Մեր մասին

ԳԱԼԱ Հ/Ը հիմնադրվել է 2005թ.-ին՝ որդեգրելով մեկ կարևոր սկզբունք. լինել անկախ, օբյեկտիվ: ԳԱԼԱ-ն սկսեց իր գործունեությունը՝ հետևելով հեռուստաբիզնեսի կանոններին, այն է. թյուրիմացության մեջ չգցել իր գործընկերներին, հեռուստադիտողին և մատուցել միայն բարձրակարգ հաղորդումներ, անաչառ ու օբյեկտիվ լրատվություն:

Գյումրիի անկախ լրատվական ալիքը հիմնադրման օրվանից պահպանել է իր քաղաքականությունը՝ կարևորելով հատկապես լրատվական-վերլուծական ծրագրերի, հեռուստաբանավեճերի և ժամանցային նախագծերի առկայությունը: Իր գոյության  շրջանում ԳԱԼԱ-ն միանգամից շահեց հեռուստադիտողի վստահությունը, զբաղեցրեց իր ուրույն տեղը Գյումրիի գովազդային շուկայում: Հեռուստաընկերությունը զգալիորեն բարելավեց աշխատանքային պայմանները, ստեղծվեցին նկարահանման ժամանակակից տաղավարներ, ներկրվեց նորագույն տեխնիկա: ԳԱԼԱ հեռուստաընկերությունը 2005թ.-ից իր բազմաբնույթ հաղորդումների և լրատվական թողարկումների միջոցով պարբերաբար անդրադարձ է կատարել տարբեր ոլորտներում մարդու հիմնարար իրավունքների խնդիրներին և իրականացրել բազմաբովանդակ լուսաբանում:
Սակայն հեռուստաընկերության ամենամեծ նվաճումը կարելի է համարել մարդու հիմնարար այնպիսի իրավունքների պաշտպանությունը, ինչպիսիք են խոսքի ազատությունը և ընտրելու իրավունքը: 2007-թ. պաշտպանելով հեռուստաընկերության ազատ գործելու և արտահայտելու իրավունքը, ինչպես նաև բազմահազար քաղաքացիների օբյեկտիվ և անաչառ տեղեկատվություն ստանալու իրավունքը, ԳԱԼԱ-ն վճռական պայքարի մեջ մտավ ՀՀ իշխանությունների հետ, որոնք փորձում էին ոտնահարել մարդու հիմնարար և անբաժան իրավունք համարվող խոսքի ազատությունը: Առճակատումը ՀՀ տարբեր գերատեսչությունների հետ տեւեց բավականին երկար: Իշխանություններն արեցին հնարավորը հեռուստաընկերությանը լռեցնելու համար:

Պայքարը մի քանի ճակատներով էր՝ հարկային մարմիններ, տեղական իշխանություններ, դատարաններ…Առճակատման ընթացքում ԳԱԼԱ-ն աշխատեց առանց գովազդի եւ չնայած դրան, բնականոն շարունակեց իր գործունեությունը: Տեղի ունեցածը կարելի է ասել ավելի կոփեց կառույցի աշխատակիցներին, չհիասթափեցրեց, չլռեցրեց: ԳԱԼԱ-ն շարունակեց իր ընթացքը՝ նույն ձեռագրով, նույն սկզբունքներով…

Իր գործունեության օրվանից բոլոր ընտրական պրոցեսները եղել են ՀԸ ուշադրության առանցքում: Նպատակը մեկն է եղել՝ կանխել մասսայական ընտրակեղծիքները՝ ընտրակաշառք, լցոնումներ: Կանխել նաեւ ոստիկանական ուժերի անգործությունը: Մեկ նկատառում՝ իշխանական ուժերը ընտրությունների արդյունքում միշտ ամենացածր տոկոսներն են ստացել ՀՀ հյուսիսային բնակավայրում: Պատճառը հենց այն է, որ Շիրակի մարզի բնակչությունը ամենաիրազեկվածն է հանրապետության այլ բնակավայրերի հետ համեմատ: 2009-2010թ.-ին Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերությունը 80-ից ավելի տեսանյութեր և 4 տեսաֆիլմ է հեղինակել:

2009թ. հեռուստաընկերությունը սկսեց իրականացնել «Մեր հարևանները» բացառիկ նախագիծը, որի շրջանակներում կատարել է բազմաթիվ այցելություններ հարեւան երկրներ՝ մասնավորապես Վրաստանի եւ Թուրքիա:

ԳԱԼԱ-ն այցելել է տարբեր գերատեսչական և հասարակական կառույցներ, հանդիպումներ ունեցել պետական պաշտոնյաների՝ նահանգապետերի, քաղաքապետերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, տեղի հեռուստաընկերությունների և գործարարների, հասարակ քաղաքացիների, կրթական հաստատությունների աշխատակիցների հետ: Տարբեր ժամանակահատվածներում 10-15 օր տևած գործուղման ընթացքում ԳԱԼԱ հեռուստաընկերության աշխատախումբը շրջագայել է Հայաստան-Թուրքիա սահմանագծի ամբողջ երկայնքով՝ Անի-Կարս-Իգդիր-Բայազետ-Թուզլուջա ուղերթով: Այս տարածքներում տևական նկարահանումներ են կատարվել, եղել են հանդիպումներ հասարակական-քաղաքական գործիչների, համայնքների ղեկավարների, գործարարների,ազգային փոքրամասնությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:

ԳԱԼԱ-ի աշխատակիցները նկարահանումներ են կատարել նաև Ռուսաստանի Դաշնությունում, անդրադարձել հայ համայնքի խնդիրներին… ԳԱԼԱ հեռուստաընկերությունն իր գործունեության ընթացքում բազմիցս անդրադարձ է կատարել հայ-թուրքական հարաբերություններին, դիվանագիտական, գործարար ու մասնագիտական շփումների ընթացքին և զարգացումներին՝ լուսաբանելով տվյալ ժամանակահատվածի կարևորագույն իրադարձությունները: «ԳԱԼԱ-նյուս» լրատվական ծառայության թողարկումներում տվյալ թեմայի շուրջ լուսաբանումներից բացի տեղի են ունեցել տարբեր ձևաչափերով քննարկումներ և հեռուստաբանավեճեր, նկարահանվել և ցուցադրվել են ֆիլմեր, հաղորդումներ:

Պատրաստել և ցուցադրել է բազմաթիվ տեսանյութեր հարևան երկրի տարբեր շրջանների մասին: Բացի տեսանյութերից, պատրաստվել է նաև ֆիլմ երկու մասից՝ «Ասա՝ ով է հարևանդ» խորագրով: Անհրաժեշտ է նշել, որ ֆիլմի հաջողության մասին վկայում են ոչ միայն հասարակ քաղաքացիները, այլ նաև միջազգային կառույցները: 2011թ. ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցության Եվրասիա համագործակցության հիմնադրամի, մարդկային զարգացման միջազգային կենտրոնի և Երևանի մամուլի ակումբի կողմից հայտարարված հայ և թուրք լրագրողների տեսանյութերի և ֆիլմերի մրցույթի ծամանակ ԳԱԼԱ հեռուստաընկերության «Ասա՝ ով է հարևանդ» ֆիլմը ճանաչվեց լավագույնը, արժանացավ հատուկ մրցանակի, որից հետո տարբեր հայաստանյան և միջազգային մեր գործընկեր կազմակերպությունները, որոնք գործում են և Հայաստանում, և Թուրքիայում, խնդրել են ֆիլմը թարգմանել թուրքերեն և անգլերեն, որպեսզի հասկանալի լինի նաև անգլախոս և թրքախոս քաղաքացիներին:

ԳԱԼԱ հեռուստաընկերության իրականացրած նախագծերի, ձևավորված փոխգործակցության շնորհիվ տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից հեռուստաընկերության աշխատակիցները հրավիրվել են մասնակցելու սեմինար քննարկումների՝ կապված հայ-թուրքական հարաբերությունների հետ:

ԳԱԼԱ հեռուստաընկերությունը հավատարիմ է այն սկզբունքին, որ անկախ քաղաքական դաշտում առկա լարվածությանը, անկախ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը պետք է երկու երկրների ժողովուրդներին միմյանց ճանաչելու, միասին աշխատելու և համագործակցելու հնարավորություն ընձեռել:

2012 թ. սեպտեմբերից իր գործունեությունը սկսեց galatv.am կայքէջը՝ նոր աշխատակազմ, նոր հնարավորություններ եւ զարգացման մեծ հեռանկարներ: Կարճ ժամանակահատվածում կայքէջը կարողացավ իր ուրույն տեղը զբաղեցնել մեդիա ոլորտում եւ թողնել իր ձեռագիրը:

Կայքէջի աշխատակազմի նպատակն է ստեղծել սեփական լրատվությունը՝ իր ձեռագրով: