«СССР, СНГ, ЕврАзЭС մականուններով ռուսական իմպերիայում նոր «Ղարաբաղյան շարժում» պետք է նախաձեռնել»

aaaaa

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին և այդ գործընթացին ՀՀ քաղաքացու մասնակցությանն ու կարևորությանը, քաղաքացու անելիքներին, կարծիք հայտնեց, թե միայն ազգային-ազատագրական շարժումը կարող է իրավիճակ փոխել երկրում, որը ԵՏՄ ճահճում է գտնվում.

«СССР, СНГ, ЕврАзЭС մականուններով ռուսական իմպերիայում ժողովրդի կամքով իշխանություն ձևավորելու օրենքի, իրավունքի և, իհարկե, ավանդության «միջավայր» չկա: Բայց ազգային անվտանգության, առաջընթացի և զարգացման համար օր առաջ Հայաստանի քաղաքացին պետք է կարողանա դառնալ գործոն, որոշում կայացնող ուժ և ժամանակակից աշխարհի ներկայիս զարգացումների տրամաբանության մեջ գտնի իր «շանսը» Եվրազես իմպերիայում նախաձեռնելու ազգային-ազատագրական, ժողովրդավարական շարժում, եթե կուզեք՝ նոր «Ղարաբաղյան շարժում»:

Ազատ Արշակյան

Ազատ Արշակյան

Արշակյանի կարծիքով, մենք ունենք հայրենիք, որը «Եվրասիական իմպերիայի ծայրագավառի կարգավիճակում» է, որը ենթարկվում է արտաքին խաղացողների ազդեցություններին, ճկվում այնպես, ինչպես կկամենան.

«Արտաքին ազդեցության օրինական մի խումբ կա, դա, այսպես կոչված, ղարաբաղյան հարցի կարգավորման Մինսկի խումբն է՝ ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա (Եվրոպա): Այդ խումբն ազդում է մեր երկրի քաղաքական, ռազմական, տնտեսական, ֆինանսական, մշակութային կյանքի վրա: Ես շատ կուզենայի, որ մեր Հայրենիքը լիներ այդ ազդեցիկ խմբի համար ոչ թե ազդեցության երկիր, տարածք, այլ պատասխանատվության երկիր, քաղաքակրթական դաշնակցի Հայրենիք»,- նշեց Ազատ Արշակյանը:

Եթե առաջիկայում ցուցաբերվի քաղաքական կամք նորմալ ընտրություններ կազմակերպելու, ապա այն, ինչ կստանան գործող իշխանությունները, իշխանափոխությունն է Հայաստանում. «Նաև ծանուցագիր ցարի կամ խանի, գործատուի իրավապահ մարմիններից. իմ կարծիքով նրանք դրան պատրաստ չեն այսօր: Եթե սկսվի ազգային-ազատագրական, միաժամանակ ժողովրդավարական շարժում, ռեյտինգային չէ, թեկուզ ռենտգենային բաց քվեարկություն լինի, միևնույն է, կհաղթի ժողովուրդը»:

Շարունակելով ռեյտինգային քվեարկության թեման և անդրադառնալով թաղային հեղինակությունների նկատելի ակտիվությանն ընտրական գործընթացներին դարձյալ մասնակցություն ցուցաբերելու առումով և խորհրդարանում տեղ զբաղեցնելու առումով, Արշակյանը նշեց. «Թաղային քրեականներով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, եթե նրանք, իհարկե, կոլեգաներ-գործով ընկերներ չեն: Քաղաքական կամք կոչվածը լուծում է ընտրակեղծիքի գործիքակազմի հարցը մի մեծ հրաման-ծանուցագրով»:

Գերագույն խորհրդի նախկին պատգամավորը գտնում է, որ օրհասական է նախընտրական այս կարճ ժամանակահատվածում համախմբվելը.

«Պետք է կարողանան համախմբվել անկախական-հայրենասեր ուժերը՝ հաշվի առնելով արտաքին ուժային կենտրոններից եկող ազդակները, և իշխանությունից դուրս մղեն ապազգային-ապապետական (քրաօլիգարխիկ) քաղգործիչներին: Եվ եթե մենք չանենք այս անգամ, ապա դա կանեն մեզ փոխարինելու եկած նորերը՝ հաջորդ անգամ»:

Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝