«Եվրասիական միությունն ու Առևտրի համաշխարհային կառույցներն իրար հետ համադրելի և համեմատելի չեն…»

Без имени-1

Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելով՝ մենք ոչ միասնական տարածք ենք ստեղծում և ոչ էլ առավել ևս միասնական տնտեսական տարածք: Այսինքն Եվրասիական միությունն ու Առևտրի համաշխարհային կառույցներն իրար հետ համադրելի և համեմատելի չեն:

Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

Ամբողջական հարցազրույցը ներկայացնում ենք ստորև:

«ԱՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որի անդամներ են հանդիսանում 150-ից ավելի երկրներ, և Հայաստանն անդամակցել է այդ միությանը 2003 թվականի փետրվարին: ԱՀԿ-ի անդամակցումը ենթադրում է միասնականացված կանոններ առևտրի ոլորտում, և ԱՀԿ-ն ունի հիմնարար փաստաթղթեր, որոնց միանալով՝ երկիրը, ըստ էության, պարտավորվում է, որ իր օրենսդրությունը կլինի որոշակի չափանիշներին համապատասխան: Ըստ էության, սկզբունք է դրվում, որ լինեն միասնական մոտեցումներ և կան նաև դրանից բացառություններ, ինչը կապված է Մաքսային միության, Ազատ առևտրի համաձայնագրի, ռեգիոնալ առևտրի խթանմամբ և այլն: Ինչ վերաբերում է Եվրասիական միությանը, ապա այդ միությունը իր լիազորություններով և ֆունկցիոնալ բնույթով լրիվ ուրիշ կառույց է: Այն միջազգային կազմակերպություն չէ, այն միայն երկրների միություն է՝ ստեղծված որոշակի պայմանների և նորմերի հիման վրա, և Եվրասիական միությունն, ըստ էության, ստեղծում է միասնական տնտեսական տարածք, մինչ այդ դեռ Մաքսային միությունը ստեղծել էր երեք երկրների միջև միասնական մաքսային տարածք:

-Եթե մենք անդամակցում ենք Եվրասիական տնտեսական միությանը, արդյոք որոշակի խնդիրներ չեն առաջանա՞:

-Միանշանակ Ձեզ ասեմ, որ ԱՀԿ-ի հիմնարար փաստաթղթերը նախատեսում են նման դեպքեր, որ եթե որևէ երկիր, լինելով ԱՀԿ անդամ, միանում է որևէ այլ միությանը՝ դա կլինի Մաքսային միություն, թե մեկ այլ միություն, որի հետևանքով կարող են անախորժություններ առաջանան, իր տարիֆները բարձրացնել, քան իր պարտավորությունների մեջ է նշված ինչ ընթացակարգ է գործում: Այլ կերպ ասած՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը ունի որոշակի նորմեր սահմանած նմանատիպ դեպքերի համար: Օրինակ, եթե դու արդեն ԱՀԿ անդամ ես, սակայն անդամակցում ես մեկ այլ միության, ստացվում է, որ դու պետք է փոփոխես, թարմացնես կամ ուրիշ տարիֆներ կիրառել և այլն: Նմանատիպ նախադեպեր կան, ճիշտ է, ոչ շատ նման Հայաստանի դեպքին, սակայն ընդհանուր առմամբ այս տիպի երևույթների նախադեպերը կան: ՀՀ-ն, լինելով ԱՀԿ անդամ, համաձայն սահմանված կարգերի՝ պետք է դիմի ԱՀԿ և համաձայն այդ ընթացակարգի՝ սկսի բանակցությունները ԱՀԿ անդամ երկրների հետ: Այդ բանակցություններին մենք պետք է ասենք, քանի որ մենք անդամակցում ենք այդ միությանը, մենք անհրաժեշտություն ունենք փոփոխելու մեր որոշակի տարիֆները, և դա ծանուցում ենք ԱՀԿ անդամ երկրներին: Դա բերելու է ԱՀԿ անդամ երկրների հետ որոշակի բանակցային փուլի՝ խոսքը հետաքրքրված երկրների մասին է, այն երկրների, որոնք մեզ հետ ունեն էական առևտրի ծավալներ, և իրենք հետաքրքրված կարող են լինել այս կամ այն ապրանքի մասով մաքսատուրքի դրույքաչափի բարձրացման հարցում:

-Եթե հստակեցնենք՝ Հայաստանը տնտեսապես ի՞նչ դրության մեջ է հայտնվելու:

-Եվրասիական միությանն անդամակցելուն զուգահեռ մենք դիմելու ենք շատ մոտ ապագայում՝ համաձայն սահմանված ընթացակարգի Ժնև՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության քարտուղարություն՝ տեղեկացնելով, որ մեր նոր մաքսատուրքերի դրույքաչափերը լինելու են այսպիսին: Դա ծանուցելուց հետո ԱՀԿ քարտուղարությունն այդ տեղեկատվությունը տարածում է ԱՀԿ անդամ երկրների շրջանակներում, և այն հետաքրքրված երկրները, որոնք կարձագանքեն և կասեն, որ Հայաստանի հետ որոշ ապրանքների հարցով ցանկանում են բանակցել, կսկսվի բանակցային գործընթաց: Մենք արդեն Առևտրի համաշխարհային կազմակերպության քարտուղարության հետ պաշտոնական հանդիպումներ ունեցել ենք, ԱՀԿ-ում մեր ներկայացուցչի միջոցով ամենօրյա աշխատանքներ տարվում են՝ ճշտելու և տեխնիկական դետալները, և ձևաչափը, և բովանդակության, և էության հետ կապված բազմաթիվ հարցեր: Մենք արդեն պատրաստվում ենք բանակցային այդ գործընթացին: Այսինքն ամեն ինչ կախված է բանակցությունների ընթացքից: Սրանք բանակցային գործընթացներ են, և ես չէի ցանկանա որևէ սուր բան տեսնել այստեղ: Իրականում շատ ծավալուն և աշխատատար գործընթաց է, իսկ մնացած ընթացքը ցույց կտա:

-Եթե մաքսակետ է դրվում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, ինչ իրադրության մեջ է հայտնվելու ընդհանուր տնտեսությունն ու Լեռնային Ղարաբաղը:

-Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելիս Հայաստանը ոչ իրավաբանորեն, ոչ որևէ այլ ձևով չի պարտավորվել և հղում էլ չկա, թե Հայաստան-Լեռնային Ղարաբաղ սահմանին ինչպիսի ռեժիմ պետք է լինի կամ մաքսակետ պետք է դրվի, թե ոչ: Ինչ վերաբերում է Եվրասիական միությանը, ապա վերջին շրջանում արձագանքներ շատ են եղել և ըստ իս՝ այս հարցում հստակեցում պետք է լինի այն մասով, թե ինչ ենք մենք հասկանում Առևտրի համաշխարհային կազմակերպություն ասելով, ինչ նորմեր ունի դա, ինչ առնչություն ունի այն սահմաններում մաքսակետ լինել-չլինելու հետ, ինչ կապ ունի Եվրասիական միության հետ և այլն: Այսինքն սրանք խառնել և այդ ամեն ինչից հիմք չունեցող հարցեր քննարկել, ըստ իս՝ ոչ միայն պետք  չէ, այլև այդ քննարկումները կարող են սխալ հունով տանել: Այդ ամենը նաև շփոթեցնող կարող է լինել նաև մեր հասարակության համար:

-Ինչպես նախագահ Սարգսյանը հայտարարեց, մենք Մաքսային միություն ենք մտնում առանց Լեռնային Ղարաբաղի, այս դեպքում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետ դրվելո՞ւ է:

-Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետ չի եղել, այսօր էլ չկա և վերջին շրջանում թե էկոնոմիկայի նախարարը, թե կառավարության այլ անդամներ նշել են, որ այդ սահմանին մաքսակետ դրվելու հարցը և ռեժիմային բնույթի փոփոխությունների այլ հարցերը չեն քննարկվել: Կարծում եմ այդ առումով հարցը բավարար չափով արձագանք ստացել է, և ես լրացուցիչ մեկնաբանելու կարիք չեմ տեսնում:

Հարցազրույցը՝ Զառա Ղազարյանի
Դիտվել է՝

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>