Հովիկ Աբրահամյանը ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը. Է. Շարմազանով. Tert.am

sharmazanov

Հարգանքով եմ մոտենում ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմանը՝ ՀՀԿ-ից դուրս գալու մասին: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ դա Աբրահամյանի անձնական որոշումն էր: Խորհրդարանի փոխխոսնակը նշեց, սակայն, որ Հովիկ Աբրահամյանի գրառման մեջ չի տեսել որևէ քաղաքական դրդապատճառ, թե ինչով է պայմանավորված ՀՀԿ-ն լքելու մասին որոշումը: Իսկ քաղաքականությունը, ըստ Շարմազանովի, պիտի հրապարակային լինի:

« Յուրաքանչյուր քաղաքական գործիչ, այդ թվում՝ Հովիկ Աբրահամյանը, իրավունք ունի որոշելու քաղաքական իր ապագան: Այդ հարցում նա ազատ է. ՀՀԿ-ն այդ հարցում որևէ խնդիր չի հարուցել: Ամեն մեկն իրավունք ունի որոշել՝ իր համատեղելիության չափը, անելիքներ ունի ՀՀԿ-ում, թե ոչ: Քաղաքական գործչի համար անհրաժեշտ է կտրուկ փոփոխությունների համար դրդապատճառ, որը պիտի լինի քաղաքական:

Ես ընթերցեցի պարոն Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը: Հարգանքով եմ վերաբերում իր անձնական որոշմանը: Բայց չտեսա որևէ քաղաքական դրդապատճառ, թե ինչով է պայմանավորված իր որոշումը: Ոչ թե չտեսա, որովհետև տեսնել չէի ցանկանում, այլ որովհետև պարզապես որևէ քաղաքական դրդապատճառ նշված չէր: Կրկնում եմ՝ քաղաքականության մեջ փոփոխություններ կատարելու թիվ մեկ հանգամանքը պիտի լինի քաղաքական ծրագիրն ու պատճառը»:
Ըստ Շարմազանովի՝ Աբրահամյանը չի եղել շարքային անդամ, եղել է կուսակցության փոխնախագահ, քաղաքական հանձնաժողովի անդամ և հրապարակային անհամաձայնություն չի հայտնել կուսակցության վարած քաղաքականության վերաբերյալ: Ըստ նրա  Փետրվարի 12-ին Սահմանադրական փոփոխություններից հետո  Ս. Սարգսյանը  քաղաքական բարեփոխումների մեկնարկի մասին է  հայտարարել, դրել է  նշաձող, որին պետք է համապատասխանի պետական ծառայողը:

«Դահլիճում ներկա բոլոր պաշտոնյաները համամիտ էին նախագահի հետ, դահլիճից դուրս էին գալիս, ասում էին, թե շատ ճիշտ է ասել… Այսինքն՝ քանի դեռ Է. Շարմազանովը պաշտոնյա է, ասում է՝ լա՞վ է, հենց վաղը պաշտոնյա էլ չէ, ասում է՝ հարգելիներս, վատ է, գնում ենք սխալ ուղղությա՞մբ: ՀՀ-ում և առհասարակ աշխարհում քաղաքական գործընթացները պետք է ունենան քաղաքական տրամաբանություն: Պարոն Աբրահամյանը ոչ առաջինն է, ոչ վերջինը, պարզապես քաղաքականության մեջ պետք է քաղաքական դրդապատճառներ լինեն: Երբ պարոն Աբրահամյանը կներկայացնի քաղաքական դրդապատճառներ, այն ժամանակ էլ մենք կներկայացնենք մեր դիրքորոշումը»,-ասել է Շարմազանովը:

Դիտվել է՝