուրինյուի թիմը մեկ խաղ էլ պակաս է անցկացրել:

«Չելսին» մնաց 75 միավորով: Լոնդոնցիներն այժմ ընդամենը 4 միավորով են գերազանցում երկրորդ տեղում ընթացող «Տոտենհեմին»:

sport.times.am

Դիտվել է՝