Ինչո՞ւ է «Օլդ Թրաֆորդը» վերածվում «Ոչ-ոքիների թատրոնի»

timthumb

Դեռևս մրցաշրջանի մեկնարկին «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները, հատկապես նրանք, ովքեր առանձնահատուկ վերաբերմունք ունեն Խուան Մատայի նկատմամբ, անհանգստանում էին իսպանացու ապագայի համար: Բոլորն էին հիշում, որ «Չելսիում» Մատայի և Մոուրինյուի հարաբերությունները, մեղմ ասած, լավ չէին, և մտավախություն կար, թե ամեն ինչ կկրկնվեր Մանչեսթերում: Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին, ապա շատ փորձագետներ Պրեմիեր լիգայի առաջին շրջանի մանչեսթերյան դերբիից հետո խաչ քաշեցին նրա կարիերայի անգլիական փուլի վրա:

Մխիթարյանն ու Մատան միասին մեկնարկո՞ւմ

Ի՞նչ կարող ենք ասել խաղադաշտում նրանց միաժամանակյա հայտնվելու մասին: Սկզբում խելքին մոտ չէր թվում, որ նրանք միասին մի օր կլինեն մեկնարկային կազմում: Բայց Մատան հիանալի ծանոթ էր Մոուրինյուի «փիլիսոփայությանը», իսկ Մխիթարյանը կարող էր հարմարվել պորտուգալացի մասնագետի մարտավարական ցանկացած ծրագրի: Այնպես որ, վաղ թե ուշ այս զույգը պետք է ձևավորվեր։

Օրինակ՝ հիշենք «Բորնմուտի» հետ ոչ-ոքիով ավարտված խաղը, երբ հայ ֆուտբոլիստը վնասվածք ուներ ու հայտավորված չէր: Գրոհներ կազմակերպելու կրեատիվ մտածողության բացակայություն. ահա թե ինչ կարողացավ ցույց տալ «Մանչեսթեր Յունայթեդը»: Կարելի է միայն հիշել Անտոնիո Վալենսիայի միատոն փոխանցումները, որոնք տուգանային հրապարակում փորձում էին գտնել Զլատան Իբրահիմովիչին․․․ Իսկ Հենրիխն ու Խուանը վերջին մի քանի ամիսների ընթացքում ընդհանուր լեզու են գտել ու կես շարժումից հասկանում են իրար:

Իսպանա-հայկական դուետը պետք է առաջ տանի «Մանչեսթեր Յունայթեդին»

Նրանք ոչ միայն լավ են համագործակցում, այլ դա գեղեցիկ ձևով են անում: Հիշենք Եվրոպա լիգայի «Ռոստովի» դեմ խաղում Մատայի՝ Մխիթարյանի համար ստեղծած գոլային պահերը։ «Սենտ-Էտյենի» խաղում Մատան նորից հիանալի փոխանցում կատարեց դեպի տուգանային հրապարակ ու հայ կիսապաշտպանը գոլի հեղինակ դարձավ: Չի կարելի մոռանալ նաև նրանց համագործակցությունը «Լեսթերի» դեմ հանդիպման ժամանակ, երբ Մխիթարյանը գոլային հիասքանչ փոխանցում կատարեց Մատայի ուղղությամբ: Դեռ վաղ է Մատային ու Մխիթարյանին համեմատել «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար զույգերի հետ, բայց պարզ է, որ այս զույգը կարող է կատարելագործվել:

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանները մեկ անգամ չէ, որ գովել են միմյանց ու սա փաստում է, որ նրանք լավ հարաբերություններ ունեն նաև դաշտից դուրս: «Կարմիր սատանաները» գրեթե միշտ հաղթում են, երբ Մատան ու Մխիթարյանը խաղում են առաջին րոպեներից․ 8 հաղթանակ ու 1 ոչ-ոքի «Սթոք Սիթիի» հետ: Կարող է հարց առաջանալ՝ ինչո՞ւ Մոուրինյուն նրանց ավելի հաճախ դաշտ դուրս չի բերում: Պատասխան՝ 4-2-3-1. սխեմա, որն ավելի հարմար է նրանց:

Մոուրինյուն խնդիր ուներ շաբաթ օրվա «Վեսթ Բրոմվիչի» դեմ խաղի կազմն ընտրելիս: Միակ ելքը Միկի-Մատա զույգի մեջ էր։ Նրանց կրեատիվ մտածողությունը կարող էր հույս տալ ու հնարավորություն լավագույն քառյակի համար պայքարելու: Զարմանալի է, բայց նրանք են թիմի հարձակվող լավագույն զույգը: Նրանք մասնակից են եղել «Մանչեսթեր Յունայթեդի» 17 գոլերին:

Խուանի վնասվածքը։ Առանց Մատայի տուժում է Միկի-Մատան

Ամեն ինչ լավ էր, պարզապես Մատան վնասվածք ստացավ ու վիրահատվեց: Յուրահատուկի թիմը կամ «յուրահատուկ» թիմն այս առաջնություն 3 անգամ է պարտվել (միայն «Տոտենհեմը» կարող է համեմատվել նրանց հետ): Միակ անեծքն արդեն 9-րդ ոչ-ոքին է «Օլդ Թրաֆորդում»: Լեգենդար մարզադաշտի անունը համարձակորեն կարելի է փոխել ու դնել «Ոչ-ոքիների թատրոն»:

«Կարմիր սատանաները» սեփական դաշտում անցկացրած վերջին 2 խաղում պարզ ցույց տվեցին, որ դաշտը տեսնելու խնդիր ունեն, երբ մրցակցի կիսադաշտում են: «Վեսթ Բրոմվիչի» դեմ խաղում ամբողջ թիմը փորձում էր Անտոնիո Վալենսիայի շուրջ հավաքվել, բայց դա կարևոր չէ: Կարևորն այն է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հարձաման գծում չկարողացավ յուրահատուկ բան անել, իսկ ոմանք դրա պատճառներից մեկը համարեցին Պոգբայի ու Իբրայի բացակայությունը:

«Վեսթ Բրոմվիչի» դեմ խաղում երևում էր, թե հայ կիսապաշտպանն ինչպես է տուժում իսպանացի խաղընկերոջ բացակայությունից: Ամբողջ թիմը փոխըմբռնման խնդիր ուներ: Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ Ժոզե Մուրինյուն մեղադրեց գրոհող ֆուտբոլիստներին, այդ թվում՝ Մխիթարյանին։ Պորտուգալացի մարզիչն իր դերի մեջ էր․․․

Պոգբան ու Զլատանը վերադարձան: Ի՞նչ փոխվեց

Հնարավոր է, որ հարցի պատասխանը միայն Մոուրինյուն գիտի: «Էվերթոնի» դեմ խաղում պորտուգալացին որոշեց Հենրիխին պահեստայինների նստարանին թողնել ու հետևյալ բացատրությունը տվեց. «Մխիթարյանի շաբաթ օրվա խաղից դժգոհ էի: Ահա թե ինչու է նա պահեստայինների նստարանին: Դաշտում ուժեղագույններն են հայտնվում»:

Մեկնարկային կազմ վերադարձան Անդեր Էրրերան ու Զլատան Իբրահիմովիչը: «Մանչեսթեր Յունայթեդն» առաջին կեսում աչքի ընկավ առաջնագծի անատամ խաղով: Միայն խաղակեսի ավարտին Դեյլի Բլինդը տուգանայինից հիանալի հարված կատարեց, բայց դարպասաահ Ռոբլեսը չթերացավ իր աշխատանքում:

Երկրորդ խաղակեսի սկզբին Մոուրինյուն դաշտ դուրս բերեց Պոգբային: Ի՞նչ արեց ֆրանսիացին: Գլխով կատարած նրա հարվածը չհասավ նպատակին: Ամենաթանկ ֆուտբոլիստն այս մրցաշրջանում սիրում է դարպասաձողին հարվածել: 65-րդ րոպեին Մխիթարյանը խաղի մեջ մտավ: 3 րոպեի ընթացքում հայ ֆուտբոլիստը 2 հիանալի փոխանցում կատարեց ու «գոլորշիացավ»․․․

Շուտ վերադարձիր, Խուա՛ն

«Մանչեսթեր Յունայթեդը» տենդի մեջ է: Ինչի մասին է խոսքը, երբ մրցաշարային աղյուսակում նրանք զիջում են իրական մրցակցին, բայց գլխավոր մարզիչը թույլ եզրը հզորացնելու փոխարեն Լյուկ Շոուին է վստահում, ում այդ խաղից առաջ բազմիցս քննադատել էր և ով վաղուց նորմալ խաղային պրակտիկա չէր ունեցել: «Էվերթոնի» հետ հանդիպման վերջում Մոուրինյուի թիմը կարողացավ խուսափել պարտությունից. Զլատանն անվրեպ իրացրեց 11-մետրանոց տուգանայինը։

«Եթե ոչ-ոքիներ չլինեին, ապա «Մանչեսթեր Յունայթեդը» չեմպիոնական տիտղոսի համար կպայքարեր «Չելսիի» հետ»,- ասել է Ալեքս Ֆերգյուսոնը: Հանճարեղ մասնագետի հետ բարդ է չհամաձայնել:

Ակումբի անհաջողությունների հիմնական պատճառը միագիծ մարտավարությունն է հատկապես հարձակման գծում: Պոգբա-Իբրահիմովիչ և Պոգբա-Վալենսիա-Իբրահիմովիչ: Այնպիսի տպավորություն է, ասես Մոուրինյուն այլ կերպ մտածել չի կարողանում: Միկի-Մատա զույգն այս մրցաշրջանում մեկ անգամ չէ, որ ապացուցել է ավելի մեծ վստահության ու հարգանքի արժանի լինելու փաստը: Իսպանացի ֆուտբոլիստի ապաքինման ժամկետը դեռևս պարզ չէ, բայց պարզ է, որ նրա վերադարձով մանչեսթերյան թիմի հարձակման գիծը կուժեղանա։

sport.times.am

Դիտվել է՝