Գյուղացուց կաթը դոլարո՞վ են գնում, ինչո՞ւ է թանկացել կաթնամթերքը. պարզաբանում են ընկերությունից

Milk-Products

Շուկայում արձանագրված գնաճը միայն դոլար-դրամ փոխարժեքի տատանման արդյո՞ւնք  է արդյոք: Այսօր շուկայում կան թանկացած ապրանքատեսակներ, որոնք ուղղակի պայմանավորված չեն դոլարի գնի բարձրացմամբ:  Օրինակ ինչո՞վ կարող է պայմանավորված լինել շուկայում կաթնամթերքի գնի բարձրացումը: Երեկ ԱԺ ամբիոնից այս հարցին անդրադարձավ նաեւ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, նա հարց ուղղեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Կարայանին՝ ասելով, թե եթե դրոշմապիտակավորումը չէ պատճառը, ապա պարզե՞լ եք, թե ինչու է թանկացել կաթնամթերքը:

ԳԱԼԱ-ն գրավոր հարցում է ուղարկել «Աշտարակ կաթ» ընկերություն, որտեղից մանրամասն պատասխան են ներկայացրել, որտեղ խիստ պատճառաբանված է կաթի գնի, կաթնամթերքի գնի բարձրացումը:

Ներկայացնում ենք հարց ու պատասխանը.

-Երեւանի եւ տարբեր մարզերի վաճառակետերում «Աշտարակ կաթ» արտադրանքը վաճառվում է 50-70 դրամով ավելի թանկ գներով: Ինչի՞ հետ է կապված Ձեր արտադրած կաթնամթերքի գների թանկացումը:

-Այս թանկացումը պարտադրված քայլ էր, քանի որ արդեն մի քանի տարի է, ինչ մթերվող կաթի, կարագի, փաթեթավորող նյութերի գները երկու անգամ թանկացել են: Թանկացել է նաև էլեկտրաէներգիան, գազը, վառելիքը: «Աշտարակ կաթ» ընկերությունը մշտապես զսպել է կաթնամթերքի գնաճն իր ռեսուրսների, որի սպառումից  հետո՝ վարկերի և պարտքերի հաշվին: Սակայն այդ միջոցներն անսպառ չեն, իսկ վնասները շարունակվում են կուտակվել: Կաթնամթերքի հիմնական տեսակները թանկացել են միջինը  5-10 տոկոսով: Գների բարձրացման նպատակը շարունակվող վնասների մի մասի փոխհատուցումն է: Կցանկանայինք շեշտել, որ մեր ընկերությունը, չնայած ավելի մեծ վնասի, չի բարձրացրել կաթի գինը՝ հաշվի առնելով դրա նկատմամբ երեխաների և մեծահասակների պահանջարկը: Ընկերությունը գիտակցելով,  որ կաթը համարվում է սոցիալական կարևոր նշանակություն ունեցող ապրանք և առաջին անհրաժեշտության բարիք, կաթի գինը թողել է անփոփոխ: Որոշումն ընդունելիս հաշվի է առնվել այն հանգամանքը, որ կաթնամթերքի մնացած բոլոր տեսակների արտադրության համար կաթը սկզբնաղբյուր է համարվում, և ցանկության դեպքում տնային տնտեսուհին կարող է տնային պայմաններում կաթից պատրաստել կաթնամթերքի մնացած տեսակները:

-Դրամի արժեզրկումն ազդում է արդյո՞ք Ձեր տնտեսության վրա, եւ որքանո՞վ է թանկացումը պայմանավորված հենց դոլարի գնի բարձրացմամբ: Հայտնի է, որ գյուղացուց կաթը ձեռք եք բերում դրամով, իսկ հնարավոր է՝ որոշակի խմբաքանակի կաթ ներմուծվում է նաեւ դրսից՝ փոշի կաթի տեսքով:

-Դոլար-դրամ փոխարժեքը, իհարկե, ազդում է գնագոյացման վրա, հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այս տարիների ընթացքում ընկերության կուտակած վարկերը դոլարային են, իսկ դրանց դիմաց վճարվող տոկոսները փաստորեն թանկանում են: Սակայն գնային փոփոխության պատճառները, ինչպես վերը նշվեց, ավելի խորքային են և ուղղակիորեն կախված չեն վերջին օրերին արտարժույթի փոխարժեքի բարձրացումից:

-Դրոշմապիտակավորումը ազդո՞ւմ է արդյոք, որ արտադրանքի գինը բարձրանա: Որքա՞ն եք վճարում դրոշմապիտակավորող մասնագետներին:

-Ոչ: Դրոշմապիտակների արժեքը փոխհատուցվում է պետության կողմից: Ընկերությունը, հասկանալով «Առևտրի և ծառայությունների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի կարևորությունը, առաջին իսկ օրվանից դրական է արձագանքել վերջինիս՝  հետամուտ լինելով օրենքի պահանջի կատարմանը, գիտակցելով, որ պարտադիր դրոշմապիտակավորման պարագայում ոլորտում իսպառ վերանում է ստվերայնությունը, և արտադրողները գործում են հավասար մրցակցային պայմաններում, ինչն էլ նպաստում է երկրի տնտեսության զարգացմանը:  Հավելենք, որ 2014թ. սեպտեմբերից կաթնամթերքի արտադրության ոլորտում դրոշմապիտակների կիրառումը հանգեցրել է հավելյալ ծախսերի. նոր աշխատուժի ներգրավում, նոր սարքավորումների ձեռքբերում:

Հարցազրույցը՝ Քրիստինա Մկրտչյանի
Դիտվել է՝