Ռոնալդուի 10 ամենահիշարժան գոլերը Չեմպիոնների լիգայում

timthumb (2)

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայում արդեն 100 գոլ է խփել և ընթացիկ խաղարկությունում դեռ ցուցանիշը բարելավելու հնարավորություն ունի։ Հիշենք պորտուգալացու 100 գոլերից ամենահիշարժանները։

Առաջինը. «Մանչեսթեր Յունայթեդ» – «Ռոմա»՝ 7:1, 10.04.2007

Չեմպիոնների լիգայում առաջին գնդակը խփելու համար պորտուգալացուց 27 խաղ պահանջվեց, բայց սպասումներն արդարացվեցին: Կրիշտիանու Ռոնալդուն աջից ներխուժեց տուգանային հրապարակ և օգտվելով այն բանից, որ պաշտպանությունը կենտրոնացել էլ դարպասի մատույցներում, աջից հարվածեց: Դարպասապահ Դոնին ոչինչ անել չկարողացավ: 5 րոպե անց Ռոնալդուն դուբլ ձևակերպեց, և այդպես շարունակվեց «Ռոմայի» ջախջախումը, որը 1/4 եզրափակչի առաջին խաղում 1:2 հաշվով սեփական հարկի տակ հաղթել էր «Մանչեսթեր Յունայթեդին»:

Եզրափակիչ. «Մանչեսթեր Յունայթեդ» – «Չելսի»` 1:1 (11-մետրանոց հարվածաշար` 6:5), 21.05.2008

Ֆուտբոլիստները հաճախ են խոսում էմոցիոնալ տարատեսակ փոթորիկների մասին, բայց Չեմպիոնների լիգայի մոսկովյան եզրափակչի զգացողություններն ամեն մեկին տրված չէր ապրել: 26-րդ րոպեին Ուես Բրաունը փոխանցում կատարեց Ռոնալդուին, ով ասես չնկատելով կողքին կանգնած Էսյենին, գետնից պոկվելով գլխով հարվածեց: Ռոնալդուն երկնքից իջավ 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ, երբ Պետեր Չեխը հետ մղեց նրա հարվածը: Անկախ դրանից լոնդոնցիներին բախտը չժպտաց. Ջոն Թերին վրիպեց, հետո էլ Էդվին վան դեր Սարը հետ մղեց Նիկոլյա Անելկայի հարվածը:

«Երբ 11-մետրանոցն իրացնել չհաջողվեց, այդ օրն ակնթարթորեն վատագույնը դարձավ իմ կյանքում»,- խոստովանել է Ռոնալդուն։

Հրաշք գոլ. «Պորտու» – «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:1, 15.04.2009

2009-ին Պորտուգալիայի հավաքականի առաջատարը վերադարձավ հայրենիք ու «վիշապների» դարպասը գրավելով՝ հայտնվեց ուշադրության կենտրոնում: 6-րդ րոպեին Ռոնալդուն կարճ փոխանցում ստացավ Անդերսոնից, գլուխը բարձրացրեց ու նախքան մրցակիցները կհասցնեին մոտենալ, 36 մետրից գնդակն ուղարկեց Էլթոնի պաշտպանած դարպասի հեռավոր անկյունը:

«Հիասքանչ գնդակ, ֆանտաստիկ: Ավելի լավը չեմ խփել»,- ասել է օրվա հերոսը: Խոսքը Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղի մասին է, երբ «Պորտուն» հաջորդ փուլ դուրս գալու համար ընդամենը 1 գոլի կարիք ուներ: Ճակատագիրն այդ երեկո միայն Ռոնալդուին ու նրա թիմակիցներին ժպտաց:


Տուգանային հարված. «Արսենալ» – «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:3, 05.05.2009

«Պորտսմութի» դեմ խաղում տուգանային հրաշալի հարվածից 1.5 տարի անց Ռոնալդուն հնարքը կրկնեց նաև Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում: Թվում էր՝ դժվար թե հարվածը դարպասին հասնի։ Արդյունքում մրցակցի դարպասապահ Մանուել Ալմունիյան մի կողմից մյուսը ձգվեց, բայց շատ ուշ էր․․․


Հեթ-տրիկ. «Այաքս» – «Ռեալ»՝ 1:4, 03.10.2012

Չեմպիոնների լիգայում Ռոնալդուն 11 անգամ երկուական գնդակ է խփել նախքան առաջին հեթ-տրիկը ձևակերպելը: Սկզբում նա մի քանի մետր հեռավորությունից գրավեց հոլանդացիների դարպասը, ապա հեռահար հարված կատարեց, իսկ վերջնական հաշիվն ամրագրեց գնդակն «Այաքսի» դարպասապահի վրայով ցանցն ուղարկելուց հետո: Հոլանդացիների բախտն բերեց, որ այդ երեկո Ռոնալդուն ցույց չտվեց, թե ինչպես է իրացնում տուգանային հարվածները ու խաղում գլխով։


Երկրորդ հեթ-տրիկը. «Գալաթասարայ» – «Ռեալ»՝ 1:6, 17.09.2013

11 ամիս անց Կրիշտիանուն երկրորդ հեթ-տրիկը ձևակերպեց: Երկրորդ խաղակեսի միջնամասում 3 րոպեի ընթացքում նա 2 անգամ գրավեց մրցակցի դարպասը, իսկ ավելացված ժամանակում դրեց խաղի վերջակետը: Ռոնալդուի հեթ-տրիկի շնորհիվ «Ռեալը» Չեմպիոնների լիգայի շրջանակում խոշորագույն արտագնա հաղթանակը տարավ, իսկ «Գալաթասարայը» եվրագավաթների խոշորագույն պարտությունը կրեց սեփական դաշտում:


Վարպետության դաս. «Շալկե» – «Ռեալ»՝ 1:6, 26.02.2014

Երբ Ռոնալդուն զգումի է գոլի հոտը՝ նրան անհնար է կանգնեցնել: Սա անձամբ Ժոել Մատիպն է զգացել: Ռոնալդուն հնարքների շարքով կարողացավ խաբել «Շալկեի» պաշտպանին ու հարվածեց դեպի հեռավոր անկյունը:


Դեսիմա. «Ռեալ» – «Ատլետիկո»՝ 4:1 (լրացուցիչ ժամանակ), 24.05.2014

Ռոնալդուն Լիսաբոնում կյանք տվեց երազանքին և 120-րդ րոպեին 11-մետրանոց հարվածն իրացնելով՝ դարձավ Չեմպիոնների լիգայի երկու եզրափակչում գնդակ խփած չորրորդ ֆուտբոլիստը: Պորտուգալացի հարձակվողը Չեմպիոնների լիգայի 11 խաղում 17-րդ գոլը խփեց՝ սահմանելով մրցաշարի արդյունավետության ռեկորդ: Բացի այդ, Ռոնալդուն երկրորդ անգամ անընդմեջ դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկու։


Հարված անդրադարձից հետո. «Լիվերպուլ» – «Ռեալ»՝ 0:3, 22.10.2014

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվողը վերջապես առաջին գնդակը խփեց «Էնֆիլդում»: Ռոնալդուի համար դա Չեմպիոնների լիգայի 70-րդ գնդակն էր. Ռաուլ Գոնսալեսի ռեկորդը գերազանցելու համար 1 գնդակ էր պակասում: Պորտուգալացին դաշտի կենտրոնից սկսեց գրոհը, գնդակը խաղարկեց Բենզեմայի ու Պեպեի հետ, ապա փոխանցում կատարեց Խամես Ռոդրիգեսին: Վերջինս գնդակը հետ վերադարձրեց Կրիշտիանուին, ով Մարտին Շկրտելի հետ պայքարում հաղթող դուրս գալով՝ հպումով գնդակը հեռավոր անկյունն ուղարկեց:


Գոլ առանց ուրախության. «Ռեալ» – «Սպորտինգ»՝ 2:1, 14.09.2016

Ռոնալդուն իր նախկին թիմի հետ էր խաղում, իսկ «Ռեալը» մոտ էր պարտությանը: Խաղի ավարտին Ռոնալդուն 20 մետր հեռավորությունից գոլ խփեց: Հարձակվողը փայլուն հարված կատարեց տուգանայինից ու հավասարեցրեց հաշիվը, իսկ լրացուցիչ ժամանակում Ալվարո Մորատան 3 միավոր նվիրեց մադրիդցիներին:

««Սպորտինգի»՝ այն ակումբի դեմ խաղալը, որտեղ ես մեծացել ու ֆուտբոլիստ եմ դարձել, անհավատալի ծանր է»,- եզրափակիչ սուլիչից հետո ասել է պորտուգալացին:

sport.times.am

Դիտվել է՝