Լիգայի գավաթ․ Հենրիխ Մխիթարյանի օգնությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Հալ Սիթիին»

image

Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 2։0 հաշվով հաղթանակ տոնեց «Հալ Սիթիի» նկատմամբ։

«Օլդ Թրաֆֆորդում» կայացած հանդիպման առաջին կեսն անցավ «կարմիր սատանաների» զգալի առավելությամբ, առջևի գծում ակտիվ էր նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով խաղին մասնակցում էր մեկնարկային րոպեներից։ Չնայած առավելությանը՝ դաշտի տերերն ընդմիջման գնացին առանց գոլ խփելու։

Երկրորդ կեսում խաղի պատկերն էականորեն չփոխվեց, և «Մանչեսթեր Յունայթեդին» հաջողվեց պատասխան հանդիպումից առաջ առավելություն ստանալ մրցակցի նկատմամբ։ 56-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի գլխով կատարած փոխանցումից հետո Էլդին Յակուպովիչի պաշտպանած դարպասը գրավեց Խուան Մատան, իսկ երկրորդ գոլն արձանագրվեց 87-րդ րոպեին․ աչքի ընկավ Մատայի փոխարեն խաղադաշտ դուրս եկած Մարուան Ֆելայինին։

Մխիթարյանը 71-րդ րոպեին խաղադաշտում տեղը զիջեց Ջեսի Լինգարդին։

Հավելենք, որ պատասխան հանդիպումը կայանալու է հունվարի 26-ին, իսկ եզրափակիչ փուլի մյուս ուղեգիրը վիճարկելու են «Սաութհեմփթոնը» և «Լիվերպուլը»։

Անգլիայի լիգայի գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին խաղ

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Հալ Սիթի»՝ 2։0
Գոլերը՝ Մատա 56՛, Ֆելայինի 87՛

sport.times.am

Դիտվել է՝