Տրանսֆերներ, որոնք հունվարի 1-ից ուժի մեջ մտան

timthumb (1)

Ձմեռային տրանսֆերային պատուհանը պաշտոնապես բացվել է հունվարի 1-ին, սակայն ամբողջ աշխարհում 1100-ից ավելի գործարքներ արդեն համաձայնեցված են եղել (transfermakt.de-ի տվյալներով): Sport.Times.am-ն առանձնացրել է նոր տարվա առաջին օրն ուժի մեջ մտած ամենաուշագրավ տեղափոխությունները:

Վիրջիլ վան Դեյկ
«Սաութհեմփթոնից»  «Լիվերպուլ» – 85 միլիոն եվրո

Նոր տարի, նոր ռեկորդ: Պաշտպանությունում առկա քաոսը մեղմելու համար «Լիվերպուլը» դիմեց աննախադեպ քայլի` ռեկորդային գումար վճարեց կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկի համար: Ամռանը «Մանչեսթեր Սիթիի» սահմանած ռեկորդը (57,5 միլիոն եվրո «Մոնակոյի» ձախ պաշտպան Բենժամեն Մենդիի համար) ապշեցնող էր թվում, սակայն ընդամենը կես տարի անց գերազանցվեց:

Որքան էլ հոլանդացին արտակարգ ֆիզիկական և խաղային տվյալներ ունենա, տարիքն իդեալական լինի (26), իսկ անգլիական ֆուտբոլի ադապտացիան կայացած, միևնույն է, չափազանցված գին վճարելու միտքը չի լքում: Ակնհայտ է, որ «Լիվերպուլը» վախեցավ Վան Դեյկին իր անմիջական մրցակիցներից մեկին, օրինակ, «Մանչեսթեր Սիթիին» զիջելու վտանգից, ինչից «սրբերն» օգտվեցին: Այո, «քաղաքայինները» հայտարարել են, որ կենտրոնական պաշտպան են գնելու, սակայն նույնիսկ իրենց անսահմանափակ բյուջեի պարագայում չէին վճարի նման գումար, որովհետև Օտամենդի-Սթոունզ զույգն արդեն կայացած է, և նրանց պարզապես որակյալ պահեստային է հարկավոր:

«Լիվերպուլը» գերխոշոր տրանսֆեր կատարեց, սակայն դա դժվար թե լուծի նրանց բոլոր խնդիրները: Նախկինում Կլոպի պաշտպանությանը նայելիս 4 խնդիր էինք տեսնում: Այժմ այն դարձավ երեք: Բացի այդ, դարպասապահները նույնպես վստահելի չեն…

Liverpool-Unveil-New-Signing-Virgil-van-Dijk

Դիեգո Կոստա
«Չելսիից» «Ատլետիկո» – 66 միլիոն եվրո

2017 թվականի ամենասկանդալային պատմություններից մեկը: Մեկ տարի առաջ Կոստան չինական ակումբներից մեկից խելահեղ` տարեկան 30 միլիոն եվրո աշխատավարձով առաջարկ ստացավ: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը դա իր կյանքի գլխավոր պայմանագիրը համարեց և ընդունեց այն: Սակայն «Չելսին» այլ կերպ էր մտածում և հրաժարվեց ցանկացած գնով, այդ թվում առաջարկված 107 միլիոն եվրոյի դիմաց, բաց թողնել իր ռմբարկուին: Լոնդոնցիները գլխավորում էին Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը և հրաժարվեցին չեմպիոնությունը ռիսկի ենթարկել:

Այդ ժամանակ Դիեգոյի ու գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի միջև լարված հարաբերություններն ակումբն ինչ-որ կերպ կարողացավ շտկել, սակայն ամռանը իտալացին լեգենդար դարձած sms հաղորդագրությամբհրաժեշտ տվեց հարձակվողին: Չինաստան մեկնելու տարբերակն արդեն ակտուալ չէր, որովհետև այնտեղ տրանսֆերի համար 100 տոկոսանոց հարկերի օրենք մտցվեց, այսինքն 107 միլիոն եվրոն հարկերի հետ միասին դառնալու էր 214 միլիոն: Նման պարագայում հայտնվեց «Ատլետիկո» վերադառնալու տարբերակը, որը 29-ամյա հարձակվողի համար առաջնային դարձավ: Անսպասելիորեն իսպանացիներն ու անգլիացիները տրանսֆերի շուրջ ամռանը համաձայնության չեկան, իսկ Կոստան նույնիսկ խոշոր տուգանքների սպառնալիքի տակ հրաժարվեց խաղալ իտալացու գլխավորությամբ: Արդյունքում, գործարքը համաձայնեցվեց միայն սեպտեմբերի վերջին, և հարձակվողը կես տարի մնաց առանց ֆուտբոլի:

«Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն վաղուց էր երազում միավորել Գրիզմանին ու Կոստային: 2014 թվականին վերջինիս փոխարինած ֆրանսիացին միանգամից դարձավ թիմի առաջատարը, սակայն առջևի գծում գոլահար խաղընկեր էր հարկավոր, որպեսզի նրա էլեգանտ փոխանցումներն ու անցումները եզրափակող լինի: Այդ հարձակվողը պետք է նաև ճիշտ տեղաշարժերի միջոցով պաշտպաններին հեռու տաներ Անտուանից: Կարծես, այդ ամենը Կոստայի մասին է: Այդ դերը կատարելուն նախկինում պիտանի չեղան Ֆերնանդո Տորեսը, Մարիո Մանջուկիչը, Ջեքսոն Մարտինեսը, Լուսիանո Վիետոն և Կևին Գամեյրոն: Ակնհայտ է, որ Դիեգոյի մոտ մյուսներից լավ կստացվի:24328036_138451166816243_4694056606332092416_n (1)

Սանդրո Վագներ
«Հոֆենհայմից» «Բավարիա» – 13 միլիոն եվրո

«Բավարիայի» սանը երկար դեգերումներից հետո վերադարձել է Մյունխեն: Նա 2008 թվականին հեռացավ երկրի ամենահեղինակավոր թիմից և այս ընթացքում 6 թիմ փոխեց: Սանդրոն «Վերդերում» այն աստիճան չէր տպավորում, որ մարզավիճակ պահպանելու համար խաղում էր «Վերդեր-2»-ի կազմում՝ երրորդ Բունդեսլիգայում: Դրանից առաջ նրա կարիերայում եղել է «Դույսբուրգը», իսկ հետո եկան «Կայզերսլաուտերնը» և «Հերտան»: Ամենուր Վագները ցածր արդյունավետություն ուներ:

Ամեն ինչ փոխվեց 2015-16թթ. մրցաշրջանում, երբ Բունդեսլիգայի նորեկ «Դարմշտադի» կազմում նա14 գոլ խփեց, 4 գոլային փոխանցում կատարեց և թիմին օգնեց գրավել 12-րդ տեղը: Հաջորդ մրցաշրջանը նա սկսեց «Հոֆենհայմում» և շարունակեց բազմաթիվ գոլեր խփել, արժանացավ Գերմանիայի հավաքականի հրավերին, իսկ հիմա վերադառնում է «Բավարիա»:

DShy9jkWkAAe-jj

Որքան էլ զարմանալի է, նոր հարձակվող հրավիրելու խնդրանքը թիմի ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկունն է: Գերմանական որոշ լրատվամիջոցներ պնդում են, որ լեհ գերաստղի համար ձանձրալի է դարձել Չեմպիոնների լիգայում «Ռեալի» պես մրցակիցների հանդիպելուց հետո մեկնել պայմանական Աուգսբուրգ կամ Հանովեր: Իբր Ռոբերտը ցանկանում է, որ նրա փոխարեն դա այլ հարձակվող անի: Իսկ Լևանդովսկին ասում է, որ չափազանց շատ է հոգնում առանց փոխարիող խաղալու և կարևոր հանդիպումներին լիարժեք պատրաստ չի լինում: Դա լավ լուր է Վագների համար, ով ավելի շատ խաղաժամանակ կստանա, քան կարելի էր սպասել:

Մարիո Գոմես
«Վոլֆսբուրգից» «Շտուտգարտ» – 3 միլիոն եվրո

Մեկ այլ անվանի գերմանացի հարձակվող վերադարձավ հարազատ թիմ: 2007 թվականին «Շտուտգարտի» հաջողությունների գլխավոր կերտողներից մեկը երկու տարի անց տեղափոխվեց «Բավարիա», որտեղ ահռելի քանակությամբ գոլեր խփեց, բայց ավելի շատ հիշվեց իր վրիպումներով, ապա միացավ «Ֆիորենտինային», «Բեշիկթաշին» (լավագույն ռմբարկու) և «Վոլֆսբուրգին»: Այժմ ժամանակները փոխվել են, և «Շտուտգարտն» արդեն չեմպիոնական պայքարում չի էլ երազում հայտնվել: Փոխարենը, մտադիր է այլև դուրս չմնալ Բունդեսլիգայից, ինչում նրանց կօգնի նման գոլահարը:

Լուկաս Լիմա
«Սանթոսից» «Պալմեյրաս» – ազատ գործակալ

Ամռան ամենաանսպասելի տրանսֆերային նորություններից մեկը Լիմայի` «Բարսելոնա» մոտալուտ տեղափոխությունն էր: Էլ ավելի զարմանալի էր պատճառը, որի համար կատալոնացիները պատրաստվում էին հրավիրել կիսապաշտպանին: Վերջինիս գործակալը Նեյմարի հայրն է և «բլաուգրանան» պատրաստ էր այդ ֆուտբոլիստին հրավիրել, միայն թե Նեյմարը չհեռանա «Պարի Սեն Ժերմեն»: Այդ տեղեկությունը նույնիսկ աստղային բրազիլացին հաստատեց, ով ասաց, որ եթե նա որոշողը լիներ, Լիման անմիջապես «Բարսելոնայի» խաղացողը կդառնար: Հունվարին, երբ ավարտվելու էր նրա պայմանագրի ժամկետը, Լուկասը պետք է 5 տարվա համաձայնագիր կնքեր «կապտանռնագույնների» հետ: Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ Նեյմարը որոշեց միանալ «Պարի Սեն Ժերմենին»: «Բարսելոնայի»` Լիմային հրավիրելու անհրաժեշտությունն ինքնաբերաբար վերացավ: Հետագայում բրազիլացուն հրավիրելու շշուկներ պտտվեցին «Միլանի» ու «Ինտերի» շուրջ, սակայն հստակ քայլեր չկատարվեցին:

Արդյունքում, դեկտեմբերին հայտնի դարձավ, որ տաղանդավոր ֆուտբոլիստն այդպես էլ չի մեկնելու Եվրոպա և պայմանագիր է կնքել մեկ այլ բրազիլական ակումբի` «Պալմեյրասի» հետ: Գործարքն ուժի մեջ մտավ հունվարի 1-ին:

Կարլոս Վելա
«Ռեալ Սոսյեդադից» «Լոս Անջելես Գելեքսի» – 5 միլիոն եվրո

7 տարի «Ռեալ Սոսյեդադում» անցկացնելուց հետո Կարլոս Վելան հեռանում է Իսպանիայից: «Արսենալում» իրեն դրսևորելու իրական շանսեր չստանալուց հետո մեքսիկացին 2011 թվականից միացավ բասկերին և սկսեց փայլել: Կարլոսի մոտ հատկապես ֆանտաստիկ ստացվեցին առաջին երեք մրցաշրջանները, որոնցում նա ու Անտուան Գրիզմանը Լա լիգայի ամենավտանգավոր հարձակման զույգերից մեկն էին կազմել: Երբ ժամանակը եկավ ավելի ուժեղ թիմ տեղափոխվելու, Գրիզմանը մեկնեց «Ատլետիկո», իսկ Վելան զարմանալիորեն մնաց Սան Սեբաստիանում: Ճիշտ ժամանակին չկատարված առաջ քայլի պատճառով մեքսիկացու խաղն աստիճանաբար խամրեց: Երբեմն նա փառահեղ ելույթներ էր ունենում, սակայն դրանք մրցաշրջանում մի քանի անգամ էին պատահում:

Այժմ նա հեռանում է «Ռեալ Սոսյեդադից», սակայն արդեն ոչ թե գերակումբ, այլ «Լոս Անջելես Գելեքսի», որտեղ կմիավորվի իր հայրենակիցներ Ջովանի ու Խոնաթան Դոս Սանթոս եղբայրներին:

Sport.times.am

Դիտվել է՝